Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 2

Սկիզբը` այստեղ 

Ինչու, դավաճանական ինչ հերթական քայլեր կատարելու համար էր Նիկոլ հողատուն գնացել Սոչի, մասնակցել նոյեմբերի 26-ի եռակողմ բանակցություններին, ինչեր խոստանալու, պայմանավորվելու, պարտավորվելու, ավելի վաղ պայմանավորվածներն ու պարտավորվածները վերահաստատելու, ամրապնդելու, իրագործման մեխանիզմների առնչությամբ իր համաձայնությունը տալու համար էր գնացել:

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար նոյեմբերի 23-ին կազմակերպված ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Նիկոլը չի թաքցրել իր մտադրությունները, համենայն դեպս, դրանց մի մասը, ասել է, որ Ադրբեջանը պետք է ստանա ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհ, իսկ Ադրբեջան- Նախիջևան կապի համար Հայաստանը պիտի շահագրգիռ լինի, աբսուրդ կլինի դրանից հրաժարվել:

Այն տպավորությունն է, որ Ալիևն է խոսել Նիկոլի շուրթերով, որ վերոնշյալի մասին բացեիաբաց հայտարարողը ոչ թե Հայաստանի, այլ թշնամի պետության ղեկավարն է:

Ի գիտություն Լ.Տ.Պ.-ի և Գռզոյի, Թուրքիայի, Ադրբեջանի և մեր մյուս թշնամիների «մանկության երազանքների» իրագործմանը լծված Նիկոլին. Աբսուրդը, հայերեն` անհեթեթությունը, այն  է, որ ինքը Հայաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել ու, չնայած Արցախի և Հայաստանի հանդեպ իր բոլոր չարագործություններին, դեռ շարունակում է զբաղեցնել:

Հիշյալ ասուլիսի ընթացքում Նիկոլն անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային, ասել է, թե աբսուրդ է, որ Հայաստանում դեմ են բաց ճանապարհներին, ու դարձյալ չիմացող կամ չհասկացող ձևանալով, հավելել` ինչու են որոշ ուժեր դեմ արտահայտվում դրան… Իբր թե չի հասկանում, թե ինչու են դեմ… Նիկոլն ասել է, որ չի հասկանում, թե ինչու Հայաստանը պիտի հրաժարվի դրանից` իր տարածքով նոր միջազգային ճանապարհ ունենալուց (ինչը պետք է իրականություն դառնա Ադրբեջանին Սյունիքով Նախիջևանի և Թուրքիայի հետ ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհ տալով), և կեղծելով հավելել, որ դրանում Հայաստանը ունի շահագրգռություն։

Ո՛չ, Հայաստանը դրանում շահագրգռություն չունի, դրանում շահագրգռություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը և մեր մյուս արտաքին թշնամիները, դրանում շահագրգռություն ունեն նաև Նիկոլն ու նրա քաղաքական թիմը, Գռզոն ու Նիկոլի օլիգարխները, մեր բոլոր ներքին թշնամիները:

Այս ծրագրի ազգադավ էությունը հասկանալու համար բավական է նույնիսկ ունենալ պատասխանն այն հարցերի, թե ո՞ր պետությունների հետ ճանապարհների ապաշրջափակման մասին է խոսքը, և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու, այսինքն` որոշակի զոհողությունների դիմաց Հայաստանն ի՞նչ է ձեռք բերում:

Եթե այս հարցերից վերջինին պատասխանենք շատ հակիրճ, ապա Հայաստանի ձեռքբերելիքը լինելու է գրեթե զրո` այն ամենի համեմատ, ինչը Սյունիքով միմյանց հետ ուղիղ կապ ունենալու պարագայում ստանալու են Հայաստանին և Արցախին թշնամի Ադրբեջանը, Նախիջևանը և Թուրքիան: Արդեն իսկ հիմնավորվել է, որ Ադրբեջանով դեպի Ռուսաստան ավտոմոբիլային և եկաթուղային ճանապարհներից օգտվելը Հայաստանին տնտեսապես և լոգիստիկայի նպատակահարմարության առումներով ձեռնտու չէ, իսկ անվտանգության տեսանկյունից մերժելի է:

Սյունիքով Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի և Նախիջևանին և Թուրքիային Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն տալով, Հայաստանը վերջնականապես փչացնելու է իր հարաբերությունները հարևան ու բարեկամ Իրանի հետ, եթե, իհարկե, Նիկոլի «խաղերի» արդյունքում արդեն իսկ չի փչացրել:

Ինչ վերաբերվում է նրան, թե Նիկոլը որ պետությունների հետ ճանապարհների ապաշրջափակմանն է համաձայնել և հիմա արդեն գնում է այդ համաձայնության կատարումը նախապատրաստելու քայլին, ապա այս դեպքում ևս պատասխանը պարզ է` Հայաստանին և Արցախին թշնամի Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի: Որքան էլ Նիկոլը փորձի համոզել կամ, ավելի ճիշտ, մոլորեցնել հանրությանը, թե սա  Թուրքիա- Ադրբեջանի կապ չէ, այլ մեծ ու նոր միջազգային ճանապարհ, ակնհայտ և անժխտելի է, որ այն, առաջին հերթին կապ է Ադրբեջանի- Նախիջևանի-Թուրքիայի միջև կամ Թուրքիայի և Ադրբեջանի:

Ա՛յն Ադրբեջանի, որը չնայած Սոչիում նոյեմբերի 26-ին իր նախագահ Ալիևի կեղծ խաղաղասիրական, «կառուցողական» ելույթներին, դրանից ընդամենը մի քանի օր առաջ Եվրատեսիլի մրցույթի ընթացքում ցուցադրել է քարտեզ, որտեղ ողջ Արցախից բացի, նաև Սյունիքն ամբողջությամբ Ադրբեջանի մասն են ներկայացված: Ա՛յն Ադրբեջանի, որի իշխանությունները շարունակում են աշխատել ահաբեկիչների հետ, նրանց նախապատրաստում…

Սյունիքով Ադրբեջանին, Նախիջևանին, Թուրքիային վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունը տալու առումով Սոչիում գնալով գործնական քայլերի և որոշումների կայացման, Նիկոլը դանդաղ գործողության ական է դրել Հայաստանի ու, բնականաբար, նաև Արցախի տակ: Պատկերացրեք, որ առաջիկայում ադրբեջանական բեռնատարը մտնելու է մեր երկրի տարածք, անցնելու է Հայաստանի մաքսակետը, ապա Հայաստանի տարածքով 40-50 կմ անցնելու է, որպեսզի մյուս մաքսակետից դուրս գա ու մտնի Նախիջևան, կամ Նախիջևանից, ասենք, թուրքական բեռնատարն է Հայաստան մտնում, որպեսզի գնա Ադրբեջան:

«Անհնար է, որ ադրբեջանական մեքենան անցնի Հայաստանի տարածքով ու Հայաստանն ապահովի դրա անվտանգությունը»,- «Փաստինֆո»-ի եթերում օրերս ասել է 1994-1995 թթ. ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը։

Պատկերացնում եք, թե ի՞նչ կլինի այն բանից հետո, երբ իր որդու կամ եղբոր զոհվելու համար որևէ վրիժառու հայ կրակի Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական կամ թուրքական բեռնատարի վրա… Կամ նույնիսկ պարսատիկով փշրի թշնամու մեքենայի ապակիները…

Դրանից հետո ադրբեջանցիներն ուղղակի կայրեն Ադրբեջանով անցնող հայկական մեքենաները, բեռները, վարորդներին, ուղևորներին ամենադաժան, սադիստական կերպով հաշվեհարդարի կենթարկեն (նրանք դրա հարուստ փորձն ունեն), եթե Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական կամ թուրքական մեքենային հարվածի հետևանքով դրանում գտնվողներից որևէ մեկը չզոհվի: Իսկ մեկի կամ մի քանիսի զոհվելու դեպքում կատարվածը նույնիսկ առիթ, պատրվակ կարող են դարձնել ռազմական ճանապարհով, բլիցկրիգով այդ ճանապարհն իրենց վերահսկողության, տիրապետության ներքո գտնվող Զանգեզուրի միջանցքի վերածելու համար:

Խոսքը կես կամ մեկ կիլոմետրի մասին չէ, այլ 40-50, և այդպիսի երկար տարածքի վրա, հաշվի առնելով նաև լեռնային տեղանքը, Հայաստանը և, ընդհանրապես, որևէ պետություն դժվար թե կարողանա ապահովել անվտանգությունը: Դա թերևս հնարավոր կլինի միայն ճանապարհի ողջ երկարությամբ ու դրա երկու կողմից, ճանապարհից դիպուկահար զենքի խոցելիության հեռավորությամբ բարձր լարման տակ գտնվող փշալարեր դնելով, կամ, ինչպես հայ-թուրքական պետական սահմանի դեպքում է, յուրաքանչյուր, ասենք, 500 կամ 1000 մետրը մեկ դիտաշտարակներ դնելով ու դրանց վրա սահմանապահներ կանգնեցնելով:

Բացի ֆինանսական հսկայական ծախսեր պահանջելուց, վերը նշված տարբերակով ճանապարհի անվտանգության ապահովումը նշանակում է, որ մի քանի կիլոմետր լայնությամբ 40-50 կիլոմետր երկարությամբ Հայաստանի տարածքը փաստորեն խլվելու է նրա բնակչից, Հայաստանի քաղաքացուց, նրա համար դառնալու է անմատչելի և անօգտագործելի` անկախ նրանից, թե այդ անվտանգությունը որ պետության զինվորն է ապահովում:

Բավական է ադրբեջանական ու թուրքական մեքենաներին հարվածելու ընդամենը մեկ դեպք, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան պահանջեն ճանապարհի անվտանգության ապահովումն իրենց կամ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական մոնիտորինգի կենտրոնի կողմից վերոնշյալ` ճանապարհի երկու կողմից մի քանի կիլոմետրով մեկուսացված տարածքում: Եթե նույնիսկ միայն ռուսական խաղաղապահները զբաղվեն նշված գործառույթով, ինչը քիչ հավանական է, ապա դա նշանակում է Սյունիքով վերոնշյալ դե յուրե ճանապարհը փաստացի վերածել հայերիցս ու թզաչափ Հայաստանից խլված հսկայական տարածքով միջանցքի:

Նիկոլապաշտները, Նիկոլի զոմբիները կամ նրան դեռ հավատացող, վստահողները կարող են ասել` բա թող հայերն այնքան խելք ունենան, որ Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական, թուրքական մեքենաներին, գնացքներին չհարվածեն: Ասենք թե չհարվածեցին, այդ դեպքում Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի հատուկ ծառայություններին դժվա՞ր է իրենց աշխատակիցների կամ «յան»-ով վերջացող ազգանուն ունեցող այստեղի դավաճանների, ներքին թշնամիների միջոցով կազմակերպել որևէ սադրանք կամ թեկուզ մի քանի սադրանքների շարք, հարվածել Ադրբեջանի, Թուրքիայի տրանսպորտային միջոցներով երթևեկողներին, որպեսզի հայաստանակործան «Զանգեզուրի միջանցքը» դառնա իրականություն…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան