Ուզում եմ հասկանալ՝ այդ 7 տոկոս տնտեսական աճը որտեղի՞ց է գալիս․ Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանին

2022 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ ԱԺ հիմնական հանձնաժողովների միասնական նիստում 2022 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է գալիս այդ 7 տոկոսը։

«Ուզում եմ հասկանալ` այդ 7 տոկոսը որտեղի՞ց է գալիս։ Ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի՝ փող կգա՞, թե ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդն է, խնդրում եմ՝ նշեք՝ Դուք հայ-թուրքական սահմանի բացման ինչ-ինչ պարագայով տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե ոչ»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Ի պատասխան նախարարն ասաց, որ 2022 թվականի բյուջեի և տնտեսական աճի իրենց կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում, ներառված չէ։

Շարունակելով հարցադրումը՝ Արթուր Խաչատրյանը նախարարից հետաքրքրվեց․ «Ներդրումների մասին․ ի՞նչ եք պատրաստվում անել, որ 17 անգամ մասնավոր ձեռնարկությունները ներդրումներն ավելացնեն հիմնական միջոցների մեջ»։

Ի պատասխան՝ Քերոբյանն ընդգծեց․ «Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի, ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների»։