Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները․ «Հենակետի» ամփոփումը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը պաշտպանում են իրենց եղբայրների՝ Ադրբեջանի, Հյուսիսային Կիպրոսի, Լիբիայի շահերը։ Ըստ նրա՝ Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացմանը:

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանը նոր զորամաս է բացել Կովսականի (Զանգելանի) շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին։ Նշենք, որ Արցախից գրավված տարածքներում արդեն բացվել է 19 զորամաս և 104 ծառայողական-մարտական սահմանային անցակետ։

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանում Իսրայելի դիվանագիտական առաքելությունն իր Twitter-յան էջում տեղեկացրել է, որ Իսրայելի դեսպանատունը և Ադրբեջանի անվտանգության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են Արցախից գրավված տարածքներում կառուցված նոր ուսումնական կենտրոնի բացման արարողությանը։

Նախիջևանում առանձին համազորային բանակի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Բաքվում կանցկացվի Պաշտպանական արդյունաբերության և ռազմական տեխնիկայի հերթական «ADEX-2022» միջազգային ցուցահանդեսը։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հայտարարել է, թե 2021 թ-ին իր գլխավորած նախարարության ձեռնարկություններում արտադրված արտադրանքի ավելի քան 60%-ն արտահանվել է։

Ադրբեջանից ռազմական արտադրանք է արտահանվել աշխարհի ավելի քան 30 երկիր։ Նախարարության տվյալներով՝ տեղական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում արտադրության ընդհանուր ծավալը 2020 թվականի համեմատ աճել է 10%-ով։

Իսկ պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Մեհման Բախիշովը հայտարարել է, թե Ադրբեջանը կարտադրի 66 տեսակի նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի կսկսվի դրանց սերիական արտադրությունը։

Ադրբեջանական մամուլում նշվել է, որ 2007 թ-ի համեմատ 2020 թ-ին իրենց երկրում պաշտպանական նշանակության արտադրանքի ծավալը աճել է 12,8 անգամ։ Ներկայումս արտադրվում է ավելի քան 1000 տեսակի պաշտպանական արտադրանք։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանում նոր անօդաչու սարքեր են փորձարկվել, որի սքաների օգնությամբ կարելի է արագ և բարձր ճշգրտությամբ ստանալ տվյալներ մեծ տարածքների, մարդկանց համար անհասանելի վայրերի մասին։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական բանակը ստացել է նոր թրթուրավոր տեխնիկա և աերոսահնակներ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, թե Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում մարտական ինքնաթիռների համատեղ արտադրություն ստեղծելու շուրջ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

«EL PAÍS» պարբերականին տված հարցազրույցում Իլհամ Ալիևն ասել է, թե Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չկա, Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է:

Ղարաբաղում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ակնայում (Աղդամում) արդեն սկսվել են բնակելի զանգվածի կառուցման աշխատանքները: Առաջին թաղամասը բաղկացած կլինի 6 հարկանի շենքերից, աշխատանքներ են տարվում անտառային գոտու ստեղծման, դպրոցների կառուցման ուղղությամբ:

Ադրբեջանի տնտեսության նախարարությունը հայտնել է, թե Ակնայի արդյունաբերական պարկում ավարտվել են սոցիալական գոտու ստեղծման աշխատանքները և սկսվել են անտառային գոտու ստեղծումը։ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի գլխավոր տնօրեն Զաքիր Էմինովը նշել է, թե համապետական նախագծի համաձայն, Ադրբեջանը պլանավորվում է Ակնա (Աղդամ) քաղաքում բնակեցնել 70-100 հազար, իսկ հարակից տարածքներում՝ 70 հազար մարդ։

Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալեքպերովը հայտարարել է, թե ներկայումս Ղարաբաղի վերականգնման գործընթացում ներգրավված են մասնագետներ Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Լատվիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից և այլ երկրներից։

Բաքվում ադրբեջանա-վրացա-թուրքական VI գործարար համաժողովում Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովն ասել է, թե առաջարկներ են ստանում Ղարաբաղում բիզնես հիմնելու և ներդրումային նախագծեր ստեղծելու վերաբերյալ։ 921 դիմումներից 283-ը արտասահմանյան ընկերությունների հայտեր են, որոնց թվում գերակշռում է թուրքականը, հայտեր կան նաև Վրաստանից։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, թե ռուսական ընկերությունները Ադրբեջանին առաջարկությունների 13 փաթեթ են ներկայացրել Ղարաբաղում վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Հորադիզ-Աղբենդ երկաթուղու շինարարությունը շարունակվում է արագ տեմպերով: Երկաթգծի Հորադիզից մինչև Ջրականի (Ջաբրայիլի) գյուղեր ընկած հատվածն արդեն ամբողջությամբ վերականգնվել է: Հաղորդվել է, որ երկաթուղու մինչև պետական սահման ընկած հատվածը մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից։

Ադրբեջանական մամուլում նաև նշվել է, թե սկսվել են Խուդաֆերին-Սանասար (Ղուբաթլու)-Լաչին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև 14 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցումը, որը ճյուղավորվում է նշված ճանապարհից Խանլըգ բնակավայրի տարածքում և տանում դեպի Սանասար քաղաք։

Ադրբեջանում նախապատրաստվել է «Անտառային ֆոնդի վերականգնման 2022-2026 թվականների ծրագիրը», որը նախատեսում է Արցախից գրավված տարածքներում անտառատնկման միջոցառումներ։ Ծրագիրը ենթադրում է անտառների վերականգնում շուրջ 30 հազար հա տարածքում։

Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովն էլ նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ղարաբաղում վերականգնել 200 հա անտառային տարածք։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ադրբեջանը պատրաստվում է հունվարի 15-ից կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումներ է բացում դեպի Արցախից գրավված Շուշի և Ակնա քաղաքներ։ Նշվել է, որ ավտոբուսները դեպի Շուշի են ուղևորվելու Բաքվից, Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանի Այմեդբեյլի գյուղից և Վարանդայի միջազգային օդանավակայանից։ Իսկ դեպի Ակնա ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացվելու են Բաքվից։

Ղարաբաղում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ իտալական «C Group» ընկերության աշխատակիցներն այցելել են Վարանդա (Ֆիզուլի) և ուսումնասիրել այն տարածքները, որտեղ կստեղծվելու է՝ «Ֆիզուլիի Հաղթանակի թանգարանը», «Օկուպացիայի թանգարանը», «Հիշատակի այգին» և «Դրոշի հրապարակը»՝ այդ օբյեկտները նախագծելու համար։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Դեկտեմբերի 14-ին Բաքվում ընթացող ադրբեջանա-վրացա-թուրքական գործարար համաժողովի շրջանակներում ստորագրվել է հինգ փաստաթուղթ՝ առևտրի, տնտեսության և արդյունաբերության ոլորտներում բիզնեսի և ներդրումների ոլորտում գործող երեք երկրների տարբեր կառույցների միջև։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ասիայից դեպի Եվրոպա ամենակարճ ցամաքային երթուղին:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն, և եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, ապա իրենք մաքսակետ կբացեն Լաչինի միջանցքում։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հարավային Կովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ նիստը տեղի կունենա Թուրքիայում, և Անկարան հույսը ունի, որ Վրաստանը կմասնակցի դրան։

Իլհամ Ալիևն իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելացնել գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Նրա խոսքով՝ արտադրությունն ավելացնելու համար ներդրումներ են անհրաժեշտ։

Միևնույն ժամանակ, Ալիևն անարդար է համարել, որ ԵՄ-ն նախատեսում է առաջիկայում ՀՀ-ին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար։

Իրանի գյուղատնտեսական միության ղեկավար Սեյեդ Ռեզա Նուրանին հայտարարել է, թե իրանական ընկերությունները փոխում են իրենց երթուղիները և Ադրբեջանի տարածքով ցամաքային ուղիների փոխարեն ապրանքները Ռուսաստան արտահանելու համար ընտրում Կասպից ծովով ջրային տրանսպորտը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Նուրսուլթան Նազարբաևի՝ Ադրբեջանին ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու մասին հայտարարությունը, նշել է, թե Ադրբեջան-ԵՏՄ երկխոսության զարգացումը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը։ Իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակը հնարավորություն կտա Ադրբեջանին համագործակցությունից ավելի շատ օգուտներ ստանալ։

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Սև ծովի և Եվրոպայի միջև նոր միջանցքի ակտիվացման մասին։ Դիվանագետը Twitter-ում գրել է, թե Պակիստանի, Իրանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը կակտիվանա Հյուսիս-Հարավ միջանցքի փորձնական գործարկումից հետո, որի մասնակից երկրներն են Ֆինլանդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Պարսից ծոցի երկրները և Հնդկաստանը։

Բաքվում բացվել է Խաղաղօվկիանոսյան դաշինքի գրասենյակը։ Բացման արարողությանը ներկա են եղել Կոլումբիայի, Մեքսիկայի, Չիլիի դեսպանները, ինչպես նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նշենք, որ Խաղաղօվկիանոսյան դաշինքը առևտրային բլոկ է, որը ներառում է չորս երկիր՝ Մեքսիկա, Պերու, Չիլի, Կոլումբիա: Ադրբեջանը դաշինքում դիտորդ է։ 

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Շաբաթվա ընթացքում Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում տեղի է ունեցել Հայաստանի երկու քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական նիստը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների միջև ձերբակալված հայերի և ականապատ տարածքների քարտեզների փոխանակման մասին համաձայնությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներին իրենց ակտիվ մասնակցության վառ օրինակ է։

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով եվրոպական կառույցներից և առաջին հերթին՝ Եվրոպական Խորհրդից ու Եվրոպական Հանձնաժողովից, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն, որպեսզի այդ երկիրն ազատ արձակի հայ գերիներին։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի միջնորդությամբ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից 10 գերի է վերադարձել Հայաստան, թվիթերյան գրառմամբ ողջունել է գերիների վերադարձը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ևս ողջունել են հայ ռազմագերիների ազատ արձակումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ակնայի (Աղդամի) շրջանում ականի վրա «KON» մակնիշի տրակտոր է պայթել: Ադրբեջանի ԱԻ նախարար Քյամալեդդին Հեյդարովը հայտարարել է, թե Ադրբեջանը բանակցում է ականազերծման համար ռոբոտների գնման շուրջ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը անսպասելի այց է կատարել Մատաղիս գյուղ։ Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան մտադիր է մասնակցել Արցախից գրավված տարածքների ականազերծման գործողություններին։

Այլ թեմաներ

Ադրբեջանը չի աջակցել Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 6-րդ գագաթնաժողովում ընդունված հռչակագրի Բելառուսի վերաբերյալ կետին։ Բելառուսի ԱԳՆ-ը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում աջակցության համար։

ԱՄՆ Պետքարտուղարություն Ահաբեկչության դեմ պայքարի տարեկան զեկույցում նշվել է, թե Ադրբեջանի իշխանություններն ահաբեկչության անհիմն մեղադրանքներն օգտագործում են ընդդիմության դեմ պայքարի համար։