Հասկանում եմ, որ սովոր եք մեզ ազգովի կանգնեցնել կործանարար փաստերի առաջ, բայց դե գոնե հիմա այնքան «դուխ» ունեցեք` մեզ բոլորիս ասել ճշմարտությունը

Մի քիչ շեղեմ ձեզ դիմակա-պատվաստման ոդիսականից։

Կրկին ակտիվացան նոյեմբերին ենթադրվող Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տարատեսակ ասեկոսեները, ընդ որում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլը գրեթե վստահ պնդում են, որ հանդիպումը տեղի է ունենալու և ինչ որ «թղթեր» են ստորագրվելու։

Հաշվի առնելով այս ամենը` ակտիվացել է նաև մեր թշնամու քարոզչական մեքենան։

Բնավ նպատակ չունեմ թուրքալեզու օկուպանտների խոսքերը մեջ բերել, սակայն ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը Twitter-ում գրառում է արել, հենց նոյեմբերի 9-ին ենթադրվող Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ.

«Արևելյան Զանգեզուրում գտնվող Զանգիլանով անցնող Զանգեզուրի միջանցքը (!!!) կմիավորի ողջ թյուրքական աշխարհը (!!!):

Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ։

Վստահ եմ, որ մոտ ապագայում դրանք իրենց պտուղները կտան»:

Ի տարբերություն մեր թշնամիների, որոնք հեչ չեն թաքցնում սահմանների բացման և սահմանազատման գործընթացի իրենց նպատակները, այսինքն` մեր Հայրենիքի ինքնիշխան տարածքների հաշվին իրագործել պան-թուրքական ծրագրը, մեր իշխանությունները կատաղի համառությամբ շարունակում են պնդել, որ այս պայմաններում Սյունիքով ճանապարհ բացելը թուրքերի առջև շահեկան է հայկական կողմի համար։

Հիմա առանց ավելորդ հուզականության մի քանի հարց մեր գերսուպերխաղաղասեր իշխանություններին։

Ի՞նչ փաստաթղթերի շուրջ եք դուք հիմա բանակցում։

Ի՞նչ պայմանների շուրջ եք դուք համաձայնության եկել թուրքերի հետ։

Համաձայնվելո՞ւ եք դուք արդյոք ընդունել Ադրբեջանի այսպես կոչված սահմանի այն հատվածը, որը միավորում է Հայաստանը և Արցախը։

Ընդունո՞ւմ եք դուք արդյոք Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և Արցախի ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը։

Հասկանում եմ, որ սովոր եք մեզ ազգովի կանգնեցնել կործանարար փաստերի առաջ, բայց դե գոնե հիմա այնքան «դուխ» ունեցեք` մեզ բոլորիս ասել ճշմարտությունը։

Թե չէ այս ամենից շատ, շատ, շատ վատ հոտ է գալիս։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։