Գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ․  «Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ:

Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին:

Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ ժամանակով: Բայց Բյուրականի աստղադիտարանի պարագայում բոլորովին այլ պատկեր է: Գուցե տեխնիկական և տեխնոլոգիական առումով այն դեռևս հեռու է ժամանակակից կոչվելուց: Սակայն այնտեղ կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են:

Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»,- նշված է ուղերձում։