Ովքե՞ր են դեմ ազատագրական շարժմանը, և ո՞րն է դրա վերջնանպատակը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Ազգային ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նոյեմբերի 20-ին մեկնարկած ազատագրական շարժման մասին, թե ովքեր են կանգնած նախաձեռնության ակունքներում և ինչ հույսերով շարժման անդամները դուրս եկան փողոց, ինչ պահանջով։ Նաիրի Հոխիկյանի ներկայացմամբ՝ ի սկզբանե շարժումը նախագահի և վարչապետի հրաժարականի պահանջով է ձևավորվել, սակայն մինչև այդ նպատակների իրագործումը պահանջ է դրել կասեցնելու սահմանազատման, սահմանագծման գործընթացը, թույլ չտալու Ադրբեջանին միջանցքի տրամադրումը և սահմանագծին հայ զինվորներին ըստ պատշաճի զինելը։

Ինչո՞ւ են փորձում վարկաբեկել շարժումը և ովքե՞ր են զբաղվում դրանով։ Նաիրի Հոխիկյանն ասաց, որ նոյեմբերի 22-ին Երևանի հիմնական ճանապարհների արգելափակումն անակնկալի բերեց ոչ միայն փաշինյանական ռեժիմին, այլև բազմաթիվ քաղաքական ուժերի, Հայաստանի վրա խաղադրույք կատարած գերտերությունների ու տարածաշրջանային երկրների։ Նույն օրը երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ըստ մոտավոր հաշվարկների, եկել էր 3500-4000 մարդ, ինչը բավական մեծ թիվ է նոր մեկնարկող շարժման համար։ Դա, իհարկե, խառնում էր ներքին ու արտաքին քաղաքական ուժերի հաշվարկները։ Առաջին 3-4 օրերին Ազատագրական շարժումը թափ էր հավաքում, ինչը չէր կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական, աշխարհաքաղաքական հայրերին։ «Նրանք մտածում էին, որ մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, ուստի մեր դեմ գործի դրեցին իրենց ունեցած ամբողջ զինանոցը՝ ուժային կառույցներից մինչև հակաքարոզչություն և ֆեյքերի ֆաբրիկաներ։ Շարժումից վտանգ տեսան նաև նրանք, ովքեր դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում, բայց իրականում սպասարկում են փաշինյանական ռեժիմի շահերը»,- հավելեց Հոխիկյանը։

Ինչքանո՞վ շարժումը նպաստեց, որ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ հակահայկական փաստաթուղթ չստորագրի։ Հաղորդման հյուրի հավաստմամբ՝ իրենց չհաջողվեց կանխել հակահայկական փաստաթղթի ստորագրումը, բայց հաջողվեց հասնել նրան, որ պայմանագրի փոխարեն ստորագրվի սովորական հայտարարություն, որը իրավական որևէ ուժ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում