Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է

Չօգտվելով Ադրբեջանի ընձեռած հնարավորությունից` Սոչիում այսօր կայացած եռակողմ բանակցություններում հրաժարվելու համար մեր թշնամուն Նախիջևանի և Թուրքիայի հետ տրանսպորտային հաղորդակցության համար Սյունիքով ճանապարհ տալուց, հակառակը` հերթական անգամ համաձայնություն տալով Ադրբեջանի հետ և տարածաշրջանում Ադրբեջանի համար տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը, Նիկոլ հողատուն վերահաստատեց, որ գործում է Հայաստանի ազգային անվտանգության ու հայկական շահերի դեմ:

Կրեմլի մամուլի ծառայությունը դեռ նոյեմբերի 23-ին իր հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Սոչիում նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը «Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք էին բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին, ինչպես նաև կուրվագծվեն Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին» (ընդգծումը` մերը):

Այս հաղորդագրությունից բխում է, որ այսօր անդրադառնալով երեք երկրների ղեկավարների հիշյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքին ու քննարկելով այն, այդ քննարկման շրջանակում պետք է առանձնահատուկ ուշադրություն հատկացվեր առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին: Այսինքն` այդ հարցերն առանձնապես կարևորելով, ի վերջո, հասնել գործնականում դրանց լուծմանը` վերականգնել ու նույնիսկ զարգացնել տարածաշրջանում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը, ներառյալ` Սյունիքով Ադրբեջանին և Նախիջևանին, ինչպես նաև Հայաստանին թշնամի պետություններից Ադրբեջանին և Թուրքիային Սյունիքի և Նախիջևանի տարածքներով միմյանց հետ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն տալը:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն` «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Ի գիտություն անտեղյակ ընթերցողների, նշենք, որ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը» ձևակերպումը չէր կարող վերաբերվել ու բնավ չի վերաբերվում վրաց-աբխազական երկաթուղագծի բացմանը ու դրանով Վրաստանի և Աբխազիայի տարածքներով Հայաստան- Ռուսաստան- Հայաստան ուղղություններով ուղևորների ու բեռների փոխադրմանը:

Ինչ վերաբերվում է վերոնշյալ պայմանավորվածությունների կատարմանը, ապա հազար անգամ գրվեց, հիմնավորվեց, բացատրվեց, որ այն ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական, ռազմական, քաղաքական շահերից է բխում, ավելին` սպառնում է մեր ազգային անվտանգությանը:

Մենք ոչինչ կամ գրեթե ոչինչ չենք շահելու Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության հնարավորություններ ստանալով, մինչդեռ Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Նախիջևանի տարածքով Ադրբեջանը և Թուրքիան տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ ստանալով, կարճ ժամանակաընթացքում տնտեսական և ռազմական առումներով առավել են հզորանալու (կասկածից դուրս է, որ Թուրքիայից Ադրբեջան փոխադրվելու են նաև ռազմական նշանակության բեռներ) և իրենց համար մի հարմար պահի, որի վրա հասնելը միջազգային իրադրության և աշխարհաքաղաքական զարգացումների առումով բացառել հնարավոր չէ, փորձելու են վերջնականապես լուծել իրենց պանթուրքական և պանիսլամական ծրագրերի իրագործման ճանապարհին խոչընդոտ հանդիսացող հայկական զույգ պետությունների և հայերի հարցը:

Թերևս բոլորին է հայտնի, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստիպված լինելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ և Հայաստանի համար կապիտուլյացիոն հայտարարության տակ ստորագրել, Նիկոլն Ադրբեջանին վճարեց այն գինը, որն անհրաժեշտ էր պարտվողական պատերազմը կանգնեցնելու և հայկական կողմից պետական դավաճանության արդյունքում Արցախի տարածքի մոտ 75 տոկոսի գրավումից հետո մնացած շուրջ 25 տոկոսը չկորցնելու համար: Եվ քանի որ այդ հայտարարությամբ ամրագրված է Հայաստանի պարտավորությունը` ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով, ոմանց կարող է թվալ, թե Հայաստանն իր այդ պարտավորության ճարահատյալ կատարումից բացի, այլ տարբերակ չունի:

Իրականում, սակայն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք Հայաստանին իրավական ու քաղաքական լիարժեք հիմքեր են տալիս նշված հայտարարության 9-րդ կետով ամրագրված և իր անվտանգությանն ու շահերին սպառնացող պարտավորության կատարումից հրաժարվելու համար: Մասնավորապես`

1․Ադրբեջանը չի կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020թ. նոյեմբերի 10-ից Մոսկվայի ժամանակով 00:00-ից կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության հենց 1-ին կետով իր ստանձնած պարտավորությունը:

2․ Ադրբեջանը չի կատարել նաև նույն կետով իր ստանձնած մյուս պարտավորությունը, ըստ որի, պետք է կանգ առներ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին իր զբաղեցրած դիրքերի վրա։

3․Ադրբեջանը լիարժեքորեն չի կատարել նաև հիշյալ հայտարարության 6-րդ կետով իր ստանձնած պարտավորությունը, որով երաշխավորել է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով

4․Ադրբեջանը լիարժեք չի կատարել նաև համատեղ հայտարարության 8-րդ կետի պահանջը` «Կատարվում է ռազմագերիների, գերիների, այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Այսօրվա եռակողմ հանդիպման ընթացքում, կարծում ենք, զուտ հայ հանրության վրա տպավորություն թողնելու համար, Նիկոլը չի համաձայնել Ադրբեջանի նախագահի այն գնահատականին հետ, որ եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացառությամբ հաղորդակցությունների ապաշրջափակման, կատարվել են։ Սակայն Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածությունների չկատարման առնչությամբ միայն մի կիսափաստարկ է ներկայացրել:

«Դուք գիտեք, և մենք բազմիցս թե՛ անձամբ, թե՛ հեռախոսով քննարկել ենք, որ կա պատանդների, ռազմագերիների, անազատության մեջ գտնվող անձանց խնդիր,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:- Սա շատ կարևոր մարդասիրական խնդիր է»:

Ավելին. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մտել են Հայաստանի Հանրապետության տարածք, խախտել մեր պետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Նույնիսկ Նիկոլն օրերս կազմակերպված ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց. «Այն, ինչ անում է Ադրբեջանը, դա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության վրա»: Այսօրվա եռակողմ հանդիպման ժամանակ էլ ասել է. «… այս տարվա մայիսի 12-ից ունենք ակտիվ ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք»։

Նկատի ունենալով վերը շարադրվածը, Նիկոլն այսօրվա եռակողմ հանդիպման ընթացքում պետք է լիարժեք կերպով ներկայացներ հայկական կողմի բոլոր փաստարկները ու դրանց հիման վրա հրապարակայնորեն հրաժարվեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարումից, ինչը, սակայն, ի շահ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի, չի արել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան