ԵԱՏՄ հայտարարությունը Փաշինյանին կարող էր տողատակում ունենալ անվտանգության հավաքական երաշխիքը
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․
Նիկոլ Փաշինյանը ըստ էության իրավացի է. անտրամաբանական է անել հանրաքվե, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցության համար:
Միաժամանակ սակայն, անտրամաբանական է խոսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության կուրսի մասին, երբ այդ ամենը ենթադրում է ընդամենը մեկ նախադասությամբ մի օրենք խորհրդարանում, որը կառավարող մեծամասնությունն ընդունել է զուտ այն պատճառով, որ այն մերժելը հավասարազոր կլիներ «եվրաանդամակցության» քարոզչական փուչիկի պայթեցումով, վաղաժամ պայթեցումով: Իսկ վաղաժամ պայթեցումը կնշանակեր այսպես ասած արեւմտամետ տրամադրված ընտրազաննգվածի կորուստ:
Ընդ որում, մեղմ ասած մոլորություն է մտածել, թե այդ ընտրազանգվածը գնալու էր եւ ձայն էր տալու որեւէ այլ «արեւմտամոլ» կուսակցության:
Պետք է հասկանալ, որ այդ ընտրազանգվածն էլ իր զգալի մասով այդուհանդերձ ռացիոնալ է ավելի, քան հակառակը: Հետեւաբար, երբ նրանք արեւմտամետությամբ ձայն են տալիս Փաշինյանին, ձայն են տալիս, որովհետեւ նա իշխանություն է: Այսինքն, վատ, լավ, ամոթալի, ձախողված, թե ինչ, բայց՝ իշխանություն է, ունի իշխանության եկած լինելու եւ իշխանությունը բարդ փուլում պահած լինելու քեյս: Նրանք հենց այդ «քեյսի» բերումով են ձայն տալիս Փաշինյանի, այլ ոչ թե պարզապես, զուտ «արեւմտամետության»:
Այո, այդ ընտրազանգվածի կողմնորոշումը արեւմտյան է, բայց նրանք կուրորեն չեն գնում եւ ձայն տալիս «արեւմտամետ» ամեն ինչի: Նրանք այդ ռակուրսով, բայց ձայն տալիս են «քեյսին», եւ ոչ թե «ինտերֆեյսին»:
Իսկ հանրաքվեի պահով, անկասկած, Փաշինյանն իրավացի է. ինչպե՞ս հանրաքվե անել չեղած թեմայի վերաբերյալ: Իսկ, թե ինչո՞ւ է Ռուսաստանը սրում թեման, ես դիտարկել եմ պարբերաբար, ներկայացնելով իմ տեսակետը:
Ի դեպ, Պուտինը չգիտես ինչու նույն «դեմարշի» ոգով բաց չի թողել Փաշինյանի ծննդյան տարեդարձն ու չի մոռացել շնորհավորել նրան: Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որը այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով:
Կրկնեմ, մի քանի օր առաջ Օրվա թեմայում արածս անդրադարձը՝ ԵԱՏՄ քառյակի հայտարարություն-նամակը Փաշինյանին թերեւս կարող էր տողատակում ունենալ նաեւ անվտանգության հավաքական երաշխիքը՝ ընտրությանը պարտվելու եւ այդ պարտությունը ճանաչելու պարագայում:

