Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով մեխանիզմի գործարկումը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Քննարկվել է բոսնիական կարգավորմանը խթանելու համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում՝ բազմակողմ ձեւաչափերի կիրառմամբ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։

Նախարարները քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները։