Ինչպե՞ս է զինվորի համար նախատեսված սարքավորումը հայտվել մասնավոր բժշկական կենտրոնում

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունեցավ տասնյակ հազարավոր վիրավորներ, ովրոնք ունեն բժշկական և վերականգնողական օգնության կարիք։

Սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեց հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Օրերս «VitaLonga» բժշկական կենտրոնը՝ «Իսպանիայի և Իտալիայի հայ համայնքներ»-ի կողմից նվիրատվությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ, «Գիտելիքահենք հասարակություն» ՀԿ-ի միջնորդությամբ ստացավ EME Polyter EVO (Իտալիա) բազմաֆունկցիոնալ ֆիզիոթերապևտիկ յուրահատուկ սարքավորում՝ 44 -օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին ֆիզիոթերապևտիկ, վերականգնողական թերապևտիկ ԱՆՎՃԱՐ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով»։

/https://www.facebook.com/vitalongamedicalcenter/photos/a.239211487683390/348082276796310/ /

«Կիրառվում է EME Polyter EVO (Իտալիա) բազմաֆունկցիոնալ ֆիզիոթերապևտիկ յուրահատուկ սարքավորումը, որը բարեգործական նպատակով տրամադրվել է «Վիտա Լոնգա» բ/կ-ին «Իսպանիայի և Իտալիայի հայ համայնքներ»-ի կողմից, ՀՀ կառավարության աջակցությամբ, «Գիտելիքահենք հասարակություն» ՀԿ-ի միջնորդությամբ։ /https://www.facebook.com/vitalongamedicalcenter/videos/266282891827714/

Այս հայտարարություններն ակտիվորեն տարածվում էին «Վիտա Լոնգա» բ/կ-ի, «Գիտելիքահենք հասարակություն» ՀԿ-ի և «Ֆեյսբուքի» այլ օգտատերերի կողմից։

https://www.facebook.com/vitalongamedicalcenter/videos/266282891827714

https://www.facebook.com/photo/?fbid=10227341146381251&set=a.3413171494906

https://www.facebook.com/photo/?fbid=5965452456858386&set=a.347212838682404

Ուշագրավ էր այն փաստը, որ Սփյուռքի հանգանակությամբ ձեռք բերված սարքավորումը գտնվում է մասնավոր կլինիկայում։ Որոշեցինք պարզել, թե ինչո՞ւ են Իտալիայի և Իսպանիայի հայ համայնքները որոշել հենց մասնավոր բժշկական կենտրոնին նվիրաբերել սարքավորումը, ոչ թե «Հայրենիքի պաշտպանի տանը», «Ֆիզիոթերապիայի ու կուրորտաբանության ինստիտուտին», ռազմաբժշկական հոսպիտալներին կամ Արցախի Հանրապետությանը։

«Facebook» սոցիալական ցանցում փնտրելով՝ պարզեցինք հետևյալը․ 2020 թ․ դեկտեմբերից սկսած՝ իսպանաբնակ բժիշկ Արթուր Եսայանի նախաձեռնությամբ և Իտալիայի և Իսպանիայի հայ համայնքների ակտիվ մասնակցությամբ և «Ամադեա» բարեգործական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվել է դրամահավաք՝ իտալական արտադրության EME Polyter EVO (Իտալիա) բազմաֆունկցիոնալ ֆիզիոթերապևտիկ սարքավորումը ձեռք բերելու և Հայաստան՝ «Ֆիզիոթերապիայի և կուրորտաբանության ինստիտուտ ուղարկելու համար»։ Սարքի գնման նպատակը, ինչպես ակնհայտ է դառնում դրամահավաքի կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառումներից՝ «վիրավոր զինվորների ֆիզիոթերապևտիկ վերականգնումն էր» և «կյանքի փրկումը»։

Մեր ուշադրությունը գրավեց նաև այն հանգամանքը, որ «Ամադեա» բարեգործական ասոցիացիայի անունն այլևս ոչ մի տեղ չէր արծարծվում։ Կապ հաստատեցինք ասոցիացիայի հետ՝ պարզելու համար, թե ինչու ի սկզբանե ակտիվ մասնակցություն ցուցաբերելով հայ զինվորի առողջության համար կազմակերպած հանգանակությանը, այնուհետ առնչությունը սարքի հետ դադարել է և արդյո՞ք տեղյակ են ձեռք բերված սարքավորման ճակատագրից։

Ասոցիացիայից հաստատեցին, որ ի սկզբանե ներգրավված են եղել բարեգործական հանգանակության գործընթացում, սակայն հետագայում ուսումնասիրելով EME PolyterEVO սարքավորման մանրամասները և առաջնորդվելով այն հանգամանքով, որ սարքավորման էֆեկտիվությունը դեռևս լիարժեք ապացուցված չէ և որ ի սկզբանե նախատեսված բուժհաստատության փոխարեն սարքավորումը փոխանցվում է մասնավոր բժշկական կենտրոնի՝ 2021 թ․ հուլիսին PolyterEVO վերականգնողական սարքի վերահսկման և հետևման բոլոր իրավունքները զիջում է Արթուր Եսայանին և «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս Նվարդ Քոչարյանի, ում և նվիրաբերվել էր սարքը և ով այսուհետ իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու, թե որ բժշկական հաստատության ժամանակավոր կամ անժամկետ օգտագործման հանձնի վերոնշյալ սարքը։

Պարզեցինք նաև, որ իսկապես տվյալ սարքավորումն «ամենավերջին սերնդի» և «Հայաստանում միակ այդ կարգի սարքավորումը» չէր, քանզի նմանատիպ սարքավորում գործում է նաև «Հայրենիքի պաշտպանի տանը»։ Կապ հաստատելով «Վիտա Լոնգա» բ/կ-ի հետ՝ փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս պատահեց, որ սարքավորումը, որը ձեռք էր բերվել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» համար, հանկարծ հայտնվեց իրենց մոտ։ Ցավոք, մեր գրավոր հարցումները, պարզելու համար, թե ինչ հիմունքներով է ընտրվել «Վիտա Լոնգա» բ/կ-ը, արդյո՞ք սարքավորումը ծառայում է բացառապես անվճար հիմունքներով և չի սպասարկում քաղաքացիներին՝ վճարման դիմաց, ի՞նչ ժամկետներում է սարքավորումը գտնվելու «Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում, մնացին անպատասխան։

Կապ հաստատեցինք նաև  «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ փորձելով պարզել, թե նրանք տեղյակ են ի սկզբանե ինստիտուտի համար նախատեսված սարքավորման մասին, որին ի պատասխան մեզ տեղեկացրին, որ մի շարք համայնքներից ստացել են բազմաթիվ օգնություններ, սակայն տվյալ սարքավորման մասին չեն լսել։

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում զինվորների վերականգնումն իրականացվում է «Հայրենիքի պաշտպանի տանը», «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում», ռազմաբժշկական հոսպիտալներում։ Հարցում անելով վիրավոր զինվորների շրջանում, թե արդյոք իրենք տեղյակ են «Վիտա Լոնգա» բ-կ-ում անվճար բուժում ստանալու մասին, և արդյո՞ք օգտվել են, ստացանք բացասական պատասխան։

Ստացվում է՝ բարեգործական հիմունքներով ձեռք բերված սարքավորումը, որի նպատակն է՝ վերականգնել Հայրենիքի համար անձնուրաց պայքարող զինվորի առողջությունը, այնքան էլ չի ծառայում իր նպատակին, քանզի անկախ այն հանգամանքից, որ մի շարք օգտատերեր, ինչպես նաև մասնավոր բժշկական կենտրոնը իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրել են հայտարարություններ, այնուամենայնիվ, հայ զինվորը բավականաչափ տեղեկացված չէ այդ մասին, և հայ համայնքի վերջնանպատակը ըստ էության իրականացված չէ։ Ուսումնասիրության ընթացքում մենք պարզեցինք նաև, որ բարեգործական հիմունքով ձեռք բերված սարքավորումով մատուցվում է նաև վճարովի ծառայություն, սակայն «Վիտա Լոնգա» բ/կ-ն այդպես էլ չպարզաբանեց։

Խնդիրը կրկնակի կարևորություն է ստանում, քանի որ առնչվում է զինվորին և նրա առողջությանը, ուստի LIVEnews.am-ը հետևողական կլինի և կշարունակի ուսումնասիրել և հստակեցնել, թե ինչ մեխանիզմներ են կիրառում կազմակերպիչները, որպեսզի սարքը հնարավորինս հասանելի լինի մեր կարիքավոր զինվորներին։