Քոչարյանն Օնիկ Գասպարյանին և այլ գեներալների հրավիրեց խոսելու, շատերը թերհավատ են, որ նրանք կխոսեն, բայց…

Ասել, որ գեներալ- գնդապետ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո ընդհանրապես չի խոսել, լռել է, անշուշտ, սխալ կլինի, բայց դժվար թե որևէ մեկը չհամաձայնի մեզ հետ, որ նա ու նրա երբեմնի տեղակալը` գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, հրապարակայնորեն հայտնել են 44-օրյա պատերազմի վերաբերյալ իրենց իմացածի սոսկ չնչին մասը, իսկ պատերազմի ժամանակ գործող գեներալներից մնացածներն ընդհանրապես լռել են…

«Այս մեկ տարվա ընթացքում եղել են տարբեր ակնարկներ պատերազմում պատասխանատվության և մեղավորության մասին,- հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:- Ակնհայտ է, որ, այո, փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, մեր գեներալների վրա: Ի դեպ, սա այն դեպքը չի, որ ես ոգեւորված եմ բանակի գործողություններով պատերազմի ժամանակ, բայց կրկնեմ` պատերազմում է երկիրը, բանակին մենակ են թողել այս պատերազմում: Եվ պետք է հասկանանք՝ այդ ֆունդամենտալ սխալ որոշումներն ո՞ւմ կողմից են կայացվել:

Եթե նախաձեռնողը եղել է բանակը՝ գլխավոր շտաբը, մեր գեներալիտետը, դա մի հարց է, եթե այդ որոշումները, օրինակ, ջոկատներին անցնելու, կայացվել է կառավարության կողմից, վարչապետի կողմից, դա մեկ ուրիշ հարց է: Բայց հիմա, կրկնում եմ, ես էլ եմ տեսնում, որ փորձ է արվում ստեղծել մի ֆոն, որ թալանչի, կոռումպացված գեներալների գործունեության արդյունք է այս պատերազմում պարտվելը:

Երբ որ իշխանությունը պարգևատրում է հերոսների կոչումներով և տարբեր շքանշաններով, կոչումներ էր տալիս մարդկանց հողեր հանձնելու ժամանակ, հենց այդ ընթացքում չէի՞ն մտածում դրա մասին…

Պետք է այդ գեներալները սկսեն խոսել, պետք է սկսեն պատմել ճշմարտությունը, հակառակ դեպքում, իրոք, ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»:

Իրոք, գեներալների լռության դեպքում հասարակության միամիտ հատվածի կողմից ամբողջ մեղքը կախվելու է հենց նրանցից ոմանց վզին:

Ենթադրելի է, որ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն և (կամ) ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում նույնպես նույն կերպ են վարվելու, եթե պետական դավաճանությունը կոծկելու, բայց հանրության մի մասի բողոքն ինչ-որ կերպ բավարարելու և այդպիսով նրան մոլորեցնելու նպատակով, Նիկոլի կողմից վերոնշյալ իրավապահ մարմիններին առաջադրանք տրվի պատերազմում պարտության համար քավության նոխազներ գտնել, մի քանի գեներալների նկատմամբ Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով քրեական գործեր հարուցել, մեղադրանքներ առաջադրել:

Հետևաբար վերը նշվածը նկատի ունենալով, որոշ գեներալներ, եթե խոհեմ լինեն, ՀՀ գլխավոր դատախազությունից կամ նախաքննական մարմնից պահանջելով իրենց անվտանգությունն ապահովելու համապատասխան միջոցներ կիրառել, խորհրդարանում, հեռուստատեսությամբ կամ այլ կերպ կխոսեն նախապես, կհայտնեն իրենց հայտնի իրողությունների մասին, ու ոչ միայն կհայտնեն, այլև կներկայացնեն դրանք հիմնավորող համապատասխան փաստեր, որոնց, կարծում ենք, տիրապետում են:

Ինչ վերաբերվում է 44-օրյա պատերազմում միմյանց հաջորդող պարտությունների, հողեր հանձնելու ժամանակ, թեկուզ նաև պատերազմից հետո Նիկոլի ու նրա կամակատար, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի կողմից բարձրաստիճան բազմաթիվ սպաների, զինվորական ղեկավարների (խոսքն, անշուշտ, բոլորի մասին չէ) երևի մեր կորուստների համար հերոսների կոչումներով և տարբեր շքանշաններով պարգևատրելուն, նրանց կոչումները բարձրացնելուն, ապա սա եթե չհամարենք նաև ծաղրուծանակ Արցախի, ՀՀ-ի և ողջ հայ ժողովրդի նկատմամբ, ապա առնվազն պետք է գնահատենք որպես այդ սպաներից ոմանց սիրաշահելու, նրանց բերանը փակելու քայլ:

Գեներալները դեռ լռում են, բայց այսօր խոսել, ավելի ճիշտ, Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ գրառում է կատարել խորհրդարանում «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ կոչվածի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը: Նա պատերազմի ընթացքում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների բացառիկ մանրամասներ է ներկայացրել:

 

Արթուր Հովհաննիսյան

Շարունակելի