Արցախյան պատերազմից հետո գտնվել է 1697 աճյուն, որոնումները դադարեցված են

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։

Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։

Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը:

Կարեն Սարգսյանը 2 կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։

Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է 1697 աճյուն։

Որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են»,- գրել է Թադևոսյանը: