Արդյո՞ք Ֆրանսիան կխաբի հույներին այն «ոճով», որով խաբեց հայերին 1915-38 թթ.

Նոյեմբերի 8-ին Ֆրանսիան Արևելյան Միջերկրական ծովում տեղակայեց իր նոր «Auvergne» ռազմանավը՝ ցույց տալով ռազմական հզորություն տարածաշրջանում լարվածության նոր փուլի պայմաններում, իսկ նոյեմբերի 9-ին ոչ թե ֆրանսիական կամ հունական ինչ-որ թերթեր են գրել, այլ գրել է թուրքական «Daily Sabah»-ը՝ Անկարայի խոսափողը։ Ֆրանսիական բազմանպատակային ֆրեգատի կապիտան Պոլ Մերվիլյո դը Վինյոն ասել է, որ «Auvergne»-ը և նրա 150 հոգանոց անձնակազմը կլինեն Արևելյան Միջերկրական ծովում մինչև 2022 թվականի հունվարը՝ հետախուզական տվյալները հավաքելու համար՝ «ցույց տալու, թե ինչպես է Ֆրանսիան հարգում միջազգային իրավունքը և հատկապես նավարկության ազատությունը» միջազգային ջրերում։ «Այս տեղակայումն ընդգծում է, թե որքան կարևոր է Միջերկրական ծովի այս հատվածը Ֆրանսիայի համար, ինչպես նաև երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու այս ռազմավարական տարածքի կայունացմանը,- ասաց նա լրագրողներին Կիպրոսի Լառնակա նավահանգստում:- Առանց աջակցության չեն կարող լինել արդյունավետ և կայուն ռազմածովային գործողություններ, և Կիպրոսը դրա հիմքում է, դրա կենտրոնական տարրը»:

«Auvergne»-ը միացել է ֆրանսիական նավատորմին 3 տարի առաջ։ Այն ունի ժամանակակից սոնար սարքավորում և մասնագիտացած է սուզանավերին հակազդելու գործում։ Իսկ Կիպրոսի հունական հատվածի (այսինքն՝ Կիպրոսի Հանրապետության) և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին տարիներին սերտացել են։ Կիպրոսի հունական վարչակազմը նաև թույլ է տալիս ֆրանսիական ինքնաթիռներին օգտագործել իր ավիաբազան կղզու հարավ-արևելյան մասում և թույլ է տալիս ֆրանսիական նավերին օգտագործել իր հարավային ծովային նավահանգիստը, որը ներկայումս արդիականացվում է: Ֆրանսիան Կիպրոսում նման ռազմական ակտիվությամբ փորձում է ազդանշան ուղարկել Թուրքիային։ Բացի այդ, սպասվում է, որ ֆրանսիական «Total» էներգետիկ ընկերությունը և նրա իտալական գործընկեր «Eni»-ն եկող տարի հորատումներ կանցկացնեն Կիպրոսի հարավային ափին, հայտնում է «Daily Sabah»-ը: 2018 թվականի փետրվարին թուրքական ռազմանավերը խոչընդոտել են «Eni»-ի կողմից վարձակալված հորատման նավին հետախուզական հորատումներ կատարել կղզու հարավ-արևելյան ջրերում: Թուրքիան ռազմական ուղեկցությամբ ռազմանավեր է ուղարկել մայրցամաքային շելֆում էներգիայի աղբյուրները հետազոտելու համար՝ ընդգծելով, որ ինքը և, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» («ՀԿԹՀ», այսինքն՝ Կիպրոսի թուրքերի կողմից օկուպացված հատվածը) «անօտարելի իրավունքներ» ունեն տարածաշրջանում։

Բայց այս դեպքում, ինչպես մեր Արցախի դեպքում (Արցախի հարցը վերաբերում է ինչպես Արցախի՝ այնպես էլ Հայաստանի հայերին…), իրավիճակը վերաբերում է ոչ միայն Կիպրոսի Հանրապետության հույներին։ Մայրցամաքային Հունաստանը հաճախ հայտնվել է ռազմական սրացումների մեջ հարևան Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ՝ սկսած Էգեյան ծովում ածխաջրածնային պաշարների մրցակցային պահանջներից մինչև տարածաշրջանի կղզիների ապառազմականացում: Ավելին, Հունաստանի ընդլայնվող սպառազինության ծրագիրը ուղղված է Արևելյան Միջերկրական ծովում թուրքական մարտահրավերներին դիմակայելուն, և Ֆրանսիան ԵՄ անդամ այն սակավաթիվ երկրներից է, որը վերջին ամիսներին հանրային աջակցություն է առաջարկել Աթենքին: Հունաստանի խորհրդարանը հոկտեմբերին վավերացրել է Փարիզի հետ պաշտպանական համաձայնագիրը երեք ֆրանսիական «Belharra» ֆրեգատների գնման վերաբերյալ։ Անկարան անմիջապես քննադատեց ՆԱՏՕ-ի իր երկու անվանական դաշնակիցների այս համատեղ քայլը: Ֆրանսիայի հետ Հունաստանի պաշտպանական գործարքը ներառում է փոխադարձ օգնության դրույթ. կողմերը պարտավորվում են օգնել միմյանց «իրենց տրամադրության տակ եղած բոլոր համապատասխան միջոցներով և, անհրաժեշտության դեպքում, ռազմական ուժի կիրառմամբ, եթե նրանք համատեղ համոզվեն, որ նման զինված հարձակում է տեղի ունենում՝ կողմերից մեկի տարածքում»։ Դրանից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրի խորհրդարանին ասել է, որ Ֆրանսիայի հետ պայմանագիրը պաշտպանում է իր երկիրը անհանգիստ Միջերկրական ծովում։ «Հարձակման դեպքում Հունաստանը կստանա մեր մայրցամաքի ամենաուժեղ բանակի աջակցությունը»,- ասել է Միցոտակիսը։ Հունաստանը նույնպես սեպտեմբերին հայտարարեց, որ նախատեսում է Ֆրանսիայից գնել ևս 6 «Rafale» բազմանպատակային կործանիչ, ավելացնում է թուրքական թերթը և իր թուրք ընթերցողներին առաջարկում է անհանգստանալու և մտածելու…

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին Փարիզում Հունաստանի վարչապետ Միցոտակիսի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած համաձայնագրի համաձայն՝ Ֆրանսիան պարտավորվել է անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Աթենքին՝ երրորդ երկրի հարձակման դեպքում, նույնիսկ եթե այս երկիրը նրանց հետ նույն դաշինքի մեջ է (օրինակ՝ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է)։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսին Միջերկրական ծովում միջադեպ տեղի ունեցավ ֆրանսիական և թուրքական ռազմածովային ուժերի նավերի միջև, սակայն այնուհետև Միացյալ Նահանգները, Մակրոնի և Հունաստանի վրա ամենաուժեղ ճնշման միջոցով, ֆրանսիացիների և հույների բերանները փակեցին՝ և՛ անձնական մակարդակով, և՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Հիշեցնենք նաև ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև աշխարհի բոլոր հույներին. Ֆրանսիան սիրում է «մոբիլիզացնել» այլ ժողովուրդներին և նույնիսկ խոստանալ նրանց «Երկնային Արքայություն», ինչպես դա եղավ 1915-38 թթ. Կիլիկիայի և Միջագետքի հայերի հետ։ Բայց ի վերջո, Ֆրանսիան միշտ դավաճանում է նման ժողովուրդներին, ինչպես դավաճանեց Կիլիկիայի հայերին 1938 թվականին՝ վաճառելով նրանց և Աղեքսանդրետա քաղաքի շրջանը Թուրքիային, որտեղի հայերը ապաստան գտան Սիրիայի տարածքում։ Հույն եղբայրներ: Հիմա այդ քաղաքը՝ թուրքական Իսկենդերուն նավահանգիստն է, և այնտեղ հայեր չկան… 

Սերգեյ Շաքարյանց