Հայկական ընկերությունները մասնակցել են Դուբայի MENOPE միջազգային ցուցահանդեսին ԵՄ աջակցությամբ

Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի MENOPE ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ: Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ բիզնես միջոցառումն է, որը կենտրոնանում է բնական արտադրանքի վրա:

Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի  միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Այս տարի Հայաստանը ներկայացրել է EU-GAIA ծրագրի շահառուների կողմից կայուն և օրգանական մեթոդներով արտադրված գյուղմթերքը, այդ թվում՝

օրգանական և բնական մեղր,

բնական մրգերի և բանջարեղենի պահածոներ,

խոտաբույսեր/բուսական թեյեր,

կայուն մեթոդներով մշակված լոբազգիներ` հումուս և թահինի,

հացահատիկի սերմերի մշակում և կանաչ արտադրություն,

օրգանական պարարտանյութեր և բրիկետներ։

Հայաստանի տաղավարում այցելուները համտեսել են ոչ միայն ԵՄ, NOP և USDA հավաստագրված «օրգանական» մթերքներ, այլ նաև «կանաչ» և «կայուն» ապրանքների լայն ընտրանի: Սա նշանակում է, որ սննդամթերքն արտադրվել է նախ և առաջ շրջակա միջավայրը պահպանելու պարտավորությամբ՝ հիմնվելով ԵՄ-ին համապատասխան գյուղատնտեսական չափանիշների և կանոնակարգերի վրա:

«ԵՄ-ն օգնում է Հայաստանի տարբեր մարզերի ֆերմերներին բարելավելու իրենց արտադրությունը թե՛ քանակական, թե՛ որակական առումով, և գտնել ապրանքների շուկաներ, ինչպես նաև խթանել արտահանումը։ Հայաստանն առանձնահատուկ ուժեղ կողմեր ունի առողջ բնական և կոնկրետ շուկաներին միտված ապրանքների արտադրության համար: Իրոք, առավելություն է, որ հայկական ընկերություններն ունեն օրգանական սերտիֆիկացում Հայաստանում ԵՄ-Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնության աջակցությամբ», – նշել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

MENOPE ցուցահանդեսին Հայաստանը մեծ հաջողություն է գրանցել ոչ միայն հեղինակավոր գործընկերների, այլ նաև գնորդների շրջանում, ովքեր բարձր են գնահատում իրենց ընտանիքի համար ընտրած սննդի առողջությունն ու որակը։

«Ավստրիան, որպես Եվրամիության օրգանական գյուղատնտեսության ոլորտի առաջնորդ, հպարտությամբ է աջակցում Հայաստանի անցումը օրգանական գյուղատնտեսությանը: Մեր գործունեության հիմնական ուղղություններից է աջակցել արտադրողներին մուտք գործել միջազգային շուկաներ, իսկ այդ առումով արաբական աճող շուկան շատ խոստումնալից է Հայաստանի օրգանական և բնական արտադրանքների համար», – նշել է EU-GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) օրգանական արտադրանքի պահանջարկն էականորեն աճում է, քանի որ սպառողները ավելի բարձր են գնահատում կայուն եղանակով արտադրված առողջ սնունդը: Բացի այդ, Դուբայի յուրօրինակ աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է միջազգային առևտրային ուղիները կապող կարևոր օղակ և մուտք դեպի Պան-արաբական և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներիի շուկաներ:

Կայուն գնումներ կատարելու ընտրությունը հսկայական ազդեցություն կունենա Հայաստանի գյուղական բնակչության վրա, ինչպես նաև մոլորակի պահպանման վրա։