Սիրիայի հարավային շրջաններին Իսրայելի հարվածից զինվորական է զոհվել

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել իսրայելական հրթիռային հարվածը՝ ուղղված երկրի հարավային շրջաններին, ինչի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, հայտնում է SANA պետական ​​լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։

Հաղորդվում է, որ Իսրայելը ժամը 00:50-ի սահմաններում հարվածներ է հասցրել Գոլանի բարձունքների և երկրի հարավում գտնվող մի քանի դիրքերի ուղղությամբ: SANA-ի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը։

Միաժամանակ, նշել է գործակալության զրուցակիցը, «ագրեսիան հանգեցրել է զինծառայողի մահվան և նյութական վնասի»։

Դեկտեմբերի սկզբին սիրիացի զինվորականները հայտնել էին, որ Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Լաթաքիա նավահանգստում։ Օդանավից արձակված մինչև հինգ հրթիռ հարվածել է Սիրիայի գլխավոր առևտրային նավահանգստի կոնտեյներային բակին, որը կարևոր դեր է խաղում երկիր սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման գործում: Հրթիռային հարվածի արդյունքում մի քանի կոնտեյներ հրդեհվել են։