Քոչարյանն Օնիկ Գասպարյանին և այլ գեներալների հրավիրեց խոսելու, շատերը թերհավատ են, որ նրանք կխոսեն, բայց… 2

Սկիզբը` այստեղ 

Քառասունչորսօրյա պատերազմի մութ իրողությունների և անհայտ մանրամասների վերաբերյալ երևի լռության ուխտ տված գեներալների, բարձրաստիճան զինվորական հրամանատարների փոխարեն, պատերազմի ընթացքում Արցախում և Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ վերջերս իր ֆեյսբուքյան գրառմամբ ուշագրավ մանրամասներ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ կոչվածի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը:

Սեպտեմբերի 29-ին` պատերազմի սկսվելուց ընդամենը երկու օր հետո հրավիրված ՀՅԴ Գերագույն մարմնի հերթական նիստի ժամանակ դաշնակցականներն արդեն իսկ ունեցել են բազմաթիվ մտահոգություններ, որոշվել է դրանք արձանագրել և նամակով փոխանցել Նիկոլ Փաշինյանին, բայց վերջում որոշվել է անձամբ հանդիպել, որպեսզի լսեն նաև այդ հարցերի մասին իր պատկերացումները։

Հոկտեմբերի 1-ին Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը և Արմեն Ռուստամյանը հանդիպել են Նիկոլին։ Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ, ըստ Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառման, իրենք ներկայացրել են մի շարք հարցեր, մասնավորապես`

«1. Ասացինք` սխալ էր ապահով շրջանների տարհանումը, այս պահին Ստեփանակերտում նույնիսկ հացթուխ չկա և առհասարակ թիկունքի աշխատանքները շատ վատ է կազմակերպված։

  1. ՄՈԲ-ի աշխատանքները կազմակերպված չեն, բարձիթողի իրավիճակ է։ Բերեցինք կոնկրետ օրինակներ։
  2. Նշեցինք՝ սա լինել-չլինելու պատերազմ է, պետք է մի կողմ դնել հին-նոր, նախկին-ներկա հարցերը, համախմբել բոլոր ուժերը։
  3. Կարևորեցինք ՌԴ-ի հետ ճիշտ բանակցությունները, արդյունավետ աշխատանքը, ներկայացրինք այս ուղղությամբ մի քանի առաջարկներ:

Լսեց բարձրացրած հարցերը, գրեց իր մոտ, որոշ հարցերի պատասխանեց, նաև մեր առաջարկով նկարագրեց սահմանային իրավիճակը, վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով աշխատում են, շնորհակալություն հայտնեց կամավորական շարժման աշխատանքների, ինչպես նաև դրսում ՀՅԴ Հայ դատի մարմինների կատարած աշխատանքի համար։

Այդ օրը նաև ՆՓ-ին հստակ ասացինք, որ մեր կարծիքով պատերազմը երկար է տևելու, պետք է ռեսուրսները ճիշտ գնահատել և չսխալվել»։

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ պատերազմը դեռ նոր է սկսվել, իսկ Նիկոլին այցելած անձինք էլ ոչ թե շարքային ինչ-որ քաղաքացիներ են, այլ ՀՅԴ ղեկավար անձինք, քաղաքական հայտնի գործիչներ: Թերևս սրանով է բացատրվում այն, որ Նիկոլը նրանց ընդունել, լսել է, իրեն բնորոշ խորամանկությամբ չի առարկել, չի մերժել, այլ ձևականորեն վստահեցրել է, թե բոլոր ուղղություններով էլ աշխատում են, չէ՞ որ նրա համար կարևորը ոչ թե այդ պահին ասված բառերը, խոսքերն էին, այլ այն, թե ինքն այդ խոսքերն արդյոք վերածելո՞ւ էր գործի… Սա պատերազմի ընթացքում Նիկոլի հետ ՀՅԴ ներկայացուցիչների 5 հանդիպումներից առաջինն է եղել։

Հոկտեմբերի 3-ի առավոտյան Իշխան Սաղաթելյանը Ստեփանակերտը տեսել է լքված, նույնիսկ բաց խանութ կամ հացի կրպակ չի եղել։ Համեմատելով 2016 թ. ապրիլի 3-ին Արցախի մայրաքաղաքում առկա իրավիճակի հետ, Սաղաթելյանը գրել է. «Հիմա պատկերը այլ էր. ակնհայտ անկազմակերպվածություն, շփոթ, դատարկություն։ Իմ և շատերի համար մինչ օրս անբացատրելի է հենց առաջին օրը կազմակերպված ձևով քաղաքի և շատ գյուղերի տարհանումը»։ Այդ օրը նա ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հետ միասին Ստեփանակերտում, Վիտալի Բալասանյանի գրասենյակում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Նախագահը բավականին ծանոթ էր իրավիճակին, ասաց՝ թշնամին ամեն ինչ անելու է, որ ճեղք բացի պաշտպանական գծում, արդեն հարավում տարածքային կորուստներ ունենք, բայց զգալի չէր, ասաց հյուսիսում դա չեն կարող անել՝ պայմանավորված լեռնային աշխարհագրությամբ, դրա համար կենտրոնանալու են հարավի վրա,- գրել է Իշխան Սաղաթելյանը:- Նկարագրեց վիճակից դուրս գալու իր պատկերացումները։

Առանձնացրինք հիմնական պրոբլեմները.

-անկազմակերպվածություն, այդ թվում՝ նաև ՄՈԲ-ի շրջանում,

-փորձառու սպայական կազմի չեզոքացում,

-Արցախի նախագահի ոչ ադեկվատ վարքագիծ։

-ՀՀ իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք քայլեր և գործողություններ»։

Ուշադրություն դարձրեք, թե քանի հիմնախնդիր է առանձնացվել, խոսքը ոչ մեկի, ոչ էլ նույնիսկ երկուսի մասին է, որպեսզի չմտածենք պետական դավաճանության մասին: Եվ պատկերացրեք, որ այդպիսի խնդիրներ լինեին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, այսինքն` կռվողների շարքերում լիներ անկազմակերպվածություն, փորձառու սպայական կազմը նախապես և ընթացքում չեզոքացվեր, պատերազմի մեջ գտնվող այս կամ այն քաղաքի ղեկավարը պատերազմին ոչ համապատասխան վարքագիծ դրսևորեր, նրանից ավելի բարձր դիրք գրավող ղեկավարները իրավիճակին ոչ համարժեք քայլեր և գործողություններ կատարեին…

Այս ամենի հետևանքների առումով պարզ է, թե ինչ կլիներ` թշնամու առաջխաղացում, հաջողություններ, նոր բնակավայրերի, տարածքների գրավում: Բայց հետևանքը միայն վերոնշյալը չէր լինի, այդ ամենի մեղավորները Կրեմլից, Մոսկվայից կպատժվեին պատերազմի ժամանակվա խստագույն օրենքներով, և պատիժը կլիներ` գնդակահարություն: Բայց մեր Կրեմլը պատերազմի ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքն էր, Արցախում` նախագահականը, ՀՀ ղեկավարը Նիկոլն էր, Արցախում` նրա կամակատար Արայիկ Հարությունյանը: Հենց իրե՛նք էին վերը ներկայացվածի պատասխանատուները, հեղինակները, մեղավորները, իրենք իրենց հո չէի՞ն պատժի… Իսկ ուրիշ պատժող, ցավոք, չկար:

Շարունակելով ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցի, քննարկման մանրամասները, Սաղաթելյանը գրել է.

«Բայց պայմանավորվեցիք շահարկումներից խուսափելու համար այդ հարցերի մասին հրապարակային չխոսել, այլ ասել իրենց անձամբ՝ ով ում կարող է. մեր նպատակը իրենց քննադատելը չէր, այլ այդ հարցերին լուծում տալը. երկիր պատերազմի մեջ էր։

Բոլոր զրույցների հիմնական թեման էր նաև դաշնակից պետությունների հետ այդ պահին ճիշտ աշխատելը:

Ես առաջարկեցի, որ Արցախի նախկին 3 նախագահները և Սերժ Սարգսյանը հանդիպեն Արայիկ Հարությունյանի հետ և խոսեն այն բոլոր հարցերից, որ գոյություն ունեն, սկսած թիկունքի անկազմակերպ, քաոսային վիճակից, վերջացրած ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումից։

Ասացին, որ արդեն Սերժ Սարգսյանի առաջարկով , Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այդ ցանկության մասին Ա. Հարութունյանին փոխանցել են։ Հետո պարզվեց, որ հանդիպման առաջարկը մերժել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնեմ, որ Արայիկ Հարությունյանի կողքից Նիկոլի ներկայացուցիչները չէին հեռանում. հսկողության տակ էր, հերթափոխով` մեկ Ավինյան, մեկ Միրզոյան, Պապիկյան, Քյարամյան» (ընդգծումը` մերը)։

Պարզ չէ՞, որ Արայիկ Հարությունյանը հիշյալ ու, թերև, նաև այլ անձանց միջոցով եղել է հենց Նիկոլի հսկողության տակ, որպեսզի հանկարծ չընդունի Արցախի և Հայաստանի նախկին, ռազմական ու քաղաքական մեծ փորձառություն ունեցող ղեկավարներին, չհանդիպի նրանց հետ, չհայտնի նրանց ինչ-ինչ տեղեկություններ, չենթարկվի նրանց ազդեցությանը, չտա ինչ-ինչ խոստումներ, չլինեն Արցախի պաշտպանության անհրաժեշտությունից, պատերազմը տանուլ չտալու հրամայականից բխող ինչ-ինչ պայմանավորվածություններ: Իսկ եթե այդպես չէ, ապա Արայիկ Հարությունյանն արդեն պետք է հրապարակայնորեն բացատրած լիներ, թե ինչու է մերժել վերոնշյալ հանդիպման առաջարկը: Մինչդեռ ԶԼՄ-ներում հրապարակված Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումից հետո էլ Արցախի նախագահը լռում է:

 

Արթուր Հովհաննիսյան

Շարունակելի