Իրականությունը եթե ձեռնտու չէ, ոչ թե պետք է հաշտվել դրա հետ, այլ՝ փոխել

Մեր զանգվածային գիտակցության մեջ պարբերաբար փորձ է կատարվում ներդնել «պրագմատիկ» և «իրատեսական» մի մտայնություն, առ այն, որ իբր պետք է իրականության հետ հաշտվել, ինչով, ըստ էության, «գեղեցիկ» փաթեթավորվում է պարտվողականության և հանձնվելու քարոզը։

Բանն այն է, որ որքան էլ տարօրինակ թվա, մի քանի հարյուրամյակի ընդմիջումից հետո հայկական պետականության վերաստեղծումն ինքնին ոչ թե իրականության հետ հաշտվելու, այլ այդ իրականությունը փոխելու արդյունք էր, Սյունիքի գոյությունը Հայաստանի Հանրապետության կազմում ոչ թե իրականության հետ հաշտվելու, այլ այն փոխելու արդյունք էր, 1990-ականների սկզբին մեր փառավոր հաղթանակը և Արցախի ազատագրումը ոչ թե իրականության հետ հաշտվելու, այլ կրկին այդ իրականությունը փոխելու արդյունք էր։

Եթե այս օրինակները բավական չեն, ապա Օսմանյան կայսրության կապիտուլյացիայից և փլուզումից հետո Թուրքիայի ստեղծումը ոչ թե իրականության հետ հաշտվելու, այլ այն՝ Մուսթաֆա Քեմալի կողմից փոխելու հետևանք էր, և, վերջիվերջո, Ադրբեջանի վերջին հաջողությունը, ոչ թե իրականության հետ հաշտվելու, այլ այդ իրականությունը Բաքվի բռնապետի ջանքերով փոխելու հետևանք էր։

Ուստի իրականությունը պետք է նկատի առնել, բայց եթե այն ձեռնտու չէ, ոչ թե պետք է հաշտվել դրա հետ, այլ կամք և ունակություններ դրսևորել այն փոխելու։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջից