Սաակաշվիլիի մայրը դիմել է Զելենսկուն՝ որդուն Ուկրաինա վերադարձնելու հարցով

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին օգնել իր որդուն և կազմակերպել նրա «տեղափոխությունը» վրացական բանտից Ուկրաինա՝ բուժման նպատակով:

«Ես Միշա Սաակաշվիլիի մայրն եմ: Մենք անելանելի վիճակում ենք: Իմ աչքի առաջ որդուս սպանում են: Ես ուզում եմ դիմել պարոն Զելենսկիին, ով նախկինում մեկ անգամ չէ, որ օգնել է մեզ։ Բայց հիմա մենք հատկապես նրա աջակցության և օգնության կարիքն ունենք։ Պետք է ինչ-որ կերպ կազմակերպել Միխայիլի տեղափոխությունն այստեղ՝ Ուկրաինա, որպեսզի այստեղ նա ստանա համապատասխան բուժում, խնամք և մի կերպ գոյատևի։ Արդեն նրա հացադուլի 35-րդ օրն է։ Պատկերացնո՞ւմ եք։ Ամեն ինչ կարող է պատահել, ցանկացած պահի: Բայց դա ոչ մեկին չի անհանգստացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Ալասանին՝ Սաակաշվիլի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Նա ընդգծել է, որ իր որդուն առաջարկել են բուժվել բանտային հիվանդանոցում, սակայն, իր կարծիքով, համապատասխան մասնագետներ և, ընդհանրապես, պայմաններ չկան նման հիվանդներին բուժելու համար։ «Ես Ձեզ հետ մեծ հույսեր եմ կապում: Ձեր բոլորի՝ Ուկրաինայում գտնվող մարդկանց, պատգամավորների հետ: Եվ ես դիմում եմ Ուկրաինայի իշխանություններին: Իհարկե, առաջին հերթին պարոն Զելենսկիին»,- հավելել է նա: