Կալաձեն վերընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Թբիլիսիի գործող քաղաքապետ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեի հաղթանակը ընտրությունների երկրորդ փուլում, գրում է sputnik-georgia.ru-ն։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ մայրաքաղաքում քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսը մշակելուց հետո Կալաձեն հավաքել է ձայների 55,6 տոկոսը։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան հավաքել է 44,4 տոկոս։ Նա, նախքան պաշտոնական տվյալների հրապարակումը, հայտարարել էր իր հաղթանակի մասին:

Թեկնածուների միջև տարբերությունը կազմել է 51,7 հազար ձայն իշխող կուսակցության թեկնածուի օգտին։

Երեկ Վրաստանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։ Քաղաքացիներն ընտրել են 20 մունիցիպալիտետների, այդ թվում՝ մայրաքաղաքի և չորս խոշոր քաղաքների՝ Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի քաղաքապետերին։

Բոլոր քաղաքներում, բացի Ծալենջիխից, երկրորդ փուլում հաղթել են իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է, որ չի ճանաչում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները՝ համարելով, որ դրանք կեղծվել են իշխանությունների կողմից։

Կախա Կալաձեն Facebook-ի միջոցով շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ ընդդիմությանը կոչ անելով «հարգել Թբիլիսիի ընտրությունը»։

«Թբիլիսցիներն իրենց խոսքն ասացին… Ես շատ ուրախ եմ, մեծ պատասխանատվություն եմ զգում այն փաստի համար, որ դուք ինձ երկրորդ անգամ քաղաքը կառավարելու լիազորություն տվեցիք, ես իմ թիմով կանեմ հնարավորը… »,- ասել է Կախա Կալաձեն։