Ջո Բայդենը ուղիղ եթերում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ստացել է կորոնավիրուսային պատվաստանյութի լրացուցիչ երրորդ դեղաչափը: Գրում է interfax.ru-ն:

«Ես պատրաստվում եմ այստեղ ստանալ իմ լրացուցիչ դեղաչափը»,- Սպիտակ տանը ասել է նա լրագրողներին:

Այնուհետև բուժաշխատողը, որի աշխատանքը ցուցադրվում էր ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերում, ներարկում է կատարել, մինչ նախագահը պատասխանում էր լրագրողների հարցերին:

Բայդենը նշել է, որ «լրացուցիչ դեղաչափերը անհրաժեշտ են, և մեզ համար կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ պատվաստվեն»:

«Խնդրում եմ, ճիշտ վարվեք: Ստացեք ձեր դեղաչափը: Սա կարող է փրկել ձեր և ձեր շրջապատի կյանքը: Դա հեշտ է և անվճար»,- ասել է նա:

Սեպտեմբերին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատեց Pfizer պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափը 65 տարեկանից բարձր մարդկանց համար, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ունեն ծանր հիվանդություններ և գտնվում են վիրուսի բարձր ազդեցության պայմաններում:

Լրացուցիչ դեղաչափը պետք է ստանալ Pfizer պատվաստանյութի երկրորդ դեղաչափից առնվազն վեց ամիս հետո: