Աֆղանստանում թալիբները մահապատժի են ենթարկել 4 մարդու

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել Հերատ հյուսիսարեւմտյան նահանգի չորս բնակիչների, որոնք մեղադրվում էին մարդկանց առևանգելու մեջ: Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է տեղական aamaj News գործակալությունը։

Մինչդեռ Associated Press գործակալությունը, վկայակոչելով վկաներին, հայտնում է, որ թալիբները սկզբում գնդակահարել են տղամարդկանց, իսկ հետո նրանց մարմինները կախել են, որպեսզի մարդիկ տեսնեն:

Ականատեսի խոսքով ՝ թալիբները քաղաքի կենտրոնում հայտարարել են, որ չորս տղամարդկանց բռնել են մարդկանց առևանգմանը մասնակցելու համար, այնուհետև նրանց գնդակահարել են։ Ավելի ուշ Հերատում շրջանային ոստիկանության պետը հայտնել էր, որ «Թալիբանի» անդամները փրկել են առևանգված հորը և որդուն: Նա հավելել է, որ փոխհրաձգության ընթացքում թալիբներից մեկը և խաղաղ բնակիչը վիրավորվել են, իսկ 4 առևանգողներ սպանվել են:

Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են չորս տղամարդկանց կախաղան բարձրացրել։

Արմատականների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը, թեև ավելի վաղ շարժման հիմնադիրներից Մուլլա Նուրուդդին Տուրաբին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Թալիբանը» մտադիր է վերսկսել հրապարակային մահապատիժները։