Իրավիճակը Սիրիայում նորից լարվում է, իսկ դա նշանակում է, որ ռուս-թուրքական այդ հակամարտությունը կարող է այլ տարածաշրջաններում էլ դրսևորում ստանալ․ Քաղաքագետ

Սիրիայում Թուրքիայի ու Ռուսաստանի ջրերը նորից սկսել են տարբեր առուներով հոսել։ Նախօրեին Մեվլյութ Չավուշօղլուն մեղադրել է Մոսկվային ու Միացյալ Նահանգներին «խոսքը չպահելու» մեջ՝ ասելով, թե Անկարայի կողմից իրականացված «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունից հետո վերջիններս պետք է Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալներին 30կմ դեպի երկրի խորքերը տեղափոխեին, սակայն դրժել են իրենց խոստումը։ Չավուշօղլուն նախընտրել է շատ բաց մեղադրել Մոսկվային ու Վաշինգտոնին՝ հավելելով, որ հիմա թուրքական զինված ուժերն են «ստիպված» լինելու Սիրիայի հյուսիսում գործողություններ իրականացնել քրդերի դեմ։

Իսկ այսօր ամբողջ օրը ռուսական ավիացիան Իդլիբի հատվածում թուրքամետ ահաբեկիչների է ոչնչացրել։ Իրավիճակը Սիրիայում նորից լարվում է, իսկ դա նշանակում է, որ ռուս-թուրքական այդ հակամարտությունը կարող է այլ տարածաշրջաններում էլ դրսևորում ստանա։ Օրինակ, Արցախում։

Իհարկե, չեմ ուզում խուճապ տարածել, բայց կարծում եմ շատ օգտակար կլինի, եթե ՊԲ-ն ու ռուսական խաղաղապահ ուժերը մոտ օրերին ուշադիր լինեն ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժին Արցախում։ Հատկապես այն շրջաններում, որտեղ մեր Բանակի դիրքերը դեռևս այդքան էլ հուսալի չեն։ Այս հարցում մեր տառապանքը փորձ ունի։ Առաջին անգամը չէ, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերը կարող են արձագանք գտնել Արցախում։ Ցավոք, նման դեպքեր էլի են եղել։

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից։