Ապա Նիկոլ հողատուի խորամանկությանն ու նենգությանը նայեք

Պատասխանելով հարցին, թե արդյոք դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանի արդեն 4-րդ առաջարկությունը բովանդակությամբ տարբերվո՞ւմ է 2021թ. մայիսի 12-ից հետո արված նախկին երեք առաջարկներից, և ի՞նչ փուլում է այժմ այդ գործընթացը, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ֆեսբուքյան առցանց ասուլիսի շրջանակում, «Արմենպրես»ի փոխանցմամբ , Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկը շատ չի տարբերվում նախկինում ռուսական կողմի արած առաջարկներից:

Հարց տվողը, ապա Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողը գոնե պետք է իմանային, որ նախ սահմանագծումը (դելմիտացիան) է արվում, հետո նոր միայն սահմանազատումը (դեմարկացիան): Պատկերացնո՞ւմ եք` մարդն իմացության այս պաշարն ունենալով, վաղը գնալու է Մոսկվա, Պուտինի և Ալիևի կողքը նստի ու բանակցի… Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ:

«Երբ մենք ասում ենք, որ այդ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին,- նույն հրապարակման համաձայն, ասել է Նիկոլը:- Մենք ուզում ենք դրանով ոչ թե ձևականորեն, այլ իրականում ի ցույց դնել, որ ցանկանում ենք գնալ լուծումների»:

Նիկոլը նշել է, որ «հայկական կողմը նախկինում հանդես էր եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ինչից հետո ՌԴ-ն առաջարկներ էր արել, որը լիարժեք չէր համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը»:

Տեսնո՞ւմ եք, թե Նիկոլը ներհայաստանյան լարված իրավիճակում, որում «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվածը (նախկին «Սասնա ծռերը») և այլ ուժեր, նաև Արևմուտքի ազդեցության գործակալ հանդիսացող բազմաթիվ ԶԼՄ-ներ օրեցօր հակառուսական տրամադրություններ են սերմանում ու հասարակությանը թունավորում դրանցով, ինչպես է նրբորեն աջակցում այդ գործով զբաղվողներին, հանրության թեկուզ մի մասին տրամադրում Ռուսաստանի, Պուտինի, թերևս նաև ռուսների դեմ: Բայց քանի որ միաժամանակ շատ խորամանկ է ու գիտե, որ վաղը կանգնելու է Պուտինի դիմաց ու ստիպված է լինելու նայել նրա աչքերին, վերոնշյալ խոսքից անմիջապես հետո ասել է.

«Ռուսաստանի Դաշնությունը փորձ էր արել և փորձ է անում, էսպես, Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել, և ես ուզում եմ բարձր գնահատել այս առումով Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության ջանքերը…»:

Դե, եթե Նիկոլ հողատուն այդքանն ասել է, թող հայտներ նաև 2021թ. մայիսի 12-ից հետո սահմանագծման ու սահմանազատման նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանի երեք առաջարկների բովանդակությունը և 4-րդ առաջարկության թեկուզ ոչ մեծ, բայց տարբերությունը դրանցից: Հաստատապես դրանով որևէ գաղտնիք բացահայտած չէր լինի արտաքին թշնամու` Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար: Թող հայտներ նաև, թե նախորդ երեք առաջարկությունները որ կողմը և ինչու, ինչ հիմնավորումներով, փաստարկներով կամ պատճառաբանություններով է մերժել:

Թող պարզաբաներ նաև, թե նախկինում ՌԴ առաջարկներն ինչ առումներով լիարժեքորեն չեն համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը, դրանք զորքերի հայելային հետքաշման հայկական կողմի առաջարկությանն են դեմ եղել (Նիկոլի խոսքից ակնհայտորեն այդ տպավորությունը կարելի է ստանալ): Եթե դա նույնիսկ այդպես է, ապա Ռուսաստանին ու նրա նախագահին միայն շնորհակալություն պետք է հայտնել, որովհետև զորքերի հայելային հետքաշումը Հայաստանի շահերից կարող էր բխել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր ուղղություններով մտած չլինեին մեր երկրի տարածք:

Պատճառաբանությունը, որով Նիկոլը խուսափել է բացահայտել վերոնշյալ առաջարկների բովանդակությունը, ուղղակի անհեթեթ է և որևէ քննադատության չի դիմանում: Դրան դեռ կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկով:

 

Արթուր Հովհաննիսյան