Իսկ ի՞նչ թողեց նա․ կապիտուլյացիա
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։
Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։
«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։
Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև նախապայմաններ դնել, զգացմունքային և թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը և հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:
Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:
Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ և հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։
Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման և միասնականության կոչ արեց և իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։
Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, և մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով :
Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:
Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ
- Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի և Արցախի գործող ղեկավարության վրա։
- Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020 թ.:
Հ.Գ.
Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։
Հետագայում տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ Վ. Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։
Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնել այդ առաջարկին, որի հետևանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին, և հազարավոր զոհեր:
Ավելին. ինչպես արդեն գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ի պատասխան Փաշինյանի գնահատականների, նրան ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։
Ավելի լավ է դուք մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո։
Հ.Հ.Գ.
Իսկ ի՞նչ թողեց նա: Կապիտուլյացիա։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից