Համակարգչով, հեռախոսով երկար ժամանակ զբաղվելը երեխաների շրջանում բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել

Համակարգչով, հեռախոսով երկար ժամանակ զբաղվելը երեխաների մոտ ֆիզիկական ու հոգեբանական բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին զգուշացնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մասնագետները։

Երեխաները ենթարկվում են էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը, կարող են ձեռք բերել նյարդային համակարգի խնդիրներ, տեսողության, սրտանոթային համակարգի խանգարումներ, ունենալ հոգնածություն, ինչպես նաև կեցվածքի փոփոխություններ` կուզ, ողնաշարի ծռումներ և այլն:

Համակարգիչն ու հեռախոսը կտրում են իրական կյանքից և ավելի են դժվարացնում երեխաների հարմարվողականությունն իրական կյանքին:

Համալսարանական մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին հաճախ տանել բակ խաղալու, զբոսանքի, աչքերը հանգստացնելու համար նայել հեռու առարկաների, համակարգչային խաղերը փոխարինել զարգացնող խաղերով, խաղալիքներով:

Մասնագետները նշում են, որ մինչև 3 տարեկան երեխաներին արգելվում է համակարգչից օգտվելը, 3-ից բարձր տարիքի երեխաներին օգտվել օրական 15-20 րոպե, իսկ ավելի բարձր տարիքի երեխաներին մինչև 40 րոպե: Հարկավոր է ուշադիր լինել համակարգչի դիմաց երեխայի նստելու դիրքին: