Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը
ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը. համաձայնություն տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Այս մասին հայտնել են Դատախազությունից:
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ասել էր․ «Արհեստական հնարված գործ է։ Ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն կապ չունի։ Բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, վերաբերում են 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, նրա ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն»։
Նա նշել է, որ 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն չէր պաշտոնավարում, նրա որդի Սեդրակ Քոչարյանը ներդրում է կատարել «Մաստեր կլաս» թենիսի համալիրի տարածքում գործող ընկերությունում։ Օրբելյանը պնդել է, որ գործարքում որևէ անօրինականություն չկա։
Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։

