Խոշոր հարկատու «Աժդանակ» ՍՊԸ-ն դադարեցրել է աշխատանքը․1500 մարդ կմնա առանց կայուն եկամտի

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում գործող «Աժդանակ» ընկերությունը հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Համաձայն ընկերության հայտարարության՝ պատճառը իրավապահների գործողություններն են։ Ընկերության հայտարարությունը՝ ստորև․

«Շուրջ երկու տարի շարունակվող, բազմաթիվ ստուգումները ամենատարբեր ճնշումներով, այսօր հանգեցրեցին «Աժդանակ» ՍՊ ընկերության գործունեության դադարեցմանը և այսօրվանից ընկերությունից սնվող 1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի։

Առավոտյան Կապանի ոստիկանության բաժնի աշխատակիցները ժամանեցին ընկերություն և ներկայացրեցին քննիչի պահանջ, որով ընկերության ամբողջ շահագործվող տեխնիկական միջոցները պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության։

Խնդիրը զարգացել է մոտ երկու ամիս առաջ, երբ ընկերության երկու բեռնատար ավտոմեքենաներ անօրինական կերպով տեղափոխվեցին Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության և արդեն երկու ամիս է այդ ամենի արդյունքում ընկերությանը հասցվել է էական նշանակության ամենատարբեր վնասներ։

Այսքանից հետո, Կապանի ոստիկանության աշխատակիցները, ՔԿ Կապանի բաժնի քննիչի որոշումով` այսօր առավոտյան ժամանել են ընկերություն և պահանջել, որպեսզի ընկերության ողջ շահագործվող տեխնիկական միջոցները նույնպես պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք` փորձաքննության, ինչը անօրինական է, անտրամաբանական և անընդունելի ։

Այս ամենի արդյունքում ընկերությունը ստիպված է դադարեցնել իր գործունեությունը։

Եթե այս անօրինական գործողություններին վերջ չդրվի, ապա ընկերության ողջ աշխատակազմը` միահամուռ և կազմ ու պատրաստ վաղվանից դիմելու է բողոքի և անհնազանդության ամենատարբեր միջոցների` ընդհուպ ճանապարհների շրջափակմամբ»։