Կողմնակի ազդեցությունների բազմահազար դեպքեր COVID-19-ի դեմ պատվաստումներից հետո, «Sputnik V»-ն բացառություն չէ

Գրանցվել են նաև մահվան դեպքեր

 

Խնդիրներ են ի հայտ եկել COVID-19-ի դեմ մի շարք պատվաստանյութերի ոչ միայն արտադրության, որակի, այլև անվտանգության հետ կապված: Որակի վերաբերյալ մեր հոդվածաշարից  հետո հրապարակումներից մեկում  խոստացել էինք պատվաստանյութերի վտանգավորության վերաբերյալ հանդես գալ առանձին հրապարակմամբ:

Եթե որակի առումով համեմատաբար շահեկան վիճակում է գտնվում ռուսական «Sputnik V»-ն, ապա նշված պատվաստանյութը նույնպես, ինչպես COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութեր, անվտանգության հետ կապված խնդիրներ ունի: Արգենտինայի առողջապահության նախարարությունն այս ամսվա սկզբին զեկույց է հրապարակել երկրում «Sputnik V»-ով պատվաստվածների շրջանում կողմնակի արդյունքների  (ազդեցությունների) վերաբերյալ: Արգենտինան «Sputnik V»-ն թույլատրել է օգտագործման 2020թ. դեկտեմբերից:

Տվյալները ներկայացնող միջանկյալ զեկույցը տեղեկատվություն է տրամադրում Արգենտինայում օգտագործվող բոլոր պատվաստանյութերի կողմնակի ազդեցության դեպքերի վերաբերյալ: Արգենտինայում զանգվածային պատվաստումների համար օգտագործվում է երեք պատվաստանյութ` «Sputnik V»-ն, «AstraZeneca» ընկերության «Covishield»-ը և չինական «Sinopharm» պատվաստանյութը:

Զեկույցը հիմնված է հուլիսի վերջի դրությամբ գրանցված տվյալների վրա: Այդ պահի դրությամբ Արգենտինայում առավել օգտագործված երկու պատվաստանյութերն են եղել «Sputnik V»-ն և «Covishield»-ը:

Զանգվածային պատվաստումների մեկնարկից 7 ամիս անց Արգենտինայում գրանցվել է կողմնակի ազդեցությունների 50 400 հաղորդում կամ 100 000 պատվաստվածի հաշվով` 156,8 դեպք: Հոսպիտալացում պահանջող ծանր դեպքերի մասնաբաժինը կազմել է 1.99% (1000 դեպք): Կողմնակի ազդեցությունների վերաբերյալ զեկույցների մեծ մասը ստացվել է «Sputnik V»-ի առնչությամբ`41 500 հաղորդում:

Ընդհանուր դեպքերի մեծամասնությունը (72%) գրանցվել է կանանց մոտ, իսկ վատառողջությունից բողոքողների միջին տարիքը երկու սեռերի մոտ կազմել է 42.4: «Sputnik V»-ի ներարկումից առաջացած կողմնակի ազդեցություններն ամենից հաճախ արտահայտվել են հետևյալ դրսևորումներով` գլխացավ և (կամ) մկանների կամ հոդերի ցավեր, թեթև ջերմություն և (կամ) ցավ մկանների կամ հոդերի մեջ, տեղային ռեակցիա առանց ջերմության… Մի շարք դեպքերում գրանցվել է բարձր ջերմաստիճան, տենդով տեղային ռեակցիա, աղեստամոքսային տրակտի ռեակցիաներ` ջերմությամբ կամ առանց դրա, ալերգիա:

«Sputnik V»-ի ամենահազվագյուտ կողմնակի ազդեցությունները, ըստ Արգենտինայի Առողջապահության նախարարության, եղել են տեղային ադենոպաթիաները (այտուցված ավշային հանգույցներ), անաֆիլաքսիան (ծանր ալերգիկ ռեակցիայի տեսակ` տարբեր ախտանիշներով), ինչպես նաև բերանի մեջ մետաղական համը և հիպերտերմիան:

Գրանցվել են նաև Գիյենա -Բարեի համախտանիշի (աուտոիմուն ռեակցիա, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է ծայրամասային նյարդային համակարգի վրա) 3 դեպք, տարբեր թրոմբոցիտոպենիաների (արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի նվազման) 5 դեպք և պերիկարդիտի (սրտում բորբոքային գործընթացի) մեկ դեպք, սակայն պատվաստման հետ դրանց կապը չի հաստատվել, մնացել է անորոշ:

Ռուսաստանում ևս հազարավոր դիմումներ են ստացվել «Sputnik V»-ով պատվաստումից հետո պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների, բացասական ռեակցիաների վերաբերյալ: Մասնավորապես` «Росздравнадзор»-ը ստացել է մոտ 7000 այդպիսի դիմում` կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումից հետո: Այս մասին մոտ երկու շաբաթ առաջ, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ Առողջապահության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալլա Սամոյլովան: Ընդգծենք, որ խոսքը զուտ պաշտոնական տեղեկատվության մասին է, որը, որպես կանոն, իրականության սոսկ մի մասն է արտահայտում:

Ապրիլին «Росздравнадзор»-ի ղեկավարը մեկնաբանելով «Sputnik V»-ով պատվաստումից հետո մահվան դեպքերի մասին տեղեկությունները, ասել էր, որ Ռուսաստանում յուրաքանչյուր բուժաշխատող «պարտավոր է տեղեկատվություն մուտքագրել պատվաստանյութի նկատմամբ անցանկալի ռեակցիաների բոլոր դեպքերի վերաբերյալ»:

Ինչպես արդեն նշել ենք մեր հրապարակումներից մեկում , «Pfizer» և «BioNTech» ընկերությունների ամերիկա-գերմանական կոնսորցիումի «Pfizer» պատվաստանյութը ձեռքբերելու նպատակով, ըստ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի (https://www.tert.am/am/news/2021/09/13/avanesyan/3694857 ), «տարվում են աշխատանքներ»: Ահա «Pfizer»-ով պատվաստումից հետո գրանցված թարմ դեպքերից ընդամենը մեկը :

Բուչա քաղաքում (Ուկրաինա) COVID-19-ի դեմ սեպտեմբերի 13 -ին «Pfizer»-ով պատվաստված 19-ամյա ուսանողը մահացել է պատվաստումից կարճ ժամանակ անց: Ուկրաինայի ռողջապահության նախարարությունը որպես մահվան նախնական պատճառ նշել է սիրտ- թոքային անբավարարությունը, թոքերի այտուցը և սուր կորոնար անբավարարությունը, նաև տեղեկացրել, որ պատվաստումից հետո բժշկական հսկողության 30 րոպեների ընթացքում տղան բողոքներ չի ունեցել:

Երիտասարդի մահվան մասին սեպտեմբերի 14 -ին առաջին անգամ հայտնել են Ուկրաինայի հումանիտար ինստիտուտում: Նրանք ասել են, որ տղան պատվաստվել է սեպտեմբերի 13 -ին, ժամը 14: 30 -ին, երեկոյան իրեն լավ է զգացել, ընթրել է ուսանողական հիվանդանոցում և խաղացել սեղանի խաղեր:

Հետագայում, ինստիտուտի տեղեկությունների համաձայն, ուսանողի ջերմաստիճանը բարձրացել է, ջղաձգումներ են սկսվել 20:15 –ին, իսկ 20 րոպե անց տղայի զարկերակն ու շնչառությունը անհետացել են: Ինստիտուտի բժշկական անձնակազմը նրան արհեստական ​​շնչառություն է տվել մինչ շտապօգնության ժամանումը: Բժիշկները մեկ ժամ փորձել են վերակենդանացնել ուսանողին, սակայն ապարդյուն: Հավելենք, որ վերը ներկայացվածն Ուկրաինայում «Pfizer»-ով պատվաստումից հետո գրանցված միակ մահվան դեպքը չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան