Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների ձերբակալման հետ գրեթե միաժամանակ Ադրբեջանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դարձավ առանցքային այդ երկրի մեդիա տիրույթներում

Գորիս-Ղափան ճանապարհին իրանցի վարորդների ձերբակալման հետ գրեթե միաժամանակ Ադրբեջանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դարձավ առանցքային ու թիվ 1 թեմա այդ երկրի սոցցանցային ու մեդիա տիրույթներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Մինչ այդ չափավոր դիրքորոշում ունեցող Ադրբեջանի թալիշների հանրային խորհուրդը հրապարակեց Ադրբեջանում բնակվող թալիշների իրավունքների ոտնահարման մասին մի զեկույց՝ կոշտ ու խիստ որակումներով, որն արագ հայտնվեց Meydan TV-ի կայքում և հաջորդ օրերի ընթացքում և մինչ այս պահը շարունակում է լինել ամենաակտուալ ու քննարկվող թեման այդ երկրում։

Թեմայի շուրջ կարծիք են հայտնել մինչ այդ խնդրի հանդեպ անտարբեր ու լուռ հայտնի ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, ակտիվիստներ՝ քննադատելով ԱՀ իշխանություններին սեփական երկրի տեղաբնիկ ժողովուրդների, այդ թվում թալիշների իրավունքները ոտնահարելու մեջ։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություններ են անում նաև իշխանության նախկին և ներկա գործիչները, պատգամավորներ և այլք՝ համարելով, որ թալիշներն Ադրբեջանում ունեն մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ և չկա նրանց հանդեպ խտրական քաղաքականություն։

Շատ են կարծիքները հատկապես այն մասով, որ թեման օրակարգ է բերվել և դարձել թիվ 1-ը ոչ պատահականորեն և դրանում կա Իրանի ուղիղ մասնակցությունը։

Հետաքրքիր է, որ Բաքվի ազգայնականների մի թևը և անգամ լիբերալների մի մասը, հասկանալով խնդրի նրբությունը և վտանգավորությունը, համարում են, որ թալիշների խնդիրը պետք չէ դիտարկել առանձին, այլ պիտի լինի համակարգային մոտեցում և քննարկվի առկա ողջ խնդիրների ծիրում։ Այս հատվածը համարում է, որ ինչպես մյուս բոլոր, այդ թվում և թալիշական խնդրի լուծումը կարող է տրվել գործող վարչակարգի հեռացմամբ և երկրում ժողովրդավարական կարգերի հաստատմամբ, քանի որ այլ սցենարների դեպքում Ադրբեջանում կարող է թափ առնել «անջատողականության նոր՝ ավելի ուժեղ և բարձր ալիք»»,- գրել է Տոնոյանը։