Հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրման պահանջի առնչությամբ հայց է ներկայացվելու Անահիտ Ավանեսյանի դեմ

Հայաստանում ս. թ.  նոյեմբերի 1-ից բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս, հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրման պահանջը տեղիք է տվել հասարակության մեծ մասի դժգոհությանը, իսկ մի մասի նաև արհամարհանքին: Վերջիններս իրենց նշված վերաբերմունքն արտահայտում են զանգվածաբար բոյկոտելով իշխանությունների այդ չհիմնավորված որոշումը, ավելի ճիշտ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի կողմից իր 2020թ. սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխությամբ քաղաքացիներին ներկայացված տվյալ պահանջը:

Ի սկզբանե ընդգծեմ, որ օդակաթիլային եղանակով վարակի տարածումը կանխելու նպատակով, կողմ կլինեմ բժշկական սովորական շնչադիմակների կիրառմանը, եթե`

  1. Ապացուցվի, որ շնչադիմակի կիրառումը փակ և, հատկապես, բացօթյա տարածքներում, իրոք, կանխում կամ գոնե բավականաչափ սահմանափակում է վարակի տարածումը, այն ունի բավարար արդյունավետություն:
  2. Ապացուցվի, որ շնչադիմակը երկարատև` 3 ժամից ավելի օգտագործելու կամ մթնոլորտային տեղումների պայմաններում խոնավանալու հետևանքով չի կորցնում իր արդյունավետությունը:
  3. Ապացուցվի, որ շնչադիմակների կիրառմանը զուգահեռ, հանրության կողմից պահպանվում են այն պայմանները, որոնց դեպքում միայն շնչադիմակների կիրառումը կարող է իմաստ և պաշտոնապես հայտարարված արդյունավետությունն ունենալ:
  4. Հայտնի ու գնահատված լինի է այն վնասը (այդ կապակցությամբ տրամադրվի համապատասխան տեղեկատվություն), որը սպասելի է`

4.1. Շնչադիմակների երկարատև (օրեր և ամիսներ) օգտագործման դեպքում, դրանք թեկուզ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ փոխելու պարագայում, և, հատկապես, առողջական այնպիսի խնդիրներ ունեցող անձանց համար, որոնք ընդգրկված չեն ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի հրամանում որպես շնչադիմակներ կրելու պարտավորությունից ազատված անձինք (տվյալ հրամանով նշված պարտավորությունից ազատված անձանց շնչադիմակը նույնիսկ 2 ժամով օգտագործելն է հակացուցված):

4.2. Նույն շնչադիմակն օրվա ընթացքում 11-12 ժամ կրելու դեպքում:

4.3. Նույն շնչադիմակը մի քանի օր շարունակ, նույնիսկ 1 շաբաթ, օրվա ընթացքում 11-12 ժամ կրելու դեպքում:

  1. Ապացուցվի, որ շնչադիմակի (շնչադիմակների) կիրառման օգուտը անհատական և հանրային մակարդակներում գերազանցում է հայտնի ու սպասելի (գնահատված) վնասներին:

Վերոնշյալի առնչությամբ համապատասխան հարցերն ուղղվելու են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին, իսկ ապացույցները պահանջվելու են նաև դատարանում:

«Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնության մի խումբ բժիշկներ դեռ 2020թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ պատկան մարմիններին կոչ արեցին  չեղարկել բացօթյա տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջը: Այս կապակցությամբ բժիշկների կոչում նշված է.

«Դիմակների օգտագործումն արդյունավետ է և իմաստ ունի, երբ այն օգտագործվում է ճիշտ ձևով, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ համատեղ:

Արդյունավետ կանխարգելման համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ՝

✔ Կանխարգելման պարագայի առկայություն,

✔ Կանխարգելման որակյալ պարագայի հասանելիություն,

✔ Կանխարգելման պարագայի ճշգրիտ կիրառման հմտություններ:

Այս երեքից լիարժեք ապահովված է միայն առաջին բաղադրիչը՝ դիմակի առկայությունը։

Որակյալ դիմակը հասանելի չէ բոլորի համար, քանի որ եթե հետևենք հրահանգներին և կրենք դիմակ ամբողջ օրը, դա յուրաքանչյուր մարդու համար օրական կպահանջի 5-6 դիմակ, չորս հոգուց կազմված ընտանիքի դեպքում՝ 20-24 դիմակ՝ որոշակի բեռ դառնալով ընտանեկան բյուջեի վրա (ընդգծումը` մերը)։

Միանշանակ, բացօթյա պայմաններում, երբ կա թարմ օդի մշտական հոսք, բավարար տարածություն մարդկանց միջև, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:

Դիմակների օգտագործումը բացօթյա տարածքներում գործնականում ազդեցություն չի թողնում կորոնավիրուսի համաճարակի վրա:

Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա խուսափել դիմակներից ձանձրանալուց, հոգնելուց, կնվազեցնի հակազդումը դիմակ կրելուն, կկանխի դիմակների համար արվող անիմաստ ծախսը։

Դիմակը նպատակահարմար է բաժանել անվճար բազմամարդ փակ տարածքներ մուտք գործելիս, և երկրորդը՝ հստակ սահմանել կիրառման վայրերը և կարգը։

Կիրառման կարգը պետք է հասկանալի լինի մարդկանց համար, հեշտ իրականացվող և տրամաբանական»։

Անդրադառնանք վերոնշյալ կոչի ընդգծված հատվածին, դիմակի որակյալ լինելու խնդրին: Բժշկական սովորական շնչադիմակը դժվար է որակյալ անվանել նույնիսկ հրահանգին հետևելով, այն 2-3 ժամը մեկ փոխելու և ճիշտ օգտագործելու դեպքում (եթե որակի գնահատման չափանիշը համարենք մոտ տարածքում գտնվողին կորոնավիրուսով վարակելուց  կամ վարակակրից վարակվելուց պաշտպանելու ունակությունը): Այլ խոսք, եթե մարդիկ օգտագործեին բժշկական FFP 3 պաշտպանության մակարդակ ունեցող ռեսպիրատորներ (ի դեպ, դրանք նույնպես լիակատար պաշտպանություն չեն ապահովում), որոնցից յուրաքանչյուրը, սակայն, մի քանի հազար դրամ արժե ու բնակչության գերակշիռ մասին մատչելի չէ:

Հրահանգին հետևելու ու բժշկական սովորական շնչադիմակը ոչ թե 2, այլ նույնիսկ 3 ժամը մեկ փոխելու դեպքում աշխատող քաղաքացուց կպահանջվի օգտագործել օրական 4 շնչադիմակ, որի համար նա այսօրվա գներով հարկադրված է վճարել 80-120 դրամ, չորս հոգուց կազմված ընտանիքի դեպքում (16 շնչադիմակ) ծախսը կկազմի 320-480 դրամ (ամսական` 9600- 14 400 դրամ), որը շատուշատ մարդկանց ընտանեկան բյուջեի համար այսօրվա պայմաններում անհաղթահարելի բեռ է:

Հենց վերոնշյալի պատճառով է, որ այսօր բազմահազար մարդիկ իրենց շնչադիմակը ոչ թե 2-3 ժամ, այլ օրեր ու շաբաթներ են օգտագործում, ինչը «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածը, նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը, ՀՀ կառավարությունն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը պարտավոր էին հաշվի առնել, բայց արդյոք նկատի ունեցե՞լ են տվյալ անառարկելի իրողությունը, և եթե այո, ի՞նչ առումով…

Եթե չապացուցվի, որ անձի կողմից հիշյալ շնչադիմակն օրեր, շաբաթներ օգտագործելը պակաս վտանգավոր է, քան այն բացօթյա տարածքներում չօգտագործելը, ապա կարող ենք խոսել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի կողմից չարդարացված ռիսկի, Ավանեսյանի ու նրա հրամանն ուժը կորցրած ճանաչելու իրավասություն ունեցող, բայց ուժը կորցրած չճանաչած Նիկոլի կողմից բնակչության առողջության նկատմամբ թույլ տրվող հանցագործության մասին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան