Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոն ներկայացրել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ 

Ռուսաստան

  • ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «ԱՄՆ-ը բոլոր կողմերից Ռուսաստանին շրջապատել է ռազմակայաններով և ռազմական հիստերիա է հրահրում ռուսական սահմանների մոտ»։
  • Բրիտանական հետախուզության՝ «MI6»-ի ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է. «Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների դիրքորոշումը թշնամական չէ։ Մենք չենք փորձում շրջապատել Ռուսաստանը։ ՌԴ-ից և նախագահ Պուտինից եկող սպառնալիքը «սուր» է։ Մենք խնդիր ունենք Ուկրաինայի հետ. նա պահանջում է մանրակրկիտ դիտարկում և զգուշավոր ազդանշան հասցնել Մոսկվային այն գնի մասին, որը պետք է վճարի ներխուժման դեպքում»։
  • ՌԴ ԱԳՆ-ն հայտարել է. «Ամեն շաբաթ ՆԱՏՕ-ի երկրների ավելի քան 50 հետախուզական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են ֆիքսվում ռուսական սահմանների մոտ: ՌԴ-ն հերքում է ՆԱՏՕ-ի երկրների պնդումները Ուկրաինայում ռազմական ներկայության ավելացման մասին։ Ղրիմը Ռուսաստանի մի մասն է, մեր զորքերի ներկայությունն այստեղ օրինական է»։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Ռուսական զորքերն Ուկրաինա մտցնելու մասին խոսում էին դեռ տարեսկզբին, սակայն դա տեղի չունեցավ։ Եթե Ուկրաինայում ի հայտ գան հարվածային համալիրներ, որոնք կարող են րոպեների ընթացքում մոտենալ Մոսկվային, Ռուսաստանը ստիպված կլինի նույնպիսի սպառնալիքներ ստեղծել։ Ռուսաստանն նույնիսկ հիմա կարող է պատասխանել Ուկրաինայում Մոսկվային սպառնացող հարվածային համալիրների հնարավոր հայտնվելուն»։
  • ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի դեպ հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ ԶՈւ ակտիվության ֆոնին երկկողմ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի պայմաններում։ Բլինկենը ընդգծել է Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ հակամարտությունից խուսափելու Վաշինգտոնի ցանկությունը, սակայն երկխոսության ընթացքում ոչ մի էական առաջընթաց չի գրանցվել։
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ կիրականացնեն առաջիկա ամիսներին Ուկրաինայի հետ սահմանին։
  • The Washington Post պարբերականը, հղում անելով ամերիկյան հետախուզության իր աղբյուրին, հայտնում է, որ Ռուսաստանն, իբր, արդեն հաջորդ տարվա սկզբին կարող է ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում՝ ներգրավելով մինչև 175 000 զինծառայողների:
  • Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը Մատուա կղզում՝ այնտեղ տեղակայելով ՀՕՊ միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։
  • Նյու Դելիում մեկնարկել է Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովը, որի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ «Հնդկաստանը պաշտպանության ոլորտում Ռուսաստանի առանցքային գործընկերներից մեկն է, իսկ երկկողմ հարաբերությունները կրում են առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական բնույթ»։ Հնդկաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել 2021-2030 թվականների ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի մասին։ Այն ենթադրում է զորատեսակների միջև համագործակցություն, սպառազինության և տեխնիկայի մատակարարում ու մշակում: Նախագահ Պուտինն էլ Նյու Դելի կատարած այցի ժամանակ հայտարարել է հնդիկ զինվորականների հետ համատեղ զորավարժությունների ընդլայնման մասին:
  • Միջերկրական ծովի ջրային ավազանում տեղի են ունենում «Բարեկամության կամուրջ-2021» Ռուսաստանի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ։
  • Սպիտակ տունը պատժամիջոցների «միջուկային տարբերակ» է պատրաստում Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին: Հնարավոր պատժամիջոցների թվում են Վլադիմիր Պուտինի «շրջապատի» դեմ պատժամիջոցները, էներգետիկան, SWIFT միջազգային համակարգից ՌԴ-ի անջատումը և ՌԴ-ի սուվերեն պարտքի վրա «ազդեցությունը»: Տեղեկատվությունը բացահայտ կերպով մեդիադաշտ է լցվել ԱՄՆ-ՌԴ նախագահների երկկողմ հանդիպման նախաշեմին:
  • Ռուս սակրավորների սպառազինությունը հարստացել է «Ուրան-6» ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներով։

Թուրքիա

  • Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ներառյալ թուրքական TF-X կործանիչի ստեղծման հարցը:
  • Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հաստատել է ազգային հետախուզական կազմակերպության (MIT) մասնագետների մասնակցությունը Արցախում 44-օրյա պատերազմին։
  • Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ կանխվել է նախագահ Էրդողանի դեմ պատրաստվող մահափորձը։ Ոստիկանության մեքենաներից մեկի տակ, որը ներառված է եղել երկրի հարավում Էրդողանի անվտանգության ապահովման գործում, ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
  • Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի իր պաշտոնակցի՝ Աբդուլեմիր Ռեշիդ Յարալլահի հետ։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Գյուլերը և Յարալլահը մտքեր են փոխանակել ընթացիկ զարգացումների վերաբերյալ։
  • Թուրքիայի ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ թուրք ուժայինները ռազմական օպերացիա են սկսել երկրի արևելյան Աղրը, Կարս, Էրզրում նահանգներում։ Ռազմական գործողությունները իրականցվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Այդ օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի զինատեսակներ ու այլ պարագաներ։
  • Իսմայիլ Դեմիրը վստահ է, որ հարձակողական անօդաչու սարքերի մատակարարումը ոչ մի կերպ չի ազդել Մոսկվայի և Կիևի հարաբերությունների սրման վրա, քանի որ Ուկրաինան շատ երկար ժամանակ է, ինչ գնում է թուրքական անօդաչու սարքեր։
  • 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցնում թուրքական զենքի գնման հարցում։ «Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրք արտահանողների ասամբլեայի տվյալներով՝ հունվար-նոյեմբերին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 39,7%-ով՝ մինչև 2 մլրդ 739,974 մլն դոլար։ 2021 թվականի հունվար-նոյեմբերին հիմնական գնորդը եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 32,615 մլն դոլար (50,2 տոկոս աճ)»։ Ադրբեջանը երկրորդ տեղում է. հունվար-նոյեմբերին Ադրբեջանը Թուրքիայից 192,126 մլն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 24,8%-ով պակաս է` նախորդ տարվա համեմատ։ Այնուհետև հաջորդում են Քաթարը՝ 180,544 մլն դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 161,373 մլն դոլար, և Գերմանիան՝ 142,816 մլն դոլար։

Վրաստան

  • Եվրամիությունը 12,75 մլն եվրո է հատկացրել վրացական բանակին, որն իրենից ներկայացնում է ոչ մահացու բժշկական և ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև քաղաքացիական փոխադրամիջոցներ։ Նշված գումարը Վրաստանը կստանա «խաղաղության ապահովման եվրոպական հիմնադրամից»։

Իրան

  • Իսրայելական «Մաարիվ» թերթին տված հարցազրույցում Էհուդ Օլմերտը նշել է. «Իսրայելը երբեք չի հարձակվի Իրանի վրա և բոլոր նախապատրաստություններն ու գործողությունները, որոնք, ինչպես Իսրայելը պնդում է, ուղղված են Իրանի վրա հարձակելուն, նախատեսված են ԱՄՆ կառավարությանը վախեցնելու համար։ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար իսրայելական բանակի հսկայական գումարներ հատկացնելն անօգուտ է և միլիարդավոր դոլարների վատնում է»։
  • Իրանին պատկանող Սաբրինի, Կատեհինի և Իմամ Հուսեյնի ստորաբաժանումները լիակատար մարտական պատրաստության մեջ են, իսկ Իրանի բանակի ցամաքային ստորաբաժանումները Աֆղանստանի հետ սահմանին կրկնակի ավելացել են:
  • Իրանի և Աֆղանստանի սահմանին փոխհրաձգությունը դադարել է։ Կողմերը բանակցում են իրավիճակի կարգավորման շուրջ։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
  • Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը թվիթթերյան իր միկրոբլոգում գրել է. «Մենք հաստատում ենք Իրանի վրա հարձակման օպերատիվ պլանը, և զորավարժությունները շուտով կսկսվեն»։

Իրաք

  • Դեկտեմբերի 6-ին Իրաքի ՌՕՈւ-ն Բաղդադից արևմուտքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վեց գրոհայինի:
  • 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում «Իսլամական պետությունը» 895 հարձակում է իրականացրել Իրաքում։ Կատարված հարձակումների թվով առաջատարների թվում են հայտնվել հետևյալ նահանգները՝

Քիրքուկ-238

Դիյալա-231

Սալահ էդ-Դին-124

Անբար-87

Բաղդադ-80

Իրաքի ուժային կառույցների մի քանի հարյուր աշխատակիցներ զոհվել կամ վիրավորվել են։

  • ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի վրա ճնշման աստիճանը սկսում է աճել։ Այսօր ԱՄՆ Զինված ուժերի լոգիստիկ շարասյան ճանապարհին ական է պայթել։ Անհայտ անձանց հարձակումն իրականացվել է Բաբիլ նահանգում։

Իսրայել

  • Իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան մեկնել է Վաշինգտոն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների նպատակով, որոնք, ինչպես և սպասվում է, կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա։
  • Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք տեղի են ունենում Վիեննայում, քանի որ Թեհրանը զբաղվում է «միջուկային շանտաժով»:
  • ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է հաջորդ տարվա սկզբին սպասվող էսկալացիայի մասին։ ՀԱՄԱՍ-ը խոստացել է Իսրայելի դեմ իր ակտիվության աճ ցուցաբերել արդեն հաջորդ շաբաթվանից:
  • Իսրայելի պաշտպանության բանակը խոշոր զորավարժություններ է սկսում ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետ Կոխավիի ղեկավարությամբ՝ զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու և «Հզբոլլահի» կամ Սիրիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում ռազմաբազաների անվտանգությունն ապահովելու համար:
  • Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել «Հարոպ» հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ։

Սիրիա

  • Ամերիկացի զինվորականները դեկտեմբերի 1-ին հայտնվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Մալիքիա քաղաքում՝ ԱՄՆ ԶՈՒ լոգիստիկ պահակախմբի վրա հարձակման պատասխանատուներին գտնելու համար։

Ամերիկացի զինվորականներն ուժեղացնում են Սիրիայի հյուսիսում իրենց բազաների անվտանգությունը, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերի տեղակայումը տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին:

Ամերիկացի զինվորականները զորավարժություններ են իրականացրել մարտական հրաձգությամբ, Սիրիայի հյուսիսում Կոնոկո նավթագազային հանքավայրի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Սիրիայի հյուսիսում տեղի է ունեցել ռուսական ռազմական ոստիկանության և թուրք զինծառայողների հերթական համատեղ պարեկության գործողությունը։

  • Իսրայելի ՌՕՈւ մարտական ինքնաթիռներն մի շարք հարվածներ են հասցրել Լաթաքիայի ծովային նավահանգստի տարածքում գտնվող օբյեկտներին: Հաղորդվում է նաև, որ գրոհների են ենթարկվել ևս երկու նավահանգիստ։
  • Սիրիական բանակի ՀՕՊ միջոցները մի քանի իսրայելական հրթիռ են որսացել Լաթաքիայի նավահանգստի վրա գիշերային գրոհի հետ մղման ընթացքում: Իսրայելի ՌՕՈւ-ն դեկտեմբերի 6-ի գիշերը առաջին անգամ հարձակվել է նավահանգստի վրա, որտեղ, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել զենքով բեռնված իրանական նավի բեռնաթափում։

Աֆղանստան

  • «Թալիբանի» ուժերը Ջելալաբադում ԻՊ ահաբեկչական խմբավորման բջիջները չեզոքացնելու գործողություն են իրականացրել։
  • ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները տոննաներով մարդասիրական օգնություն են հասցրել Աֆղանստան: Ինքնաթիռները Քաբուլից հետվերադարձին կբերեն Ռուսաստանի, ՀԱՊԿ երկրների ավելի քան 200 քաղաքացիների, ինչպես նաև ռուսական բուհերի աֆղան ուսանողների:

Ուկրաինա

  • 2022թ ընթացքում Ուկրաինայի տարածքում 10 միջազգային զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն մինչև 21500 ուկրաինացի զինծառայողներ և շուրջ 11000 օտարերկրյա զինվորականներ:
  • ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Կիևը Դոնբասի մարտական գործողությունների գոտում տեղակայել է Ուկրաինայի ամբողջ զինուժի գրեթե կեսը՝ 125 հազար զինծառայող և հարյուրավոր միավոր մարտական տեխնիկա:
  • Ուկրաինացի զինվորականները Բելառուսի տարածքից պետական սահմանը հատելու փորձի ժամանակ մի խումբ միգրանտների կողմից սահմանահատման փորձը կանխելու համար զենք են կիրառել: Միջադեպը տեղի է ունեցել Ժիտոմիրի շրջանում։ Նշվում է, որ միգրանտների շրջանում կան զոհեր։
  • Սև ծովի ջրատարածքում նոյեմբերի 30-ին անցկացվել են ԱՄՆ-ից ստացված «Island» տեսակի մոտորանավակների փորձնական աշխատանքներ: Ուկրաինայի ռազմածովային ուժերի կազմում նավերը տրվել են «Սումի» և «Ֆաստով» անվանումները։
  • Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի ԶՈՒ БМП-2 մարտական մեքենաները կրակահերթ են տեղում Դոկուչաևսկա քաղաքի ուղղությամբ։
  • Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, ըստ որի ազգային անվտանգության և պաշտպանության ծախսերը ավելացել են համապատասխանաբար՝ 3,7 մլրդ գրիվեն (137 մլն դոլար), և 323,138 մլրդ գրիվեն (մոտ 12 մլրդ դոլար), կամ ՀՆԱ-ի 6 տոկոսը:
  • Եվրամիությունը 31 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային պաշտպանական ներուժի ամրապնդման համար։
  • Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը ՆԱՏՕ-ին կոչ է անում Ավելացնել Լեհաստանում զորքերի թվաքանակը, ինչպես նաև ընդլայնել Ուկրաինայում խորհրդականների և հրահանգիչների առաքելությունը՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու նպատակով:
  • Ուկրաինայի ՊՆախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ՌԴ հետ սահմանին կենտրոնացած են 94300 ռուս զինվորականներ, որոնք «հունվարի վերջին կարող են ներգրավվել էսկալացիայի մեջ»:
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստում է համալիր նախաձեռնություններ, որոնք վերաբերում են Ռուսաստանին և Ուկրաինային: Բայդենի խոսքով՝ իրենք Ռուսաստանին կխանգարեն «անել այն, ինչից մարդիկ վախենում են»։
  • Ուկրաինան կարող է ամենամոտ ժամանակներս ստանալ թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների լրացուցիչ խմբաքանակ, ցամաքային կայաններ և MAM-C/L կառավարվող հրթիռներ Դոնբասի զինված հակամարտության գոտում կիրառման համար։ Համապատասխան հարցումն արդեն ուղարկվել է Անկարային։
  • Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կոչ է արել Մեծ Բրիտանիային, Կանադային և ԱՄՆ-ին իրենց զորքերը տեղակայել երկրի հարավում և արևելքում:
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Մենք Ուկրաինայում սկսում ենք ժամանակակից ռազմական դրոնների արտադրության Մեր գործարանի շինարարությունը»։ Խոսքը Baykar Makinа թուրքական ընկերության հետ Bayraktar TB2 հարվածային անօդաչուների վերանորոգման և արտադրության համատեղ ձեռնարկության մասին է: Նոր կառուցվող գործարանի աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա վերջին Կիևի մոտակայքում։
  • Սպիտակ տունը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունների նախաշեմին մի շարք հայտարարություններ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Միացյալ Նահանգները չի ծրագրում ռազմական ուժի կիրառումը որպես հակազդեցություն Ռուսաստանի դեմ։

«Ուկրաինա ռուսական ներխուժման» դեպքում ԱՄՆ-ն, հավանաբար, ռազմական օգնություն կցուցաբերի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Արևելյան եզրում։

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև բանակցություններին, սակայն դեմ է Մոսկվայի «կարմիր գծերին»:

Վաշինգտոնը հետևում է «Մոսկվայի կողմից Ուկրաինայի վրա հարձակման» հստակ պլանավորմանը հարավից, արևմուտքից և հյուսիս-արևելքից։

Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ կբանակցի եվրոպացի դաշնակիցների հետ, իսկ հետո կզանգահարի Զելենսկուն։

ՀԱՊԿ

  • Տաջիկստանում գտնվող 201-րդ ռուսական ռազմաբազան հարստացել է T-72B3M արդիականացված երեսուն տանկերով։

ՆԱՏՕ

  • ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի թիվը կգերազանցի 100 հազարը, հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի իր աղբյուրին: Ներկայումս, ՆԱՏՕ-ում խորհրդակցություններ են ընթանում և պլանավորվում են չնախատեսված իրավիճակները։ Դաշինքի ներկայացուցիչները դեկտեմբերի 1-ին պետք է քննարկեն համատեղ գործողությունների տարբերակները։
  • Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռիգայում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է. «Ռուսաստանի մտադրությունները դեռ պարզ չեն, բայց նրա գործողություններն Ուկրաինայի հետ սահմանին և հռետորաբանությունը վերջին ժամանակներս ստիպում են ՆԱՏՕ-ին պատրաստվել վատագույնին»։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, որի օրոք դաշինքի հարաբերությունները Մոսկվայի հետ փաստացի ձախողվել են, մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել Ռիգայում ԱԳ նախարարների գագաթնաժողովի ժամանակ։ Ստոլտենբերգի խոսքով ՝ միայն «Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցները կարող են որոշել, թե երբ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ»: «Ռուսաստանը վետո չունի, Ռուսաստանը ձայն չունի, Ռուսաստանն իրավունք չունի իր ազդեցության ոլորտները սահմանել հարևան երկրների վերահսկողության համար», – ասել է նա։
  • Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ անհրաժեշտ է խուսափել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանում լարվածությունից։
  • Նորվեգիայի նոր կառավարությունը դեմ է հանդես եկել իր տարածքում ՆԱՏՕ-ի ակտիվությանը։ «Մենք փորձում ենք մեր գործընկերներին հասցնել, որ Նորվեգիան հյուսիսից ՆԱՏՕ-ն է»,-հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Վիտֆելդտը: Նրա խոսքով՝ Նորվեգիան կարող է ինքնուրույն իրականացնել Ռուսաստանի հետ սահմանակից շրջանների պարեկությունը և դաշինքի մյուս անդամների ռազմական ուժի ներկայությունը չի բխում երկրի կենսական շահերից։