«ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված, բայց մի շարք առումներով առողջապահության դեմ գործող մարմինը, այո՛, շարունակում է կեղծել. 4

Սկիզբը` այստեղ 

«Sputnik V» պատվաստանյութը, ըստ այն արտադրողի հրահանգի , հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում:

«AstraZeneca» (ChAdOx1-S /рекомбинантная/ ) պատվաստանյութով պատվաստման վերաբերյալ հենց այն արտադրողի հրահանգի  4.6 կետի («Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ընթացքում») համաձայն, «Կան սահմանափակ տվյալներ հղիների կամ պատվաստումից հետո հղիացած կանանց մոտ COVID-19 դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառման վերաբերյալ: Պատվաստանյութի կիրառման հետ կապված ռիսկերը հաղորդելու համար տվյալները բավարար չեն: Կենդանիների վրա վերարտադրողական թունավորության ուսումնասիրություններն ավարտված չեն: Որպես կանխարգելիչ միջոց, պետք է խուսափել հղիության ընթացքում COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից»:

Նույնը կարելի է ասել նաև Հայաստանում կիրառվող մյուս երկու պատվաստանյութերի վերաբերյալ:

Ըստ «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք առումներով առողջապահության դեմ գործող մարմնի պաշտոնական տեղեկատվության, «Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար», «ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը»:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը կամ ԱՆ կոչված մարմնի համապատասխան պաշտոնյաներն ուղղակի չէին կարող տեղյակ չլինել հենց պատվաստանյութերն արտադրողների վերոնշյալ հակացուցումներին, հրահանգներին: Հետևաբար, դրանց տեղյակ լինելով հանդերձ, կրծքով կերակրողներին վերոնշյալ մոլորեցնող ցուցումը տալը, ավելին` նախարարի պաշտոնը զբաղեցնողի 20․08.2021 թ.-ի թիվ 65-Ն հրամանով  նրանցից COVID-19-ի դեմ պատվաստված չլինելու պարագայում ՊՇՌ հետազոտության հավաստագիր պահանջելը, դրանով տվյալ անձանց, ըստ էության, հարկադրելը, որ պատվաստվեն, նշանակում է չարամիտ վնասարարություն, կենսաահաբեկչություն կամ առնվազն` կրծքով կերակրողներին, առանց իրենց ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության, բժշկական կամ գիտական փորձերի ենթարկել (ՀՀ քրեական օրենսգրքի 127-րդ հոդված), այդպիսի փորձերի օբյեկտի վերածել: Եվ սրա համար Ավանեսյանը և ԱՆ կոչված մարմինը պատասխան են տալու: Սա շատ հստա՛կ է ասված:

Թեև բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ կարևորը, առաջնայինը հենց պատվաստանյութերն արտադրողների հրահանգներն են, և ոչ թե` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ինչ-որ խորհուրդ, պարզաբանում կամ առաջարկ, որին քաղաքացիների, պետությունների առողջապահական մարմինների հետևելու դեպքում հետևանքների համար ԱՀԿ-ն` գլոբալիստական ու, մեղմ ասած, խիստ կասկածելի այդ կազմակերպությունը, հետագայում պատասխան չի տալու, այնուհանդերձ, պապից ավելի կաթոլիկ երևալու ձգտում ունեցող ԱՆ կոչվածը նույնիսկ ԱՀԿ-ի առաջարկությունը համատեքստից կտրված և աղավաղված է ներկայացրել:

Հենց վերոնշյալը նկատի ունենալով, ներկայացնենք COVID-19-ի դեմ նույն «AstraZeneca»-ով պատվաստման վերաբերյալ հենց ԱՀԿ-ի պարզաբանող բացատրագրի  այն մասը, որը «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածը թաքցրել ու թաքցնում է.

«Կրծքով կերակրող կանանց համար ChAdOx1-S / nCoV-19 [ռեկոմբինանտ] պատվաստանյութի անվտանգության կամ նրանց կրծքի երեխաների վրա ազդեցության վերաբերյալ տվյալները բացակայում են» (ընդգծումը` մերը):

Նույն բացատրագրում «AstraZeneca»-ի առնչությամբ նշված է նաև. «…քիչ հավանական է, որ այն վտանգ ներկայացնի կրծքի երեխայի համար»: Այսինքն, ըստ ԱՀԿ-ի գնահատաման, թեկուզ քիչ, բայց, այնուամենայնիվ, հավանական է նաև, որ վտանգ ներկայացնի: Թեև կլինիկական փորձարկումները շարունակվում են, վերոնշյալ տվյալները բացակայում են, բայց ԱՀԿ-ն հանցավոր մոտեցում ցուցաբերելով մարդկանց առողջության նկատմամբ, ենթադրել է, թե «…քիչ հավանական է, որ այն վտանգ ներկայացնի կրծքի երեխայի համար»: Բա որ, այնուամենայնիվ, վտանգ ներկայացնի (չէ՞ որ ԱՀԿ-ն դա չի բացառել), հետագայում պարզվի, որ մոր պատվաստումը վնաս կամ լուրջ վնաս է պատճառել կրծքով կերակրվող (կերակրված) նրա երեխայի առողջությանը, ո՞վ է պատասխան տալու այդ հետևանքների համար:

Ավանեսյանի կողմից իրականության վտանգավոր աղավաղումներն ու կեղծումը նաև այլ կերպ են արտահայտվում, ինչպես իրավացիորեն նշել է  «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը, Ա. Ավանեսյանի վտանգավոր հայտարարությունները, շահարկումները շարունակվում են: Հոկտեմբերի 11-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը մասնակցել է «Ազատություն»  ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Հիշյալ նախաձեռնությունն անդրադարձել է ասուլիսում Ավանեսյանի արտահայտած մտքերից ընդամենը մի քանիսին.

«Ա․Ավանեսյանը պնդում է, որ հիվանդանալ առողջանալը դեռ բավարար չէ, որ մենք պաշտպանված լինենք և ասենք, որ պատվաստման կարիք չկա, դա (պատվաստվելը.- Ա.Հ.) օգնում է իմունիտետի ձևավորմանը, իսկ համապատասխան ԱՀԿ-ի ցուցումների ախտանիշները վերանալուց 14 օր հետո կարելի է պատվաստվել:

Մենք բերել ենք բազմաթիվ հրապարակումներ (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/384655773368886 ), որտեղ ցույց է տրվել, որ հիվանդանալու արդյունքում ձևավորվում է կայուն, արդյունավետ իմունիտետ, որն առնվազն 1 տարի գերազանցապես պաշտպանում է կրկնավարակումներից, որոնց հաստատված դեպքերը կարող են լինել 0,001-ից մինչև 0,067% դեպքերում։

Մյուս կողմից, Առողջապահության նախարարությունը հղիների պատվաստման հարցով սեփական բացթողումները քողարկելու համար հղումներ է կատարում ՌԴ մեթոդական ցուցումներին։ Սակայն, այս դեպքում ԱՆ-ն միտումնավոր շրջանցում է այն հանգամանքը, որ ՌԴ նույն մեթոդական ցուցումներով քովիդով հիվանդացած մարդկանց ցուցված է պատվաստել 6 ամիս հետո, իսկ բնակչության շրջանում 60% կոլեկտիվ իմունիտետին հասնելու դեպքում՝ 12 ամիս հետո։ Նման մոտեցում են որդեգրել նաև այլ երկրներ։ Ա. Ավանեսյանը հայտարարում է, որ մեր դեպքում ընդամենը 3 ամիս չի պարտադրվի պատվաստումը հիվանդացած մարդկանց՝ այն էլ ՊՇՌ հնարավոր կեղծ դրական պատասխանների պատրվակով։ Այսինքն, ԱՆ-ն կուրորեն հետևողական կերպով չի ուզում նկատել հիվանդության հետևանքով ձևավորված արդյունավետ պաշտպանվածությունը և առնվազն 1 տարվա ընթացքում պատվաստման անհրաժեշտության բացակայությունը։ Ի դեպ, հետազոտությունները շարունակվում են և հիվանդացածների շրջանում կայուն իմունիտետի վերին սահմանը դեռ չի նշվում։ Այն կարող է շատ ավելի երկարատև լինել։

Ա․Ավանեսյանը քովիդի հետագա կրկնակի պատվաստումները համեմատում է գրիպի կամ կարմրուկի պատվաստումների հետ, որը կոռեկտ չէ, քանի որ վերջիններս կատարվում են բացառապես կամավոր սկզբունքով։

Ա․Ավանեսյանն ակնարկում է, որ, որոշ երկրների օրինակով, ՀՀ-ում նույնպես հետագայում կարող են պատվաստվել երեխաները։ Սա ոչ միայն բացարձակ անիմաստ գործողություն է, երբ երեխաները գերակշիռ մեծամասնությամբ ոտքի վրա են տանում այս հիվանդությունը և բնական ճանապարհով ձևավորում իմունիտետ, այլև պարունակում է պոտենցիալ վտանգներ և ռիսկեր, քանի որ հայտնի չեն պատվաստանյութերի հեռակա ազդեցությունները, իսկ մոտակա ազդեցություններից արդեն իսկ կան սրտամկանի բորբոքման գրանցված դեպքեր նրանց շրջանում»։

 

Արթուր Հովհաննիսյան