Մի աղճատեք Տերունի տոնը․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․

«Մեկընդմիշտ ամեն ոք, մանավանդ իշխանավոր անձինք, պետք է ըմբռնեն, որ Եկեղեցին ու Պետությունն իրարից անջատ չեն. միմյանցից զատված են աշխարհիկ և հոգևոր իշխանությունները: Պետությունն այն տունն է, որի ներքո կան և գործում են Ազգն ու ազգային կառույցները: Հետևաբար, երբ իշխանությունները ցանկանում են Պետության համար որևէ կարգ և օրենք սահմանեն՝ պարտավոր են լսելու Պետության ազգային կառույցների խոսքը և հաշվի նստելու նրանց հետ, այս դեպքում ի մասնավորի՝ ազգային միեղեն հոգևոր ինստիտուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ամանորյա տոնական օրերին միաձուլված են Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի մի քանի օրեր (այս տոնը Հայոց Եկեղեցին տոնակատարում է 8 օր): Հետևաբար, երբ կրճատվում են ամանորյա տոնական օրերը՝ հարգարժան նախարար Տիար Վահան Քերոբյանը պետք է մասնավոր կերպով հանդիպեր և խորհրդակցեր Ազգային եկեղեցու հետ՝ լսելով աստվածաբան-տոնագետների կարծիքը, որից հետո իր թիմով ձևեր աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը:

Ողջ եկեղեցական տոնացույցում միմիայն երկու տոն կա, որոնք ունեն Ճրագալույց-նախատոնակ՝ Սբ Ծնունդ և Սբ Հարություն: Եթե Սբ Հարությունն անշարժապես տոնախմբվում է կիրակի օրը, ապա Սբ Ծնունդն անշարժ է ամսաթվով՝ հունվար 6, ուստի այս տոնի Ճրագալույցը շաբաթվա օրերով փոփոխական է:

Հոգևոր խորհրդաբանությամբ նախատոնակը բուն տոնից զատելը՝ սխալ է, անընդունելի: Այդ օրը հայ քրիստոնյան ազատ պետք է լինի մարմնավոր զբաղմունքից, առավոտից ի վեր պետք է ապրի Տիրոջ ծննդյան խորհրդով, նախապատրաստվի հոգևոր տոնախմբությանը սուրբ տաճարում, որից հետո էլ՝ ընտանեկան հարկում, ողջ ընտանիքով, Ճրագալույցի տոնական ընթրիքին:

Դուք, սիրելի իշխանավոր անձինք, սիրում եք Ձեզ համարել Ազգային եկեղեցու հարազատ զավակներ. կեցցեք, փառք Տիրոջ, գոհություն ենք ապրում, բայց լինելով հարազատ զավակներ և հետևորդներ՝ միաժամանակ գիտցեք նաև ուսանել ու հարգել Ձեր Մայր Եկեղեցու կարգերը, ավանդություններն ու ավանդույթները:

Սիրով և ակնածանքով ունկդիր եղեք Լուսո Խորան Մայր Աթոռի ձայնին, քանզի ձայնն այս արդար ու քաղցր հնչում է բացառապես ի շինություն Ազգիս հայոց և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու՝ մեզ ամենքիս»:

Հավատացեք, որ այսպես՝ հոգևորապես մաքրագործված ու զորեղացած, մտավորապես ազնվացած ու իմաստնացած, միմիայն այսպես կարող ենք կառուցել լույսի, հույսի և հզոր ՀԱՅԱՍՏԱՆ:

Արդ, կանգ առեք մի պահ և լսեցեք, մանավանդ Դուք՝ հարգարժան պատգամավորներ Ազգային ժողովի, որպեսզի սխալ չգործեք, որպեսզի չդավեք Ձեր հոգևոր ծնողին՝ Եկեղեցուն Հայկական. Սուրբ Ծնունդն սկիզբն է հայ քրիստոնյայի բարեպաշտության, այդ տոնը չպետք է աղճատվի չգիտության արդյունքում: