Առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհի բոլոր խոչընդոտները․ իրանցի պաշտոնյա

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է «Կովկասյան միջանցքի» պահպանման համար Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին: Այս մասին տեղեկացրել է Parstoday-ը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին հայտարարել է ՀՀ իշխանությունների հետ արդյունավետ հանդիպումների և Գորիսի ճանապարհով տարանցիկ փոխադրամիջոցների համար առաջացած խնդրի լուծման մասին, հավելելով. «Երկու երկրների պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլտընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց»:

Նա հավելել է. «Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացումը: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը»:

Խադեմին նշել է. «Առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում,  գործում է մեկ այլ այլընտրանքային ճանապարհ՝ Նորդուզից Երևան և Երևանից Վրաստանի սահման»: