Փաշինյանն անձնական վրեժ է լուծում չվնգստացող դատավորներից․ հերթը հասել է Զարուհի Նախշքարյանին

Մինչ հանրությունը զբաղված է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ճակատագիրը քննարկելով և նրա նկատմամբ ՔՊ-ի վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառները գտնելու փորձերով, մեզանում անհամեմատ ավելի կարևոր գործընթացներ են կատարվում, որոնք, թվում է, այդ հանրությանն այնքան էլ չեն հետաքրքրում: Մինչդեռ հենց այդ գործընթացներով ՆՓ-ի իշխանությունը երկրում արագ քայլերով բռնապետություն է փորձում հաստատել՝ ամեն ինչ անելով բոլոր համակարգերը իր հպատակության տակ առնելու և ըստ ցանկության դրանք կառավարելու համար՝ ոտնակոխ անելով և առկա օրենքները, և Սահմանադրությունը, և բոլոր հիմնարար ազատություններն ու իրավունքները: Այդպիսի գործընթացներից մեկը վաղուց է մեկնարկել դատական համակարգում, և հիմա աշխույժ միջոցներ են ձեռնարկվում ամեն գնով ազատվելու այն դատավորներից, որոնք Փաշինյանի հլու կամակատարները չեն և համարձակություն են ունենում օրենքի տառին, այլ ոչ թե այս իշխանությունների քիմքին հաճելի որոշումներ կայացնել, կատարել վերևից իջեցրած հրահանգները:

Առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանի համար թերևս վերջին փորձաքարը դարձավ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով դատավարությունը՝ ընդդեմ հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի, որն իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի դստերը մեղադրել էր 3000-դոլարանոց սև խավիար ուտելու մեջ: Նարեկ Սամսոնյանի դեմ դատական գործն առաջին ատյանում հենց Զարուհի Նախշքարյանի քննությամբ ընթացավ, և դատավորը Սամսոնյանի արարքում որևէ հանցակազմ չտեսնելով՝ արդարացրեց նրան: Պարզ է, որ դատավորը չէր մարսելու իր այդ խիզախումը, և վրեժխնդրությունը չուշացավ: Փաշինյանի փաստաբանը, չունենաով դրա լիազորությունը, դիմել էր ԲԴԽ՝ Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության վարույթ կիրառելու դիմումով, ինչն էլ Բարձրագույն խորհուրդը՝ նախկին-ներկա Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ, բավարարել էր՝ խիստ նկատողություն տալով դատավորին: Զարուհի Նախշքարյանի դատապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ-ն այդ որոշումն անօրինական է իրականացրել, քանի որ խիստ նկատողություն սահմանելու համար ԲԴԽ անդամների ձայների համապատասխան քանակ չի հավաքվել: Դատավորի լիազորությունը դադարեցնելու համար օրենսգիրքը նախատեսում է դատավորերի 2/3-ի ձայնը, հետևաբար ԲԴԽ անդամների քանակից ելնելով՝ խիստ նկատողության համար առնվազն 6 ձայն պետք է լիներ: Այնինչ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակիյանը քվեարկել էր ոչ թե խիստ նկատողություն սահմանելու, այլ ընդամենը նկատողություն հայտարարելու համար: Սա նշանակում է, որ խիստ նկատողության որոշումը կայացվել է ընդամենը 5 ձայնի առկայությամբ: Գործող իշխանությունների ոճին հարիր՝ արդեն Ջհանգիրյանի ղեկավարմամբ գործող ԲԴԽ-ն ևս չի խորշում ակնհայտորեն օրենքների և մարդու իրավունքների ոտնահարմամբ՝ պարզապես պատժել գերագույնին չենթարկվող, նրան հակառակվող անձանց: Պատժից բացի նպատակ է համակարգից հեռացնել նման դատավորներին, որպեսզի հետագայում անցանկալի գործիչների նկատմամբ բռնաճնշումներ ու հետապնդումներ իրականացնելու հարցում այլևս խոչընդոտներ չլինեն: Վերջին ձերբակալությունները փաստում են՝ թուրքական օրակարգը Հայաստանում իրականացնելու, իրենց իշխանությունը երկարաձգելու նպատակով այս իշխանությունները լծվել են ձերբակալելու, կալանավորելու և այդպիսով վախեցնելու ու լռեցնելու, անգործության մղելու բոլոր նրանց, ումից հնարավոր վտանգ են տեսնում, օրինակ, Սյունիքը այս կամ այն ձևաչափով թշնամուն հանձնելու համար:

Առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ Փաշինյանի դստեր գործով ԲԴԽ դիմելու պատճառաբանությունը, հիմքը դատական նիստի ժամանակ փաշինյանական փաստաբանի՝ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժելն է: Իսկ միջնորդություն փաստաբանը ներկայացրել էր այն բանի համար, որ Զարուհի Նախշքարյանը քննադատել էր «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։ Այս հանգամանքը ներկայացնելով՝ փաստաբանը մտահոգություն էր հայտնել, որ դատավորը կողմնակալ որոշում կկայացնի՝ հակաիշխանական քաղաքական հայացքներ ունենալով: Զարուհի Նախշքարյանը մերժել էր միջնորդությունը, և ինչն է հատկանշական՝ եթե նա իշխանահաճո որոշում կայացներ, ապա ԲԴԽ բողոքարկելու անհրաժեշտություն չէր առաջանալու: Բայց հիմա դա հարմար գործք է անաչառ դատավորին իր լիազորություններից զրկելու համար: Իսկ որ վերջնանպատակը հենց Զարուհի Նախշքարյանին համակարգից մեկընդմիշտ հեռացնելն է, կասկած անգամ չկա, քանի որ նրա դեմ արդեն երեք գործ է կարվել և հենց արդարադատության նախարարության միջնորդությամբ ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ: Գործերից մեկով, ճիշտ է, ԲԴԽ-ը միջնորդությունը մերժել է, իբրև հավասարակշռություն պահպանելով և հանրության մոտ անաչառ դատարանի տպավորություն թողնելով, սակայն դատելով վերջերս տեղի ունեցած ԲԴԽ հերթական նիստից՝ Զարուհի Նախշքարյանի դեմ ներկայացված հերթական հայցով, կարելի է եզրակացնել, որ այս դեպքում ամեն ինչ արվելու է նրան հերթական նկատողությունը հայտարարելու և արդեն երկրորդ դեպքով լիազորություններից զրկելու համար:

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, ԲԴԽ-ը քննում էր ՀԽ նախկին նախագահ և այս իշխանությունների հայտնի շեփոր Ստյոպա Սաֆարյանի գործի հետ կապված՝ Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը: Դատավորի շահերն այս գործով պաշտպանում է փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որն էլ նիստի ժամանակ հիշեցնելով, որ Փաշինյանի գործով Նախշքարյանի դեմ հայց է ներկայացվել նրա քաղաքական հայացքների վրա շեշտադրում անելով, հայտարարեց, որ ԲԴԽ դատավորների, այդ թվում նախագահ Գագիկ Ջհանգիրյանի, ինչպես նաև Խորհուրդ դիմած Ստյոպա Սաֆարյանի քաղաքական հայացքներն ակնհայտորեն իշխանամետ են, նրանք աչքի են ընկել այս իշխանությունների հետույքը պահելու պատրաստակամությամբ, ինչպես նաև անձամբ Փաշինյանի առաջարկով ու գործուն միջնորդությամբ պաշտոններ ստացել. Օրինակ Ստյոպա Սաֆարյանին հենց վարչապետն է ՀԽ նախագահ նշանակել՝ այլընտրանքի հնարավորություն չթողնելով: Այդ հիմքով փաստաբանը կասկած հայտնեց, որ Զարուհի Նախշքարյանի գործը քննելիս սույն դատավորները անաչառ կլինեն, նաև պնդեց, որ Ստյոպա Սաֆարյանը եռանդուն լծվել է Նախշքարյանի դեմ դավադրությանը՝ նաև անձնական շահեր ունենալով: Եվ եթե Զարուհի Նախշքարյանի դեպքում «վնգստացող դատավորներ» արտահայտությունը քաղաքական աստառ ստացավ և դիտարկվեց իբրև կողմնակալ որոշում կայացնելու պատճառ, ապա այս դեպքում արդարադատության նախարարության ներկայացուցիչը անհիմն համարեց Սիրանուշ Սահակյանի փաստարկներն այն մասին, որ ԲԴԽ դատավորները, լինելով ընդհուպ մինչև «Իմ քայլը» թիմի անդամ, ինչպիսին Լիպարիտ Մելիքջանյանն է, որը նախկին քաղաքական թիմի օրոք աշխատելուց հետո կարողացել է ինչ-ինչ հանգամանքներում լեզու գտնել նաև այս քաղաքական թիմի հետ, ամեն գնով կփորձեն առաջին ատյանի դատավորի համար երկրորդ և վճռորոշ կարգապահապան պատասխանատվության ենթարկելու որոշում երկնել: Նիստի ժամանակ Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ այդ կողմնակալությունն արդեն դրսևորվել է Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով ԲԴԽ-ի քաղաքական որոշումը կայացնելիս:

Ինչպես նկատեց Նախշքարյանի դատապաշտպանը՝ դատական խորհրդի անկախության ինստիտուցիոնալ խնդիրներին ավելացել է նաև քաղաքական ուժի կողմից ընտրված անդամների սուբյեկտիվության գործոնը, ինչը դատական կազմը կանխակալ է դարձնում. Ջհանգիրյանը, Բեքմեզյանը, Խաչատուրյանը, Քոչարյանը նշանակվել են «Իմ քայլը» քաղաքական ուժի կողմից՝ առաց անկախ և մրցութային ընթացակարգերի, նրանց առաջադրումը և ընտրությունը քաղաքական ուժի տրամադրության և քաղաքական նպատակահարմարության արդյունք է: Խորհրդարանական ընդդիմության դերն ամբողջովին չեզոքացված է եղել այս անդամների ընտրության գործընթացում, ուստի այս թեկնածուներն ընտրվել են քաղաքական ուժի կողմից, ոչ թե խորհրդարանի, ինչպես պահանջում է օրենքը: Ակնհայտ է, որ այդ կազմով ԲԴԽ-ը պետք է զուտ քաղաքական պատվերներ կատարի, որոնցից մեկն էլ Զարուհի Նախշքարյանին ոլորտից հեռացնելը և նրան կամակատար որևէ դատավորով համալրելն է:

Անդրադառնալով նիստի ժամանակ քննվող գործին, ապա այն վերաբերում է LIVEnews.am լրատվամիջոցի լրագրող Թագուհի Ասլանյան դատական հայցին՝  ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի, վիրավորանքի և գործարար համբավն արատավորելու հարցով: Զարուհի Նախշքարյանը բավարարել էր Թագուհի Ասլանյանի հայցը՝ համարելով, որ Սաֆարյանի՝ Թագուհու հասցեին հնչեցրած արտահայտությունները վիրավորական են, նաև պարտավորեցրել էր Սաֆարյանին հանրային ձևով ներողություն խնդրել լրագրողից և նրան վճարել 600 000 դրամ փոխհատուցում: Այս որոշման հետ կապված Սաֆարյանի հիստերիային մենք մի քանի առիթով անդրադարձել ենք՝ նշելով նաև, որ սույն արարածը անգամ համաձայնել է խաղալիք դառնալ արդարադատության նախարարության ձեռքին և օգնել նրանց՝ Զարուհի Նախշքարյանից ազատվելու հարցում: Միայն թե ԲԴԽ դիմելու հիմնավորումները, որոնք սրտացավորեն պաշտպանում էին ԲԴԽ նիստի ժամանակ արդարադատության ներկայացուցիչները, կասկածի տակ էին դնում թե Սաֆարյանի, թե արդարադատության նախարարի, թե այդ հայցը վարույթ ընդունած բարձրագույն խորհրդի խելամտությունը: Նիստի ժամանակ Զարուհի Նախշքարյանը և նրա պաշտպանը կարողացան հիմնավոր փաստեր ներկայացնել, որ ԲԴԽ ներկայացրած պատճառաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում: Եվ այդ ժամանակ նիստի կեսից ներկայացած Ստյոպա Սաֆարյանը ցեյթնոտի մեջ հայտնվելով՝ փորձում էր տեղից Զարուհի Նախշքարյանին շանտաժի ենթարկել՝ անհեթեթ ակնարկներ նետելով, արդյունքում նրան դիտողություն անելուց հետո հեռացրեցին դահլիճից: Նիստը հետաձգվեց, քանի որ Նախշքարյանը արդարադատության նախարարության ներկայացուցչին դեռ մի շարք հարցեր ուներ տալու՝ ապացուցելու համար, որ նրանք ամբողջությամբ չեն ծանոթացել գործի հանգամանքներին, նիստերի արձանագրություններին, և իրեն ներկայացված անհեթեթ մեղադրանքը շինծու է, չհիմնավորված: Ըստ արդարադատության նախարարության մեղադրանքի՝ դատավոր Զարուհի Նախշքարյանը թույլ էր տվել հայցվորի ներկայացրած վիրավորական արտահայտություններին ինքնակամ ավելացնել ևս մեկը՝ ներխուժել բառը, որն արտաբերել էր Սաֆարյանը և դրա համար ևս նրան պարտադրել հանրայնորեն ներողություն խնդրել: Մինչդեռ հայցվորն իր դիմումի մեջ իբրև չէր նշել, որ այդ արտահայտություն իր համար նույնպես վիրավորական է: Բայց դատական հայցում հայցվոր Թագուհի Ասլանյանը չէր հստակեցրել, թե որ բառերի ու արտահայտությունների համար է ինքը պատասխանատվության ենթարկելու հայց ներկայացրել, այդպիսով չկաշկանդելով դատավորին իր որոշման մեջ: Ապացուցողական բեռի բաշխման ժամանակ դատավորը, ի դեպ, մեջբերելով Սաֆարյանի հնչեցրած ամբողջական վիրավորական արտահայտությունը՝ «ես կարո՞ղ եմ նույնքան լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան», կողմերին պարտավորություն էր ներկայացրել ապացուցել՝ մի կողմի համար, որ այդ արտահայտությունը վիրավորական է, մյուս կողմի համար՝ որ այդ արտահայտությամբ նա ամենևին վիրավորելու նպատակ չի ունեցել: Եվ հենց այդ նիստին ներխուժել բառն ընդգրկող ամբողջական արտահայտությունն է դիտարկվել որպես վիրավորական, ինչի համար կողմերից որևէ մեկն առարկություն չի ունեցել: Միայն դատական որոշումից հետո Սաֆարյանը չգիտես ինչու որոշել է, ավելի ճիշտ իրեն հուշել են, որ ներխուժել բառի համար ինքը պարտավոր չէ ներողություն հայցել լրագրողից: Թեև փաստենք, որ այդ մեկ բառի ավելացմամբ Սաֆարյանի դատական որոշման մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն այն որևէ ձևով չի ազդել դատարանի որոշման վրա, հետևաբար դատավորի թույլ տվածը կարգապահապան վարույթի ենթակա արարք չէ: Թե ինչով կավարտվի այս քաղաքական պատվերը, կարելի է ենթադրություններ անել՝ դատելով, թե ինչ խանդավառությամբ է դատաիրավական համակարգը կյանքի կոչում Փաշինյանի քմահաճույքները:

Թագուհի Ասլանյան