Զախարովան հայտարարել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության անհնարինության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բրյուսելից ռուս դիվանագետների վտարումից հետո Կրեմլի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունն անհնար է: Այս մասին վերջինս խոսել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա մեղադրել է Հյուսիսատլանտյան դաշինքին իր գործողություններով ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը հուղարկավորելու մեջ․ «Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անձամբ արել են հնարավորը։ Նրանք ուղղակի մեր հարաբերությունները հասցրեցին մի վիճակի, որում նույնիսկ Սառը պատերազմի ամենածանր ժամանակներում չէին»,- ասել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ ԱԳՆ-ն լուրջ չի վերաբերվում գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի այն հայտարարություններին, թե Բրյուսելի և Մոսկվայի միջև կապի ուղիների վերականգնումը հնարավոր է․ «Նման պայմաններում դաշինքի հետ աշխատելը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների վրա և՛ անհնար է, և՛ անիմաստ»,- եզրափակել է դիվանագետը։