Հակամարտությունը բացառապես ղարաբաղյան չէ և, այն ավարտված չէ․ Սերգեյ Մարկեդոնով

«Սխալ է հակամարտությունն անվանել ղարաբաղյան, այն հայ-ադրբեջանական հակամարտություն է՝ հաշվի առնելով կոնֆլիկտային կետերը՝ Շահումյանը, Խանլարը, Գետաշենը, Մարտունաշենը, այսօր էլ՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ շրջանները»,- Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովին ասաց ռուս քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ)  Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

Նա նշեց, որ հակամարտությունը բացառապես ղարաբաղյան չէ, Ղարաբաղը պարզապես գլխավոր խորհրդանիշն էր:

Ինչ վերաբերում է հակամարտության ավարտվելուն, քաղաքագետը նշեց, որ որպես փորձագետ, կարծում է, այն ավարտված չէ. «Ես այդպես եմ կարծում որպես մասնագետ, ոչ թե որովհետև ես Երևանում եմ կամ որովհետև ես հայամետ դիրքորոշում ունեմ, ինչպես որոշ մարդիկ են կարծում: Հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է»,-ասաց Մարկեդոնովը։

«Ավարտված է համարվում, եթե կա  խաղաղության պայմանագիրը, որը քիչ թե շատ երկու հասարակություններում լեգիտիմ է։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանում լեգիտիմություն չկա, որտեղ դժգոհ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից: Ադրբեջանում իրավիճակն ավելի բարդ է: Այնտեղ ասում են. «գողացված հաղթանակ», «մեզ թույլ չտվեցին գրավել Ստեփանակերտը», «ինչո՞ւ են օտարերկրյա զինվորները մեր տարածքում»: Արդյո՞ք ադրբեջանական հասարակությունն ընդունել է այդ արդյունքները: Ոչ, ոչ ամբողջությամբ, ոչ մինչև վերջ: Ուստի ես հասկանում եմ Ալիևի տրամաբանությունը, որն ասում է. «Ամեն ինչ ավարտվեց, ես մտա պատմության մեջ։ Եթե ես լինեի Իլհամ Ալիևի տեղը, ես էլ կասեի՝ ամեն ինչ ավարտված է, ես մտա պատմություն, ես դասագրքերում եմ։ Նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց ևս մեկ անգամ ասում եմ՝ չի կարելի ասել, թե հակամարտությունը դրանով ավարտվել է»,- ընդգծեց Մարկեդոնովը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, միևնույն է, խոսում են և ոչ միայն Հայաստանում. «Մինսկի խումբն էլ է ասում, որ  կարգավիճակը մինչև վերջ հստակեցված չէ: Քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, չենք կարող խոսել, որ հակամարտությունն ավարտված է։

Ես ասացի, որ հակամարտությունը միայն ղարաբաղյան չէ, հայ-ադրբեջանական է: Այն, ինչ հիմա տեսնում ենք՝ կապված սահմանագծման և սահմանազատման հարցերի հետ, ցույց է տալիս, որ հարցերը լուծված չեն»,- ասաց ռուս քաղաքագետը։