Կյանքից հեռացել է Ժենյա Ավետիսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ,  դերասանուհի, ասմունքող

Ժենյա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացրել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

Թատրոնի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»։

Ծնվել է 1941 թ. հուլիսի 16-ին, Երևանում: Դերասան Յուրի Ամիրյանի կինն է: 1957թ. ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան թիվ 39 միջնկարգ դպրոցը: 1957-62 թթ․ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1964-ից աշխատում էր Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում, որոնցից են` Վ. Շեքսպիրի «Օթելլո» (Բիանքա), Գ. Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Ինկեն Պետերս), Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Սալոմե), «Խաթաբալա» (Նատալիա), «Պեպո» (Էփեմիա), «Կտակ» (Նադինկա), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Լիդոչկա), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Վարդուհի), Պ. Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Որմիզդուխտ),  և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից» (1974 թ.), «Գիքոր» (1982 թ.), «Ճերմակ անուրջներ» (1985 թ.) և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, կոչումների:

1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004 թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ Պետական առաջին կարգի մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, Գյումրու «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալով, «Անդրանիկ Զորավար» միության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով: