Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա բանտարկության․ նա կբողոքարկի վճիռը

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012թ. նախընտրական քարոզչությունն ապօրինի ֆինանսավորելու մեջ եւ դատապարտել է մեկ տարվա բանտարկության, ընդ որում՝ նա այդ ժամկետն անցկացնելու է բանտից դուրս եւ էլեկտրոնային թեւնոցով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFM TV հեռուստաալիքին։

Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ, որը չէր եկել եզրափակիչ նիստին։ Դատարանը համարում է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները՝ չնայած ծախսերը գերազանցել են օրենքով սահմանված չափը։ Քարոզչության վրա ծախսվել է ավելի քան 42 մլն եվրո օրենքով թույլատրվող 22 մլն-ի փոխարեն։

Սարկոզին, սակայն կբողոքարկի պատիժը, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Թիերի Էրզոգը։

«Նախագահ Սարկոզին, ում հետ ես հենց նոր խոսեցի հեռախոսով, խնդրեց ինձ բողոքարկել դատավճիռը: Եվ ես դա անմիջապես կանեմ»,- լրագրողներին ասել է Էրզոգը` մեկնաբանելով դատարանի որոշումը: