Հայրենիք՝ թուրքի հետ համագործակցության դիմա՞ց (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդման եթերում ասել է․

«Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հանդես են գալիս մի քանի նախապայմաններով, ինչը նշանակում է, որ նրանք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում են հետևյալ կերպ․ Հայաստանն ընդունում է իրենց բոլոր պահանջները, և միայն դրանից հետո իրենք կարող են քննարկել ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման հարցը»։ Սաֆրաստյանը շեշտում է․ ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի առաջարկները՝ կնշանակի հրաժարվել մեր հայկական ինքնությունից․ «Մեր ինքնության կարևոր հատվածներն են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի հայկականությունը։ Նրանց առաջարկը ոչ թե հարաբերությունների կարգավորում, այլ Հայաստանի վասալացում։ Ես հույս ունեմ, որ այս իշխանությունը չի գնա, չի ընդունի Ադրբեջանի ու Թուրքիայի նախապայմանները, քանի որ դա կնշանակի մոռանալ հայի տեսակը»։

Հիմնվելով հստակ փաստերի վրա, Ռուբեն Սաֆրաստյանը շեշետեց, թե այսօր ինչ ծրագիր է իրականացնում Թուրքիան․

«Թուրքիան Հայաստանը դիտարկում է երկու տարբերակով՝ հիմնվելով երկու փաստաթղթերի վրա։ Առաջին փաստաթուղթը 1918-ի ընդունված Բաթումի պայմանագիրն է, որով Հայաստանը դառնում է վասալ պետություն՝ Թուրքիայից շատ մեծ կախվածության մեջ գտնվող պետություն։ Երկրորդ տարբերակը նշել է Աթաթուրքը․ նա 1920 թվականի նոյեմբերի 8-ին Կարաբեքիրին ուղարկում է հույժ գաղտնի հրաման։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին թուրքական բանակը ներխուժել էր Հայաստան և հոկտեմբերի 30-ին գրավել Կարսը ու պատրաստվում էր մտնել Ալեքսանդրապոլ։ Այդ ժամանակ Կարաբեքիր փաշան, որը թուրքական օկուպանտ բանակի հրամանատարն էր, Աթաթուրքից ստանում է այդ հույժ գաղտնի հրամանը, որում գրված էր հետևյալը, բառացի մեջբերեմ․ «Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի՝ էապես և քաղաքականապես»։ Այ, սա Հայաստանի ոչնչացման երկրորդ տարբերակն էր։ 1922-23 թթ․ Մուսթաֆա Քեմալը հանդես գալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, նշել է, որ հայկական հարցն արդեն լուծված է։ Ի՞նչ է սա նշանակում․ բանն այն է, որ Աթաթուրքը հանգել էր եզրակացության, որ իր կողմից Կարաբեքիրին տրված հրամանը իրականացված էր, այլևս չկար, մեջտեղից վերացված էր ՀՀ անկախ Հանրապետությունը»։

Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց Աթաթուրքի՝ Հայաստանին առնչվող մեկ այլ միտք ևս, որը նա ասել է 1930-ականներին՝ իր մերձավորների շրջապատում, ինչն անգամ քիչ հայտնի է մասնագետներին, քանի որ չի հրապարակվել․ «Աթաթուրքը ասել է հետևյալը․ մենք պետք է սպասենք Խորհրդային Միության փլուզմանը, դա կտա մեծ շանս մեր ծրագրերը իրականացնելու համար։ Եվ Թուրքիայի տարբեր սերունդների ղեկավարները սպասեցին այդ շանսին, ստացան այն, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը ու դրանից հետո սկսեցին իրականացնել իրենց ծրագրերը տարածաշրջանի ու Հայաստանի նկատմամբ։ Սկսեցին դեռ 90-ականներից։ Էրդողանն այսօր նաև նոր պահանջ է դնում Սյունիքի, Մեղրիի նկատմամբ, նա հրահրեց Արցախյան վերջին պատերազմը՝ զենք, զինամթերք ուղարկեց, ղեկավարեց, վարձկաններ բերեց։ Այսինքն՝ Աթաթուրքի ծրագրի իրականացման նոր փուլ է սկսվել։ Ուզում են Հայաստանը մեջտեղից վերացնել որպես գործոն, ուզում են հասնել նրան, որ Հայաստանից դուրս գա ռուսական ռազմաբանզան և իրականացվեն թուրքական երկու մեծ ծրագրերը․ 1-ին՝ ՌԴ-ին դուրս թողնել Հարավային Կովկասից, այն դարձնել Թուրքիայի ազդեցության գոտի, հետո հասնել Հյուսիսային Կովկաս։ 2-րդ ծրագիրը՝ թուրքականության, պանթուրքիզմի ծրագրի իրականացումն է, և Էրդողանը այսօր դա է կատարում»։

Մանրամասները՝ տեսանյութում