Թեհրանը Բաքվի ռազմական ավիացիային արգելել է թռչել Նախիջևան

Իրանը և քուրդ Ալիևի ռեժիմը շարունակում են տարածաշրջանում մեծացնել լարվածությունը: Ալիևին ակնհայտորեն «ինչ-որ մեկը» (արտատարածաշրջանային ուժերից…) թելադրում է, թե ինչպես «ծաղրի» և «գրգռի» Իրանին: Այսպիսով, հոկտեմբերի 4-ին Ալիևն անձամբ «ցուցադրել է» անօդաչու թռչող սարքեր (այդ թվում՝ հարվածային) Իսրայելից, մասնավորապես՝ «Harop» ԱԹՍ, գտնվելով Ջրականում՝ զորամասի համալիրի բացմանը մասնակցելու նպատակով: Իսկ հոկտեմբերի 5-ին իշխանությունները փակել են Բաքվում Ալի Աքբար Օջախ-Նեջաթի՝ Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը: Գրասենյակը գտնվում էր Հոսեյնիա մզկիթի շենքում, որտեղ հավաքվում էին շիա իրանոֆիլները: Գրասենյակը փակելու մասին որոշումը կայացվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից շենքի զննումից հետո: Փակման պատճառները հայտարարել է «կովկասի-թաթարստանի» ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը. իբր, մզկիթը դարձել է կորոնավիրուսային վարակի օջախ: Կարծում ենք, որ կովկասյան թուրքերը իրենք էլ են ծիծաղելի համարում հայտարարված պատճառը:

Ավելին, ինչպես հայտնում են Բաքվի տարբեր լրատվամիջոցներ, զուգահեռաբար սկսվել են զանգվածային ձերբակալություններ. պարզ է՝ իրանամետ կողմնորոշման կողմնակիցների շրջանում։ Ընդ որում, դրա մասին պատրաստակամորեն հայտնում են, առաջին հերթին… այո՝ Իսրայելի լրատվամիջոցները: Օրինակ, սեպտեմբերի 5-ին «Israel Hayom» թերթը գրել է, որ ՆԳՆ և Բաքվի անվտանգության ուժերի գործողությունը ներառում է ակտիվիստների ձերբակալություններ, որոնք փորձել են նպաստել Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալիի Հոսեյնի Խամենեի դիրքորոշման առաջխաղացմանը Ադրբեջանում: Միևնույն ժամանակ, իսրայելական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները (օրինակ՝ «The Jerusalem Post»-ը, «Yedioth Ahronoth»-ը և այլք) գրում են, որ ավելանում են նաև Իսրայելից Բաքու ռազմական մատակարարումները, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերը, և Բաքու է մեկնում հրեական պետության անվտանգության ծառայությունների աշխատակիցների պատվիրակությունը`«խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու Ալիևի կառավարությանը`Իրանի հետ լարվածության շարունակվող ֆոնին»: Սիոնիստները գրում են, որ «Իսրայելը հավաստիացրել է Ալիևին, որ հրեական պետությունը կաջակցի և կտրամադրի բոլոր հնարավոր օգնությունները, իրանական ցանկացած հարձակում՝ իր հյուսիսային հարևանի վրա հետ մղելու գործում»:

Իրանը առայժմ շատ «ինքնատիպ» է արձագանքել: Թեհրանը պաշտոնապես արգելել է Բաքվի ռեժիմի ռազմական ինքնաթիռներին իր տարածքով Նախիջևան թռչելը, հոկտեմբերի 5-ին հայտնել է Բաքվի «Minval.az» ինտերնետային ռեսուրսը: Այս արգելքը վերաբերում է հիմնականում ռազմական մատակարարման գործառույթներ իրականացնող օդանավերին: Իսլամական Հանրապետության կառավարությունը պաշտոնական ուղիներով ծանուցում է ուղարկել հարևան երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Բաքուն այս որոշումը դիտարկում է որպես «ստորություն և դավաճանություն» և համարում, որ այն «ընդունվել է Հայաստանի թելադրանքով»՝ նշելով, որ Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին մղում է «միանշանակ եզրակացությունների Իրանի կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշների վերաբերյալ»: Բաքուն նշում է, որ Իրանի որոշումը մեծ ազդեցություն չի ունենա Նախիջևանում տեղակայված ստորաբաժանումների մատակարարման վրա, քանի որ հիմնականում օգտագործվում են այլ երթուղիներ: Կովկասյան թաթարները կարծում են, որ Իրանը կախված է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքից, որը մասամբ անցնում է «կովկասի-թաթարստանի» տարածքով:

Մենք արդեն հայտնել ենք, որ սեպտեմբերի 5-ին Նախիջևանում մեկնարկել են կովկասյան թաթարների և Թուրքիայի հերթական (բայց` խիստ հրատապ) համատեղ զորավարժությունները, որոնք դիտորդների կողմից գնահատվում են որպես այս երկու երկրների պատասխան քայլ ընդդեմ Իրանի ԶՈՒ և ԻՀՊԿ-ի լայնածավալ զորավարժություններին հյուսիսարևմտյան շրջանում՝ «կովկասի-թաթարստանի» հարավային սահմաններին անմիջապես մոտ: Հետևաբար, Իրանի կողմից Բաքվի ռեժիմի ռազմական ինքնաթիռների Նախիջևան անցման արգելքը, անկասկած, կապված է այդ երբեմնի հայկական մարզում վերը հիշատակված խիստ արտակարգ զորավարժությունների հետ: Շարունակենք հետևել իրավիճակի զարգացմանը…

Սերգեյ Շաքարյանց