Ադրբեջանի և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը․ ՏԱՍՍ

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է և վտանգի տակ է դնում ողջ բանակցային գործընթացը:

ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու, ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու գործում: