Բռնազավթման իրական պատկերը կիսատ-պռատ ներկայացնելը՝ նպաստում է այդ իշխանության քաղաքական կյանքի երկարաձգմանը․ Իրանագետ

Ի՞նչ է անում իր պետության ապագայի մասին մտածող իշխանությունը, երբ թշնամին բռնազավթում է այդ պետության ինքնիշխան տարածքի հատվածներ, իսկ այն տվյալ պահին, ենթադրենք, չունի հնարավորություն ուժի կիրառությամբ դրան դուրս շպրտելու։

Միջազգային հանրության և կառույցների համար շատ հստակ ու համոզիչ ներկայացնում է, թե ինչ տարածք է բռնազավթվել և դրա հիման վրա փորձում է ստանալ այդ հանրության և կառույցների գոնե նվազագույն արձանագրումներն առ այն, որ առկա է բռնազվաթման փաստ, իսկ լավագույն դեպքում՝ բանաձևեր ու հայտարարություններ, որ բռնազավթմանը պետք է վերջ տրվի։

Նման արձանագրումներն ու բանաձևերը ոչ միայն վտանգավոր ազդակներ են թշնամու համար, որովհետև միջազգային հարաբերությունների ցանկացած ուրիշ սուբյեկտ կարող է դրանցից օգտվելով ճնշում բանեցնել նրա վրա, այլ նաև ստեղծում են լեգիտիմ հիմք առաջին իսկ հնարավորության դեպքում ոչնչացնելու թշնամուն նույն այդ տարածքներում։

Բացառապես սեփական իշխանությունն անսասան պահելու նկատառումներով «և՛ ներխուժել են, և՛ չեն ներխուժել», մեղմ ասած, անմիտ ձևակերպումները և բռնազավթման իրական պատկերը կիսատ-պռատ ներկայացնելը միգուցե որոշ չափով նպաստում են այդ իշխանության քաղաքական կյանքի երկարաձգմանը, բայց վտանգավոր կերպով «ականապատում» են Հայաստանի պետականության ներկան ու ապագան։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։