Գեղամասարի բնակիչները Կառավարությանը մեկ օր են տվել՝ չեղարկելու համայնքների խոշորացման որոշումը

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացման որոշումը:
Բնակիչների խոսքով՝ իրենց կարծիքը հաշվի չեն առել, դրանից բացի՝ անվտանգային խնդիր կա:
«Մենք ինչքան պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դիմաց նստենք, սպասենք՝ թուրքը երբ է գալիս: Որ իրենք Երևանում են, մտածո՞ւմ են, որ մենք ամբողջ գիշեր անքուն ենք»,-լրատվամիջոցների հետ զրույցում ասաց բողոքող քաղաքացիներից մեկը`նշելով, թե այդ խնդիրը թողած՝ համայնքների խոշորացման մասին են մտածում:
Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը նշեց, որ խոսքը 18 գյուղերի 8000 բնակչի մասին է, և իշխանությունների կողմից անտեսվում է բնակիչների կարծիքը: «Եթե ժողովուրդը պահանջ ունի, Կառավարությունը չի ուզում արձագանքել, ուզում է ուժ կիրառել, դա Կառավարության կողմից ուղիղ ճնշում է ժողովրդի վրա, այն ժողովրդի, որը սահմանին է ապրում»,-ասաց նա:
Ըստ Գեղամասարի համայնքապետի՝ իր հանդեպ կատարվողը քաղաքական ենթատեքստ ունի: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ինձ ասել է՝ ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես: Ով իրենց հետ չէ, իրենց թշնամին են համարում: Եթե Հայաստանի խնդիրը ես եմ, որ ինձ դատեն, բոլոր հարցերը կլուծվեն, ես կամավոր կգնամ-կնստեմ: Այս կերպ իշխանությունները փորձում են ինձնից վրեժ լուծել, որովհետև ԱԺ ընտրություններին սատարել եմ Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց Ավետյանը:
Նա նշեց, թե իր դեմ քրեական գործ է հարուցվել՝ հարկերը չհավաքելու համար, մինչդեռ, իր խոսքով, պատերազմի ժամանակ նա հարկերը հավաքել չէր կարող:
Բնակիչները որոշեցին այսօր բացել ավտոճանապարհը՝ պայմանով, որ եթե 1 օրվա ընթացքում Կառավարությունից պատշաճ արձագանք չստանան, կրկին կփակեն այն: