Չինաստանը պատրաստվում է Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի ամբողջական «դուրս գալուն»

Վերջերս Չինաստանը ռուսների հետ ռազմաօդային պարեկություն է իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան ողջ տարածաշրջանով (ԱԽՏ) և նույնիսկ «ստուգել» Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության ուժերի պատասխանատվության գոտին, միևնույն ժամանակ՝ նրանք «ստուգում» էին նաև Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան զորքերի զգոնությունը, իսկ դա, ըստ 2020-ի, առնվազն 28,5 հազար ամերիկացի զինվորական, մոտ 90 մարտական ​​ինքնաթիռ, 40 հարվածային ուղղաթիռ, մոտ 60 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և ներառում է ծովային հետևակային ստորաբաժանումներ։ Նաև գրել էինք, որ չինացիների և ռուսների այդ գործողությունը՝ Պեկինի և Մոսկվայի յուրօրինակ պատասխանն է մեկ այլ ագրեսիվ բլոկի՝ AUKUS-ի (Ավստրալիա, Անգլիա և ԱՄՆ) ստեղծմանը։ Բայց, ըստ ամենայնի, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում իրավիճակը միանշանակ չէ և հարուստ է անակնկալներով։ Այսինքն՝ մենք չենք բացառում, որ շուտով աշխարհը լսի ամերիկա-չինական հարաբերություններում շատ տարօրինակ իրադարձությունների մասին…

Օրինակ, հայտնի դարձավ, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարողացել են պարզել, որ Չինաստանը խիստ գաղտնիության պայմաններում ռազմական օբյեկտ է կառուցում Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), հայտնում է «The Wall Street Journal» ամերիկյան ազդեցիկ թերթը։ «The Wall Street Journal»-ը նոյեմբերի 19-ին գրել էր՝ նշելով, որ Աբու Դաբիից 80 կմ հյուսիս գտնվող Խալիֆա նավահանգստի տարածքում շինարարություն է իրականացվում։ Առաջին անգամ ԱՄԷ-ի մայրաքաղաքի մոտ կասկածելի գործողությունների մասին տեղեկություն է հայտնվել մոտ մեկ տարի առաջ։ Այնուհետև տվյալները համարվեցին ոչ համոզիչ, սակայն արբանյակային նկարները, որոնք արվել էին 2021 թվականի գարնանը, համոզեցին ամերիկյան իշխանություններին, որ Չինաստանը նավահանգստում ինչ-որ ռազմական կայան է կառուցում։ Այս բացահայտումը շատ նյարդային արձագանք է առաջացրել Վաշինգտոնում, քանի որ ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի հետ ավանդաբար համարվում են Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցներից։ «Բայդենի մտահոգված վարչակազմը զգուշացրել է Էմիրաթների կառավարությանը, որ Չինաստանի ռազմական ներկայությունը երկրում կարող է սպառնալ երկու երկրների հարաբերություններին: Իրազեկ մարդկանց տեղեկություններով՝ ԱՄՆ պաշտոնյաների մի շարք հանդիպումներից և այցերից հետո շինարարությունը դադարեցվել է»,- գրում է թերթը։

«Մեծ եղբոր» առջև ինչ-որ կերպ արդարանալու համար Էմիրության իշխանությունները ձևացրել են, թե ոչինչ չգիտեն իրենց քթի տակ չինական շինարարության ռազմական բնույթի մասին։ ԱՄԷ կառավարության համար Վաշինգտոնի վերաբերմունքը մնում է շատ կարևոր, քանի որ նա շահագրգռված է ամերիկյան առաջադեմ կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում։ Ինչպես նշում է «The Wall Street Journal»-ը, Մերձավոր Արևելքն այլևս ԱՄՆի անբաժան ազդեցության գոտի չէ: Այս տարածաշրջանը աստճնաբար դառնում է ամերիկաչինական մրցակցության հիմնական հարթակը: Արաբական միապետությունները ամերիկյան զենքի ավանդական շուկան են, և Չինաստանի աճող էքսպանսիան տարածաշրջանում լուրջ ռիսկեր է ստեղծում ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի համար։ Եթե ​​Պեկինի և Աբու Դաբիի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգանա, ԱՄՆ զենք արտադրողները կարող են կորցնել իրենց ամենահարուստ գնորդներից մեկին: Արդեն այսօր դա կարող է վտանգել  ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 50 հատ կործանիչներ, Reaper 18 հատ անօդաչու թռչող սարքեր և ժամանակակից այլ զինատեսակներ Էմիրությանը վաճառելու ամենամեծ գործարքը: Իսկ եթե հաշվի առնենք, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են անօդաչու ռազմական և կոմերցիոն նավերի համատեղ արտադրության շուրջ… ապա հարցերն էլ ավելի են շատանում։

Բայց սա դեռ ամենը չէ: Նոյեմբերի 21-ին ամերիկյան մեկ այլ ազդեցիկ թերթ՝ «The New York Times»-ը, ավելի շատ զարմացրեց ԱՄՆ հանրությանը։ Պարզվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետ կապված ներդրումային ընկերությունը չինական ընկերությանն օգնել է ամերիկյան մի ֆիրմայից ձեռք բերել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում գտնվող աշխարհի ամենահարուստ կոբալտի հանքերից մեկը։ Ըստ թերթի՝ խոսքը BHR ընկերության մասին է, որի պաշտոնական անվանումն է «Bohai Harvest RST (Shanghai) Equity Investment Fund Management Company»։ Հանթեր Բայդենը և ևս երկու ամերիկացի միացան չինացի գործընկերներին՝ հիմնելով ընկերությունը 2013 թվականին: Երեք ամերիկացիներ, ովքեր ծառայում էին ընկերության խորհրդում, վերահսկում էին BHR-ի 30%-ը, մինչդեռ մնացածը պատկանում կամ վերահսկվում է չինացի ներդրողների կողմից: Նյութում նշված գործարքի արդյունքում «China Molybdenum» ընկերությունը ձեռք բերեց 80% բաժնետոմսեր «Tenke Fungurume Mining»-ում, որը կոբալտ արտադրող խոշորագույն արտադրողներից մեկն է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Դրան, ըստ «The New York Times»-ի, նպաստել է BHR-ը, սակայն մինչ այժմ նրա դերը ուշադրություն չի գրավել։

Իմանալով Չինաստանի բնույթը՝ ԱՄԷ-ում բազայի կառուցումը կավարտվի։ Բայց հետաքրքիր է ԱՄՆ նախագահի որդու դերը Չինաստանին «օգնություն» տրամադրելու (այսինքն՝ վաճառելու) հարցում, ինչպես գրում են Ամերիկայում՝ աշխարհի ամենահարուստ կոբալտի հանքերից մեկում։ Կոբալտը ռազմավարական նշանակություն ունեցող հումք է։ Խնդիրը հատկապես հրատապ է դարձել, քանի որ Ջո Բայդենի վարչակազմն այս տարի նախազգուշացրել է, որ Չինաստանը կարող է օգտագործել կոբալտի ոլորտում իր գերիշխող դիրքը, օրինակ՝ խափանելու ամերիկյան ավտոարդյունաբերության վերազինումը՝ էլեկտրական մեքենաներ արտադրելու համար: Բայց սա ընդամենը մեկ բնագավառ է, որում օգտագործվում է կոբալտը… Նշվում է, որ Սպիտակ տունը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը տեղյա՞կ է եղել որդու այդ գործարքին առնչությանը։

Հիմա արդեն պատահական կամ «վաղաժամ» չի թվում նոյեմբերի 21-ին ԱՄՆ նախկին պետքարտուղարներից մեկի՝ Հենրի Քիսինջերի նախազգուշացումը։ CNN-ի եթերում նախկին պետքարտուղարը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդականն ասել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է հավատարիմ մնան հակամարտությունը կանխելու սկզբունքին, որին հակառակ դեպքում դժվար կլինի վերջ տալ:

ԱՄՆ պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նոյեմբերի 20-ին իր իրաքցի գործընկեր Ջումա Ինադի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ամերիկացի զինվորականները Իրաքում իրենց առաքելությունը կավարտեն այս տարվա վերջին․ մենք հասկանում ենք, որ Քիսինջերը պարզապես կանխատեսել է իրադարձությունների հետագա ընթացքը։

Ամերիկա-չինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ստացված զեկույցները կարող են վկայել այն մասին, որ Չինաստանը նույնպես պատրաստվում է Մերձավոր Արևելքից ԱՄՆի ամբողջական «դուրս գալուն»։ Հավելենք, որ Իրանը այս մասին նախազգուշացրել է դեռ  2014 թվականի ամռանը, երբ արձագանքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «հայտնությանը» և Իրաքի և Սիրիայի ժողովուրդների դեմ պատերազմին…

Սերգեյ Շաքարյանց