Այս հայտարարությունները թշնամու համար ուղղակի կանաչ լույս են հետագա հարձակումների համար (տեսանյութ)

Դժվար չէ պատկերացնել, թե Ալիևը դրա համար որքան շնորհակալ է Նիկոլին և Արայիկին

Ինչպես սպասելի էր, թշնամու հարձակումները, որոնք խայթոցների բնույթ ունեն, շարունակվեցին ու դեռ շարունակվելու են:

Այսօր կեսօրից հետո նոր միայն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ են կիրառել, և ԱԹՍ-ի հարվածի հետևանքով է Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի (ՊԲ) մարտական հենակետում 6 զինծառայող վիրավորվել։ Այս մասին հոկտեմբերի 15-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Ինչպես հայտնի է, հարվածային ԱԹՍ-ն, եթե «կամիկաձե» չէ, թիրախը խոցում է հրթիռ կամ կառավարվող ռումբ արձակելով, մինչդեռ Արցախի պաշտպանության բանակը թշնամու հարձակման նույն դեպքի առնչությամբ երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, թե ադրբեջանական զինված ուժերի բացած կրակի «արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող»:

Ստացվում է, որ Արցախի ՊԲ պատասխանատուները կամ չգիտեն ինչ է հրազենը, չեն տարբերում հրթիռաբեկորային կամ ուղղակի բեկորային վնասվածքը, վիրավորումը հրազենայինից, կամ տարբերում են, բայց գործի նկատմամբ անպատասխանատու մոտեցում է, ինչպես ասում են, «բարդակ» վիճակ: Երկու դեպքում էլ վերոնշյալ ապատեղեկատվությունը բանակում ԱՀ նախագահի վարած կադրային քաղաքականության հետևանքն է:

Պաշտոնական հաղորդագրություններում ապատեղեկատվության առումով համեմատաբար վերջերս նույն վիճակն արձանագրել ենք նաև Հայաստանի ոստիկանական բռնապետության «պաշտպանության նախարարություն» կոչված մարմնում` ի հետևանք պաշտպանական ոլորտում Նիկոլի վարած կադրային քաղաքականության:

Դեռ չկա որևէ տեղեկություն, թե Ադրբեջանի ԶՈւ-ն որոշակի ի՞նչ ԱԹՍ է կիրառել, եթե այն «կամիկաձե» չի եղել, ապա տվյալ ԱԹՍ-ն հրթիռը կամ կառավարվող ռումբն Ադրբեջանի կամ Ադրբեջանի տիրապետության ներքո գտնվող տարածքի՞ց է արձակել, թե Արցախի Հանրապետության օդային տարածքից:

Վերջինի դեպքում ստացվում է, որ ԱՀ երկինքը դեռ մնում է չպաշտպանված, այսինքն` Հայաստանը դեռ ձեռք չի բերել և Արցախին փոխանցել հակաօդային պաշտպանության համապատասխան միջոցներ, դրա փոխարեն, իշխանավորներն այստեղ հսկայական գումարներ են մսխել իրենք իրենց պարգևավճարներ տալով, Հայաստանի կեղծ անկախության գունագեղ տոնակատարություն կազմակերպելով…

Չբավարարվելով վերոնշյալ օդային հարձակմամբ, թշնամին երեկ ուշ երեկոյան և կիսգիշերի կողմ կրակ է վարել Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի և Մարտունու շրջանի Նորաշեն գյուղի մոտ գտնվող իր դիրքերից:

«Սա Ադրբեջանի կողմից սադրանք է, եւ այդպիսիք էլի են լինելու, պետք է պատրաստ լինենք դրան»,- վերոնշյալ կայքի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հոկտեմբերի 14-ին հրադադարի ռեժիմի խախտմանը, ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Իհարկե, թշնամու հարձակումները շարունակվելու են: Իսկ ինչո՞ւ չպետք է չշարունակվեն, երբ կատարվածին Արցախի ղեկավարության և ՊԲ-ի ձեռնարկած միջոցները սահմանափակվել ու սահմանափակվում են միայն, ինչպես ԱՀ նախագահի մամուլի քարտուղարն է հայտնել, դեպքի առնչությամբ հետաքննություն նշանակելով, և, ինչպես Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում է նշված, միջադեպի մասին Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանն անհապաղ տեղեկացնելով: Հետո՞ ինչ…

Թշնամու նախկին հարձակումներից, ՊԲ զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր, վիրավորներ ունենալուց, Ադրբեջանի ԶՈւ կողմից ԱԹՍ-ի կիրառման նախորդած դեպքից հետո էլ են տեղեկացրել Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ի՞նչ է փոխվել դրանից հետո, թշնամին դադարեցրե՞լ է հարձակումները…

Այո, թշնամու հարձակումները շարունակվել ու շարունակվելու են, որովհետև Արցախի ՊԲ-ն, ինչպես նախկինում, այս անգամ էլ իր տարածած հաղորդագրությամբ հայտարարեց. «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»:

Ի՞նչ է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (իհարկե, եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ունի) չի՞ գիտակցում, որ Ադրբեջանը և անձամբ Ալիևը թքել են իրենց այս ու նմանաբնույթ նախորդ բոլոր մյուս կոչերի վրա: Հասկանալի է, որ ՊԲ-ն ինքնուրույն որոշում կայացնելով չէ, որ հակազդեցության համապատասխան միջոցներ չի ձեռնարկել ու հավատարիմ է մնում հրադադարի ռեժիմի պահպանմանը, քանի որ բանակի հրամկազմն այս առումով կատարում է ԱՀ նախագահի պահանջը, նա էլ, ամենայն հավանականությամբ, կապիտուլյանտ հողատուի:

Հրադադարի ռեժիմի պահպանմանը հավատարիմ մնալը շարունակելու վերաբերյալ վերոնշյալ հայտարարության հետևանքն իրեն երկար սպասեցնել չտվեց. այսօր առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ: Արցախի ՊԲ-ն դարձյալ չի կիրառել հակազդեցության որևէ միջոց, այլ ընդամենը, ինչպես ՊԲ-ից են հայտնել, «Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»։

Մեկ էլ, չմոռանանք, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ինչպես երեկ, դարձյալ հայտարարել է, որ «շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»: Այս հայտարարությունները թշնամու համար ուղղակի կանաչ լույս են հետագա հարձակումների համար, ու դժվար չէ պատկերացնել, թե Ալիևը դրա համար որքան շնորհակալ է Նիկոլին և Արայիկին:

Թշնամու հարձակումը շարունակվեց` միայն թե այս դեպքում ոչ թե Արցախում, այլ Հայաստանում, ինչը վկայում է, որ Ադրբեջանը բավական խորամանկ մարտավարություն է ընտրել:

Այսօր Արցախում սանիտարական մեքենայի վրա կրակելուց, այն հրազենով մի քանի տեղից խոցելուց (զուտ բախտի բերմամբ է, որ զոհ կամ վիրավոր չենք ունեցել) ընդամենը մի քանի ժամ անց, ավելի որոշակի ժամը 15։00-ի սահմաններում, ինչպես «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածն է տեղեկացրել, «ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես` Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը»։

Արցախի ՊԲ-ն այսօր իր ֆեյսբուքյան էջում կադրեր հրապարակեց ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից: Պարզ երևում է, թե թշնամու զինվորներն ինչպես են դիրքից դուրս եկած, միանգամայն ապահով վիճակում ինքնաձիգներից տևական ժամանակ կրակում ՊԲ դիրքերի ուղղությամբ: Այսպես կարող է լինել միայն այն դեպքում, երբ թշնամու ռազմաքաղաքական ղեկավարությունը ԱՀ նախագահից կամ Նիկոլից իրական ու հստակ երաշխիքներ ունի, որ հայ զինվորները պատասխան կրակ չեն արձակի: Պետական դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում…

Ի դեպ, Արցախի ՊԲ պաշտոնական կայքէջում նույնիսկ քիչ առաջվա դրությամբ որևէ տեղեկատվություն չկար Ադրբեջանի ԶՈւ երեկվա և այսօրվա հարձակումների վերաբերյալ, վերջին տեղեկատվությունը հոկտեմբերի 13-ով է թվագրված: Պատկերացնում եք, թե Ադրբեջանն ինչ կաներ եթե իրեն այդպիսի հարվածներ մենք հասցրած լինեինք: Այդ մասին ոչ միայն իր ՊՆ պաշտոնական կայքէջում հրապարակած կլիներ, այլև ԱԳՆ-ի, դիվանագիտական անձնակազմի, արտերկրում ադրբեջանական լոբբիի միջոցով` աշխարհի առաջատար ԶԼՄ-ներում: Եվ իմ և, կարծում եմ, շատերի մոտ, բնականաբար, հարց է առաջանում, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ո՞ւմ շահերին է ծառայում` մե՞ր, թե թշնամու…

Տեսանյութն` այստեղ

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան