Վարչապետի անվտանգությունը պահպանող ոստիկանը անհամեմատ բարձր աշխատավարձ է ստանում, քան երկիրը պաշտպանող զինվորը

Օրերս ԱԺ է ներկայացվել 2022 թ բյուջեի նախագիծը, որը տնտեսագետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հակասոցիալական է գնահատում՝ նաև ասելով, որ այն չի բավարարում մեր պետության առաջ ծառացած անվտանգային սպառնալիքներին։

-Ներկայացված բյուջեն ակնհայտորեն հակասոցիալական է․ մեր երկրում բարձր առաջանցիկ գնաճային ֆոնին սոցիալական պաշտպանվածության հիմնական ցուցանիշների անվանական մեծություններն անփոփոխ են մնում, այսինքն՝ նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Ի դեպ, այն չի բարձրացել նաև այս տարի՝ 2021-ին։ Չեն բարձրանալու հանրային ծառայողների հիմնական աշխատավարձը և, որ ամենակարևորն է, աղքատության նպաստը և հիմնական կենսաթոշակը։ Ընդամենը պոպուլիզմի համար նվազագույն կենսաթոշակը և նվազագույն նպաստի չափերը նախատեսվում է բարձրացնել 2000 դրամով, նվազագույն կենսաթոշակը կլինի 28 600 դրամ այն դեպքում, երբ 2021 թվականին ունենք մոտ 11-12 տոկոս սննդամթերքի միջին գնաճ, իսկ այս դեպքում ընդամենը 5 տոկոս աճ է նախատեսվում։ Նվազագույն սպառողական զամբյուղն արագ աճում է, արդեն հատել է 70 հազար դրամի սահմանագիծը, մինչև տարեվերջ կձգտի 72-73 հազար դրամի՝ մեկ անձի համար։ Հաջորդ տարի ունենալու ենք նաև շարունակական գնաճ, կառավարության կանխատեսմամբ՝ այդ գնաճը 5 տոկոսից ավելի է լինելու։ Նման տեմպերի դեպքում մենք սննդամթերքի գնաճի երկնիշ աճ ենք ունենալու։ Այսպիսի պայմաններում կենսաթոշակը չբարձրացնելով, աղքատության նպաստը թողնելով 31-32 հազար դրամի սահմաններում, այս տարի սոցիալապես խոցելի խմբերը՝ կենսաթոշակառուները, աշխատող աղքատները, աղքատները, ծայրահեղ աղքատներն ավելի վատ են ապրել գնաճով պայմանավորված, քան նախորդ տարի, իսկ եկող տարի ավելի է սրվելու նրանց վատթար վիճակը։

Ներկայացրել են նման բյուջե և ասում են՝ ոչինչ, մեր քաղաքացիները մեզ կհասկանան, որովհետև մենք՝ քայլածներս հաղթել ենք ընտրություններում, քաղաքացիները կհանդուրժեն՝ թեկուզ թերսնված, կարևորը լավ ապագայի խոստումները շարունակում են շռայլել՝ մարդկանց քվեները գողանալով, ճանապարհների ասֆալտապատումով, դպրոցներ վերանորոգելով միամիտների մոտ լավ կյանքի պատրանք ստեղծելով։ Եթե ներկած պատով, փոխված դուռուլուսամուտով դպրոց թերսնված երեխան ավելի թերսնված է հաճախելու, ապա ինչպե՞ս կարող ենք կրթության որակի բարձրացում ակնկալել։ Երբ խոսում ես պաշտպանության նախարարությանը հատկացված ծախսերից, մանիպուլացնում են, ասում են՝ մենք կաևորում ենք կրթությունը, դա ևս ազգային անվտանգության հարց է, դրա համար հարդարում ենք դպրոցի բակը, նորոգում դպրոցները և այդ գործընթացը հավասարազոր են համարում պաշտպանական ոլորտում անհրաժեշտ ծրագրերին այն վիճակում, որում մենք գտնվում ենք։ Իսկ մենք դեռ չենք մարսել 44-օրյա պատերազմի հետևանքները, կանգնած ենք Հայաստանին սպառնացող հնարավոր պատերազմի վտանգի առաջ։ Եկող տարվա բյուջեում ծնկածի տրամաբանությունն է արտացոլված, այս իշխանությունները չեն ուզում, որ շտկենք մեր մեջքը և զարգանանք արժանապատիվ խաղաղության պայմանններում։ Այս բյուջեն ոչ միայն հակասոցիալական է, այլև նրանց իրական նպատակադրումների արտացոլանքն է՝ անել բաներ, որոնք շոուի համար են, հեշտ է փաթեթավորելը՝ դպրոցների վերանորոգում, ճանապարհների ասֆալտապատում, բայց հիմնարար, խորքային սոցիալական, անվտանգային խնդիրները, աշխարհաքաղաքական մարտահրավերները, մեր հանրության խորացող ատելությունը, թշնամանքը անտեսվում է մի քաղաքական ուժի կողմից, որը նպատակադրված այդ ամենը իրողություն է դարձրել։

Երկրում հատկապես վերջին ամիսներին ահագնացող գնաճն ինչո՞վ է պայմանավորված, արդյո՞ք այն հնարավոր էր զսպել և թույլ չտալ, որ աղքատությունն ավելի խորանա։ Ի վերջո նախատեսվում էր, որ մաքսային միության դրույքաչափերով ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների գներն իջնելու են և մեղմեն ընդհանուր գնաճը։ Բայց ճիշտ հակառակն է կատարվում։

Գնաճը պայմանավորված է մեր տնտեսության հյուծմամբ։ Մենք տնտեսական կայուն հյուծման փուլում ենք, և դա ցավոք արդեն անդառնալի հետևանքներ է ունենում։ Մյուս կողմից էլ սպասվող «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ մեզ սպասող համընդհանուր եռակողմ շրջափակումն ավելի կխորացնի ճգնաժամային տնտեսական վիճակը։ Գրեթե ամենօրյա մարտական գործողությունները, հանրության մեջ շարունակվող պառակտումը, երկրում առկա ատելության, անկումային տրամադրությունների, նյարդային լարվածության մթնոլորտը, ոլորտային ապաշնորհ կառավարումը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, համավարակը, որը մեր երկրում բազմաթիվ տնտեսական խնդիրների առաջացման պատճառ է դարձել վարակի տարածումը կանխելու ուղղությամբ ոչինչ չանելու պատճառով,  իրենց հերթին խրտնեցնում են արտաքին և ներքին ցանկացած ներդրում։ Այս ամենը տնտեսության համար իսկական ինքնաոչնչացման ճանապարհ է։ Եվ որքան էլ փորձում են տարբեր ֆինանսական գործիքներով կարճաժամկետ մեղմել գնաճը, ոչինչ չի ստացվելու, քանի որ մեզանում այդ մարտահրավերներն արդեն երկարաժամկետ են, որևէ կերպ հնարավոր չէ խոր թոքաբորբը բուժել ջերմիջեցնողներով։

Եկող տարվա բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերի համար նախատեսվել է բյուջետային միջոցների ընդամենը 10-11 տոկոս աճ, մինչդեռ պատերազմում հաղթանակ տարած մեր թշնամի Ադրբեջանը 16 տոկոս աճ է նախատեսել։ Սա նույնպե՞ս ապաշնորհ կառավարման հետևանք եք համարում։

Ինչպես նշեցի՝ այս մարդիկ ամենևին արժանապատիվ խաղաղություն հաստատելու նպատակ չունեն, այլապես կլծվեին երկիրը, բանակը հզորացնելու, ամրացնելու և սպասվող հնարավոր պատերազմի պայմաններում թշնամուն դիմակայելու հուսալի միջոցներ ստեղծելու գործին։ Նրանք դեռ շարունակում են մարդկանց կերակրել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան ստեղծելու հեքիաթներով, որին, իբրև, հնարավոր է հասնել ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ճանապարհով։ Անհայտ է, որ ազգային իշխանություններ ունենալու դեպքում ռազմական ծախսերն էին առաջնային լինելու։ Մինչդեռ այս իշխանությունների օրոք ոստիկանապետությունն է ավելի ու ավելի ամուր հաստատվում մեզանում։ Ոստիկանության, ազգային անվտանգության բյուջեներն աճում են, այդ թվում աշխատավարձի և բյուջեի էական աճ է գրանցվում պետական պահպանության ծառայությունում։ Իսկ այդ կառույցը ծառայում է բացառապես վարչապետի անվտանգությանը, պաշտոնավարմանը։ Ոստիկանական նոր կառույցներ են ստեղծվում՝ պարեկային, որտեղ ընդգրկված ոստիկաններն անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում, քան սահմանին զենքը ձեռքին կանգնած ու իր կյանքը վտանգող մեր զինվորներին, մինչդեռ չգիտեք՝ որքանով է արդյունավետ այդ ոստիկանների աշխատանքը։ Ամեն դեպքում ամբողջ ոստիկանական համակարգը լծված է ՔՊ-ականների իշխանությունը պահպանելու, հանրային ցանկացած ընդվզում ճնշելու գործին։ Թերևս դրա համար այդ ոստիկանին երկու-երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ են տալիս, քան հայրենիքը իրական թշնամուց պաշտպանող ժամկետային զինծառայողին։

Թագուհի Ասլանյան