ՄԱԿ-ում թշնամի երկրի ելույթը ծայրահեղ վտանգավոր է մեր երկրի համար․ Մամիջանյան

Այն մտքերը, որոնք առկա էին թշնամի երկրի ղեկավարի ելույթում, ծայրահեղ վտանգավոր են մեր երկրի համար: Այս մասին ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որում վերջինս նշել է, թե Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն, իսկ ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև։

«Գործող իշխանական խունտան ուզում է տեսնել թշնամու միայն դրական ազդակները: Երբ տարբեր մակարդակներով լինում են հայտարարություններ, որոնք պարունակում են լկտի բառապաշար մեր երկրի նկատմամբ, և ՀՀ-ից ո՛չ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի մակարդակով է արձագանք լինում, ո՛չ ԱԳՆ-ի, ո՛չ էլ ԱԺ պատգամավորների, և Ալիևին  պատասխանում ենք մենք՝ ընդդիմադիրներս, վերջնարդյունքը լինում են նմանօրինակ ելույթները ՄԱԿ-ում»,-ասաց պատգամավորը, ապա կարևորեց, թե ինչ ելույթ կունենա ՀՀ ղեկավարը ՄԱԿ-ում։

«Եթե այսօր ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը կունենա նույն պարտվողական, կեղծ խաղաղասիրական մոտեցումը, չի ունենա ազգային արժանապատվության հստակ առանցք, ապա մենք կարող ենք վերջնականապես փաստել, որ այս իշխանական խունտան ամեն ինչ անելու է, որ այս երկիրը կործանվի: Արդեն արել է»,-ասաց նա:

Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանն ու իր թիմը որևէ կերպ չեն փորձում առաջ տանել ազգային շահը: Ընդդիմադիր խմբակցության քարտուղարն ընդգծեց՝ «Պատիվ ունեմ»-ը կանի ամեն ինչ, որպեսզի հայկական կողմի անունից բանակցող անձինք պարբերաբար ստիպված լինեն հաշվետվություն ներկայացնել խորհրդարանին:

Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանն իրար ինչ դրական ազդակներ են փոխանցում, այդ ազդակները ինչպե՞ս կարող են հայրենանպաստ լինել, Մամիջանյանն ասաց՝ չեն կարող:

«Թուրքիայի տարբեր մակարդակի պաշտոնյաների շուրթերով թուրքական կողմն ասում էր, որ Արցախի խնդիրը լուծված է, ՀՀ-ը պետք է դրա հետ համակերպվի, և նմանօրինակ ցնդաբանություններ: Եթե նրանք երկուստեք դրական ազդակներ են տեսնում, ապա մենք իրավունք ունենք կասկածելու, որ հայկական կողմից ներկայացվող Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ նախապայմաններից կամ հայտարարություններից որոշներին: Ես ուզում եմ տեղեկացնել թուրքական բոլոր շրջանակներին, որ Նիկոլ Փաշինյանն այս պարագայում բացարձակապես չի արտահայտում ՀՀ քաղաքացիների մեծամասնության կարծիքը»,-ասաց նա:

Ըստ Մամիջանյանի՝ բոլոր գործիքները պետք է օգտագործվեն այս իշխանություններին հեռացնելու համար. ««Փողոցային պայքար» գործիքը որևէ վայրկյան չի էլ հեռացել մեր գործիքակազմից, ուստի մենք փողոցային պայքարի վերադառնալու խնդիր չունենք, մենք այն չենք դադարեցրել»,-ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում