Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի AY.4.2 նոր մուտացիա

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի դելտա շտամի AY.4.2 նոր տարատեսակի եզակի դեպքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ԿԳՀԻ) մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:

«Առանձին շրջանակներում նոր գենային տարատեսակն անվանում են դելտա պլյուս, բայց հենց այդ անվանումն ավելի վաղ պատկանել է այլ տարբերակի, ուստի այժմ տեղի է ունենում որոշակի խառնաշփոթություն»,-նա ասել է լրագրողներին: Գիտնականը ճշտել է, որ AY.4.2-ը «դելտայի» բազմաթիվ ճյուղավորումներից մեկն է, որը, հավանաբար, առավելություններ ունի վիրուսի նախնական և մյուս տարբերակների նկատմամբ: Թե որքանով Է մուտացիան վարակիչ, առայժմ դժվար է ասել, գիտնականները հետազոտում են այդ հարցը: Խաֆիզովը նշել է, որ Ռուսաստանում և ամբողջ աշխարհում AY.4.2-ի լայն տարածման հավանականությունը բավականին մեծ է:

«Այդ ենթաճյուղի հաճախականությունը մեծանում է, բայց փորձագետները չեն կարծում, թե հենց դա է պատասխանատու տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման ամենօրյա դեպքերի պահպանվող մեծ քանակության համար»,-հավելել է նա: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ներկայացուցիչը չի բացառում, որ դելտայի այդ տարատեսակը կարող է հրահրել հիվանդացության լրացուցիչ վերելք: Նա ընդգծել է, որ դրա դեմ պայքարին կարող Է օգնել պատվաստանյութը, հատկապես նրանց, ովքեր դեռ չեն հիվանդացել COVID-19-ով: Դրա հետ մեկտեղ Խաֆիզովը հավաստիացրել է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաև AY.4.2-ի դեմ:

«Այն այնքան էլ խիստ չի տարբերվում, որպեսզի հակամարմինների հետ կապակցման ունակությունը հիմնավորապես փոխվի: Եվ եթե դատենք այն բանով, որ մուտացիաները հենց S-սպիտակուցի մեջ են, ապա, ամենայն հավանականությամբ, այն ավելի շատ կապված է հենց վարակելիության, այլ ոչ թե հիվանդության ծանր ընթացքի հետ»,-պարզաբանել է համաճարակաբանը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: