Եթե հանրային առողջության խնդիր է, ինչու՞ պետությունը չի մասնակցում կորոնավիրուսի թեստի համար վճարմանը՝ ամբողջությամբ կամ մասնակի. պատգամավորը՝ Ավանեսյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ պատվաստումային գործընթացին ու այն կարգավորմանը, համաձայն որի՝ աշխատակիցներն ամսական 2 անգամ կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն, կամ պատվաստումը հավաստող փաստաթուղթ ներկայացնեն, հակառակ պարագայում կամ կկորցնեն աշխատանքը, կամ գործատուները կտուգանվեն:

«Փաստորեն ժամանակն անցնում է, այս անգամ էլ պատվաստման գործընթացը չի հաջողվում, և կառավարությունը որոշել է խնդիրը գցել իր ուսերից և տեղափոխել գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթ»,- ասաց պատգամավորը:

Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ո՞վ պետք է վճարի թեստի համար՝ աշխատո՞ղը, թե՞ գործատուն. «Եթե հանրային առողջության խնդիր է դրված, ինչու՞ պետությունը չի մասնակցում վճարմանը՝ ամբողջությամբ կամ մասնակի: Ինչու՞ է պետությունը խրախուսելու, իրազեկելու փոխարեն կիրառում հարկադրանքի միջոցներ՝ նոր խնդիրներ և վեճեր ստեղծելով աշխատանքային հարաբերություններում»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, թե նաև կիրառված սահմանափակումներն են նպաստել, որ աշխարհի մի շարք երկրներում բնակչության 70-80 տոկոսը պատվաստվել է:

Պատգամավորն արձագանքեց՝ խոսքը 650 000 աշխատողի, տասնյակ հազարավոր գործատուների մասին է, կարող են զանգվածային ազատումներ լինել. «Դուք՝ որպես նախարար, իրավունք ունեի՞ք նման հրաման տալու, որը հակասում է աշխատանքային օրենսգրքին»,- հարցրեց նա:

Ավանեսյանը պատասխանեց, որ բոլոր միջոցառումները, որ նախատեսված են նախարարի հրամանով, ունեն իրավական հիմքեր, որոնք համաչափ են՝ ըստ էության չպատասխանելով պատգամավորին: